Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միսս Միջմայրցամաք-2016 գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրել է գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը

Միսս Միջմայրցամաք-2016  գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրել է գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրի Լանկայում հոկտեմբերի 3-18ը անցկացվող Միսս Միջմայրցամաք-2016 գեղեցկության մրցույթից Լիլիթ Մարտիրոսյանը վերադարձել է բազմաթիվ մրցանակներով ու առաջարկներով:

45-րդ հոբելյանական տարում անցկացվող գեղեցկության այս մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 65 երկիր, սակայն մրցույթի խիստ պահանջների պատճառով մասնակիցներից 2-ը որակազրկվել էին, և մրցույթը շարունակել են 63 մասնակից: Ըստ ժյուրիի որոշման՝ տարվա Միսս Միջմայրցամաքի հաղթող է ճանաչվել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ՝ 19- ամյա Հեյլիմար Ռոսարիոն:

Բացի բուն մրցույթից, այդ օրերի ընթացքում անցկացվել են տարբեր մրցույթներ, որոնցից ամենակարևորը մրցույթի գլխավոր հովանավոր՝ խնամքի պարագաներ արտադրող BIONA ընկերության կողմից անցկացված մրցույթն էր. հենց առաջին օրը մրցույթի բոլոր 63 մասնակիցներից վերցված մաշկի թեստավորման արդյունքում նախ ընտրվեցին 4 մասնակից, ապա, մրցույթի պաշտոնական հովանավորն ընտրեց ամենալավ մաշկ ունեցող մասնակցին՝ «Միսս Հայաստան»-ին: Լիլիթը նաև գեղեցկության մրցույթների վերլուծությամբ զբաղվող Missosology ընկերության ֆավորիտներց էր և պարբերաբար հայտնվում էր ընկերության լուսանկարներում, իսկ արդյունքում՝ Վիեննայի, Նյու Յորքի և Շրի Լանկայի տարբեր մոդելային գործակալություններից ստացվեցին առաջարկներ, որոնց շուրջ Լիլիթը դեռ մտածում է: Առաջիկայում Լիլիթի մասին կներկայացնի Նյու Յորքի հայտնի «No. 3 magazine»-ը:

«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Լիլիթը նաև նշեց, որ «Խոհանոցային մարտահրավեր» մրցույթին ակտիվ մասնակցության և կրեատիվ մտահաղացման համար արժանացել է շնորհակալագրի:

Ի դեպ, Հայաստանի ներկայացուցիչը ոչ միայն աչքի է ընկել իր կատարյալ մաշկով ու մազերով, այլ նաև մասնակիցների մեջ ամենաբարձրահասակն է եղել՝ 1 մետր 81 սմ, հիացրել է նաև իր լեզվական գիտելիքներով՝ խոսել է անգլերեն, ռուսերեն, պարսկերեն և իսպաներեն: Լիլիթ Մարտիրոսյանը ինչպես նախորդ՝ «Միսս Երկրագունդ 2015»-ին, այնպես էլ այս անգամ մրցույթին ներկայացել էր «Համաշխարհային գեղեցկության և նորաձևության լիգան» նախագահ՝ Աշոտ Խաչատրյանի նախաձեռնությամբ: Լիլիթը Միսս Միջմայրցամաք 2016-ին ներկայացել էր Ջուլի Խանջյանի և Գայանե Մարտիրոսյանի դիզայներական զգեստներով և գյումրեցի դիզայներ Անուշիկ Սարոյանի լողազգեստներով, իսկ տարազը տրամադրել էր Տերյան մշակույթի կենտրոնը /Լիլիթ Մելիքյան/: Մրցույթի ժամանակ Լիլիթը կրել է դիզայներ Գայանե Մարտիրոսյանի պատրաստած զարդերը: Լիլիթը շնորհակալ է նրանց բոլորին: Գեղեցկուհին հատուկ շնորհակալություն է հայտնում նաև մաշկաբաններ Արթուր Չոփուրյանին և Սեդա Թադևոսյանին: «Միայն բնությունն ու գենետիկան չէ, որոնց շնորհիվ մաշկս լավագույն գնահատականին արժանացավ, այլ նաև՝ ճիշտ խնամքի»,- նշեց Լիլիթը:

Թեև Լիլիթն այդքան էլ չի ուզում անդրադառնալ մրցույթի անցկացման ու լավագույնի ընտրության հարցին, սակայն նշում է, որ շատ գեղեցկուհիներ, ցավոք, մնացին ստվերում, ովքեր, իրոք, արժանի էին ժյուրիի կողմից առավել բարձր գնահատականի:

Լիլիթը կարճ ժամանակահատվածում ոչ միայն հասցրել է շատ ընկերներ ձեռք բերել, շատերին գրավել իր գեղեցկությամբ, այլ նաև եռագույնը ծածանել Սիգիրյա լեռան վրա՝ թոփ մոդել, Միսս Միջմայրցամաք-2016 մրցույթի կազմակերպիչ Դետլիֆ Թուրսիսի հետ:

Վերջում Լիլիթը, ինչպես միշտ, այս անգամ ևս առանձնակի ոգևորությամբ ու բերկրանքով խոսեց իր ընտանիքի՝ ծնողների ու եղբոր մասին, որոնց աջակցությունը միշտ զգացել է այդ կարևոր մրցույթում:

Արմենուհի Մխոյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]