Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն հորդորում է պայքարել մտավորականի ազատության համար

«Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն հորդորում է 
պայքարել մտավորականի ազատության համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ պահանջելով Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին հոկտեմբերի 25-ին մասնակցել պոլսահայ մտավորականի գործով դատական նիստին ու բողոքի ձայնը բարձրացնել նրան ազատազրկելու մասին որոշման առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.

«2013 թվականին «Կրոնական արժեքները վարկաբեկելու» մեղադրանքով բացված դատից հետո ապօրինի շինարարության պատրվակով բացված իրար հաջորդող դատական գործերի հետևանքով Սևան Նիշանյանը 2014 թվականի հունվարի 2-ից մինչ օրս բանտարկված է: Նա երկրի պաշտոնական տեսակետին ընդդիմացող, լուսավորական հայ է, և հենց այդ պատճառով է, որ ազատազրկված ապրում է շուրջ 3 տարի:

Նույն մեղադրանքով դատապարտված էր նաև դաշնակահար Ֆազըլ Սայը, ում վճիռը, սակայն, չեղարկվեց վճռաբեկ դատարանի կողմից: Իսկ Սևան Նիշանյանն իր հայկական ինքնության պատճառով մնացել է այս պատժի պատանդը, և դեռևս շարունակվում է նրա դատը: Նիշանյանը իրավական լինչի է ենթարկվում ցուցադրաբար առաջ քաշված «ապօրինի շինարարության» պատրվակով:

Եթե դա այդպես չէ, ապա հրավիրում ենք արդարադատության նախարարությանը ստանձնելու իր պատասխանատվությունը: Նիշանյանը Թուրքիայում միակ  մարդն է, ով դատապարտված է «ապօրինի շինարարության» պատճառով, ուստի կոչ ենք անում արդարադատության նախարարությանը գործի անցնել հանուն արդարության հաստատման:

Մենք՝ «Ազատություն և արդարություն Սևան Նիշանյանին» միջազգային կոմիտեն, ելնելով մարդկանց խոսքի և մտքի ազատության իրավունքից, անընդունելի ենք համարում նրա բանտարկությունը:

Մեր կոմիտեն հորդորում է Թուրքիայի բոլոր քաղաքացիներին տեր կանգնել մի մտավորականի, ով զոհ է գնում պետության դատապարտման մեխանիզմներին, մարդ, ով պաշտպանել է Թուրքիայում բազմամշակութային կյանքը և ջանքեր է գործադրել այդ գաղափարի տարածման համար՝ այդպիսով արժեքավոր ավանդույթ փոխանցելով իր երկրի քաղաքացիներին:

Մենք հորդորում են մարդու իրավունքները, մտքի և խոսքի ազատությունը պաշտպանող բոլոր անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչներին հոկտեմբերի 25-ին Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատում 70-րդ քրեական դատարանում ներկա լինել Սևան Նիշանյանի դատական գործի լսումներին»:

Նիշանյանը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ («ժողովրդի մի մասի  կրոնական արժեքները նվաստացնելու») հոդվածով` Մուհամեդ մարգարեի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար: 

Ստամբուլի, Բուրսայի և Քոնյայի դատարանները առանձին-առանձին դատական գործեր էին հարուցել Սևան Նիշանյանի դեմ 2012 թվականին իր բլոգում կատարած գրառման համար: Ստամբուլի ընդհանուր իրավասության 14-րդ դատարանը պոլսահայ լեզվաբանին դատապարտել էր 13 և կես ամսվա ազատազրկման: Նիշանյանի փաստաբանը բողոքարկել էր որոշումը, ինչից հետո դատարանը որոշում էր կայացրել միավորել տարբեր նահանգներում բացված դատական գործերը:

2014 թվականի հունվարից 11 տարի և 5 ամիս ժամկետով ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը Թուրքիայում ձերբակալվել է այն բանի համար, որ օրենքով իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել: Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էլ եկել թուրքական կառավարության բացերի հրապարակային քննադատությամբ:

Սևան Նիշանյանը Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին: Human Rights Watch կազմակերպությունը հրապարակած զեկույցներից մեկում նշել է, որ Նիշանյանը բանտարկվել է քաղաքական հայացքների պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]