Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Արմպրոդէքսպո» ցուցահանդեսին ներկայացված 
արտադրանքին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Կարապետյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքատեսականուն, արտադրող ընկերությունների հետագա ծրագրերին: Վարչապետը հետաքրքվել է տնտեսվարողների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը, իրացման ու արտահանման կազմակերպմանը: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսական բիզնեսին պետք է նորովի վերաբերվել և այդ առումով  կարևորել ֆերմերների ու կառավարիչների վերապատրաստումը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Դիմելով հանրապետության մարզպետներին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Վերամշակում,  հողի արտադրանք. պետք է այս ամենին, բիզնեսին նորովի վերաբերվենք, այլ կերպ մենք մեր գյուղացու կյանքը չենք լավացնելու: Եթե մենք ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից ուսում չունենանք, ապրելու ենք այնպես, ինչպես ապրում ենք, ոչ մի բանով մեր կյանքը չի փոխվելու: Պետք է անպատճառ ոլորտի կառավարիչներ, մասնագետներ պատրաստենք, կարողանանք կազմակերպվել: Պետք է սկսենք կազմակերպվածությունից, այլ տարբերակ չկա: Լավ ապրելու համար պետք է կրթվել, մտածելակերպը փոխել, մեծացնել արտադրողականությունը: Ձեր հիմնական աշխատանքը դա պետք է լինի»: Վարչապետն ավելացրել է, որ մարզային այցելությունների ժամանակ կհանդիպեն ֆերմերներին և ավելի առարկայական կխոսեն բոլոր խնդիրների մասին:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ակնկալում է հաջորդ տարի տեսնել որակապես նոր էքսպո ցուցահանդես, ինչպես նաև ավելի մրցունակ արտադրանք և հաջողված ֆերմերային տնտեսություններ:

Կարեն Կարապետյանն առաջարկել է տնտեսվարողներին՝ պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ, որը կքննարկվի համապատասխան կառույցների հետ և տեղեկացրել, որ այժմ քննարկվում է մասնավոր հատվածի հետ հայկական գյուղմթերքների, վերամշակված մթերքների շուկաների որոնմամբ զբաղվող ընկերություն ստեղծելու հարցը. «Արտադրանքի համար պետք է լինեն հստակ ձևակերպված որակական ցուցանիշներ՝ ինչին պետք է բավարարեն, որպեսզի կարողանան հանգիստ գումար ներդնել և զբաղվել շուկայի որոնմամբ»:

Ցուցահանդեսին մասնակցում են հանրապետության մարզերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերք վերամշակող արտադրության գրեթե բոլոր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաև ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող շուրջ 90 կազմակերպություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]