Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի տարբեր երկրների թանգարանային մասնագետներ կմասնակցեն փորձի փոխանակման դասընթաց-վարժանքին

Աշխարհի տարբեր երկրների թանգարանային մասնագետներ կմասնակցեն փորձի փոխանակման 
դասընթաց-վարժանքին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 26-28-ն անցկացվելու է «Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք: Այն անցկացնելու նպատակով Երևան են ժամանելու Մանչեսթերի պատկերասրահից, Բրիտանական թանգարանից, «Գլազգոյի թանգարաններ» ռեսուրս կենտրոնից, «Դրեզդենի արվեստի պետական հավաքածուներ» կենտրոնից փորձագետներ, ինչպես նաև Բրիտանական թանգարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրին մասնակից տարբեր երկրներից 14 մասնագետներ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Թանգարանային կրթության կենտրոնի համակարգող Հայկ Մկրտչյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է հայաստանյան թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել բրիտանական և գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարաններ  ներգրավելու, մեծահասակների կրթության և տարեց այցելուների հետ աշխատանքի լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, համատեղ կազմել և զարգացնել նոր նախագծեր:

«Հայաստանյան մի շարք թանգարանների մասնագետներ հնարավորություն ունեն մասնակցելու, հաղորդակցվելու արտասահմանյան իրենց գործընկերների հետ: Վստահ եմ, որ այս ծրագրի շրջանակում ձևավորված հաղորդակցությունը դրական արդյունք կտա թանգարանային գործին»,-ասաց Հայկ Մկրտչյանը, ով Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի մասնակիցներից է: 

Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի ղեկավար Քլեր Մասինջերը նշեց, որ երկար տարիներ Բրիտանական թանգարանն իրականացնում է  վերապատրաստման ծրագիր` ներգրավելով  թանգարանների մասնագետներ ամբողջ աշխարհից:

«Մեր նպատակն է վեր հանել տարբեր երկրներում թանգարանային ոլորտում առկա խնդիրները, հետաքրքիր ծրագրերը և փորձի փոխանակման միջոցով նպաստել թանգարանների գործունեության զարգացմանը: Մեր վերապատրաստման ծրագրերի միջոցով ստեղծում ենք թանգարանային մասնագետների յուրօրինակ ցանց»,-ասաց Քլեր Մասինջերը:

Մանչեսթերի պատկերասրահի կրթության բաժնի ղեկավար Ռոնան Բրինդլին նշեց, որ Հայաստանի հետ համագործակցությունն սկսվել է 2014 թվականին:

«Աշխատելով հայ մասնագետների հետ` հղացա այն գաղափարը, որ փորձի փոխանակման դասընթաց-վարժանք իրականացվի Հայաստանում: Այն կնպաստի թանգարանային  ոլորտի աշխատակիցների հմտությունների զարգացմանը: Կներկայացվեն թանգարաններում ընտանեկան այցելությունների, փոքր հասակի տարիքի երեխաների ներգրավման հետ կապված և այլ հարցեր»,-ասաց Ռոնան Բրինդլին:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը, ով նույնպես Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի մասնակիցներից է, նշեց, որ Հայաստանում թանգարաններ ընտանեկան այցելությունների մշակույթ չկա: Նա, Մանչեսթերի պատկերասրահում վերապատրաստվելուց հետո, այժմ այնտեղի փորձը կիրառում է Հայաստանում Ռուսական արվեստի թանգարանում` իրականացնելով կրթական ծրագրեր:

«Թանգարանային այցելություններն ավելացնելու համար պետք է աշխատանք իրականացնել տարբեր ուղղություններով:  Նախ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել հասարակության տարբեր շերտերը, աշխատանք տանել դպրոցի ուսուցիչների, տարբեր տարիքային խմբերի հետ: Պետք է նշել, որ մեծահասակների դեպքում դժվար տարվող աշխատանք է: Հայաստանում չկա ընտանիքով թանգարան այցելելու մշակույթ, ինչը կա եվրոպական շատ երկրներում, երբ շաբաթ, կիրակի օրերին ծնողները երեխաների հետ այցելում են թանգարան»,-ասաց Մարինե Մկրտչյանը:

Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ  թանգարանագիտության ամբիոնի դասախոս Դավիթ Պողոսյանը նշեց, որ նպատակ ունեն ուսումնասիրել և տեղայնացնել թանգարանային գործի միջազգային փորձը:

«Շատ է խոսվում թանգարանների այցելությունների թվի ավելացման մասին, իհարկե, դա պետք է, սակայն պետք է աշխատել այցելությունների որակի վրա: Քանակը շատ քիչ բան է ասում: Ի վերջո, որակն է, որ պետք է բերի այդ ցանկալի փոփոխությունները: Թանգարանը ձգտում է հանրության բոլոր շերտերի համար մատչելի լինել»,-հավելեց Դավիթ Պողոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am