Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Արցախում աշխատանքն է շարունակում Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը

Արցախում աշխատանքն է շարունակում Լրագրողների 8-րդ համահայկական 
համաժողովը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ մայրաքաղաք  Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվել են Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը:  «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի  աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմատիկ ուղղություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովները համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը նշել է, որ համաժողովին մասնակցում են 31 երկրից. 90 մասնակից սփյուռքից, 34-ը` Արցախից ու Հայաստանից:

Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա խնդիրների լուծումը  լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով խթանելուն:

Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության և Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը հույս է հայտնել, որ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը Արցախում անցկացնելը հետագայում լուրջ ակնկալիքներ է թելադրելու:

«Համահայկական համաժողովը համագործակցության լայն դաշտ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների միջև: Սփյուռքում ապրող մեր գործընկերներին հնարավորություն է տրվում ավելի մոտիկից ծանոթանալու Արցախի հիմնախնդրի հետ և ճիշտ ներկայացնելով մատուցել այդ խնդիրը: Այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջև, ենթադրում են նաև քարոզչական ճակատ, և այդ ճակատի մարտիկները պետք է լինեն նաև լրագրողները: Պարզապես, պետք է ստեղծել լրագրողական ակտիվություն, նոր ծանոթություններ ու շփումներ, որպեսզի մեդիադաշտը լինի ավելի հավաստի, հստակ, բովանդակալից ու ճշգրիտ»,- ասել է Կ. Գաբրիելյանը:

Համահայկական համաժողովի մասնակիցները նիստերից հետո այցելելու են նաև Արցախի առաջնագիծ՝ մոտիկից ծանոթանալու մեր դիրքապահների առօրյային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]