Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՊՀ ԽՎ-ում Ադրբեջանը կանգնած է երկընտրանքի առաջ

ԱՊՀ ԽՎ-ում Ադրբեջանը կանգնած է երկընտրանքի առաջ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարությունների ժամին  մանրամասներ ներկայացրեց ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում «ԱՊՀ պետությունների տարածքում մշակութային ժառանգության պահպանման» կոնվենցիայի մշակումն իրականացնող աշխատանքային խմբի նիստից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուրիխանյանը նախ հիշեցրեց, որ տարիներ առաջ այդ կոնվենցիայի ստեղծման նախաձեռնության  հեղինակը հենց ինքն է եղել:«Այդ կոնվենցիայի իմաստը հետևյալն է: Ինչպես հայտնի է, հայ ժողովուրդը, հայ ազգը ունի ահռելի մշակութային ժառանգություն՝ թողած, ցավոք սրտի, ոչ միայն մեր այսօրվա պետության սահմաններում, այլ նաև Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքում: Կոնվենցիայի ընդունումը չափազանց կարևոր է համարվում այն համատեքստում, որ այդ պետությունները պարտավորվում են կոնվենցիան ստորագրելուն պես ապահովել բոլոր մշակութային ժառանգություն համարվող օբյեկտների անվտանգությունը, պահպանությունը: Պետությունները պարտավորվում են գույքագրել դրանք, ստեղծել համապատասխան ռեեստր, տրամադրել տեղեկատվություն միջազգային հանրությանը և ստեղծել  անարգել առնչվելու հնարավորություն բոլոր պետությունների ներկայացուցիչների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ուրիխանյանը:

Չնայած Ադրբեջանի ներկայացուցիչների բուռն հակադարձումներին կոնվենցիայի ընդունմանը՝ այնուհետև համապատասխան մասնագիտացված հանձնաժողովն ընդունել է համապատասխան նախագիծը և ԱՊՀ անդամ պետությունների խոսնակների խորհրդի կողմից այն հաստատվելուց հետո ներկայացվելու է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ստորագրմանը: «Այստեղ մենք ունենք շատ հետաքրքիր իրավիճակ: Կամ մեր հարևան Ադրբեջանը այդ երկրի այսօրվա բռնապետ նախագահի մասնակցությամբ ստորագրելու է այդ կոնվենցիան, պարտավորվելու է այսուհետ ապահովել իր տարածքում հայկական մշակութային ժառանգության անվտանգությունն ու պահպանումը, կամ հրաժարվելու է ստորագրումից, ինչով այդ ձևաչափով մեխանիկորեն իրեն դուրս է դնելու Անկախ պետությունների համագործակցությունից»,- ասաց Ուրիխանյանը:

Ուրիխանյանը ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում աշխատանքներ տանող հայ պատգամավորներին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և Հայաստանի դիվանագիտական ղեկավարությանը կոչ արեց աջակցել իրեն խնդիրը լուծման ճանապարհով տանելու և ցանկալի հանգուցալուծում ապահովելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]