Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի զարմիկներին
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալել են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի երկու զարմիկներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գյուլենի զարմիկները մեղադրվում են գյուլենականների շարժման հետ առնչություն ունենալու մեջ, որին Թուրքիայի իշխանությունները համարում են հուլիսի 15-ի ռազմական ձախողված հեղաշրջման պատասխանատուն:
Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: Թուրքիայի իշխանությունները նրան են մեղադրում երկրում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջում ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին:
74-ամյա Ֆեթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը և Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:
Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում