1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Սխրանք». ռուսական եթերում կրկին հիշել են Շավարշ Կարապետյանի երևանյան սխրանքները

«Սխրանք». ռուսական եթերում կրկին հիշել են Շավարշ Կարապետյանի երևանյան 
սխրանքները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 20-ին հեռարձակեց Քսենյա Կուզնեցովայի «Սխրանք» հաղորդումը։ Մոտ մեկ ժամ տևած այդ հաղորդման մեջ հեղինակը խոսեց քառասուն տարվա վաղեմության մի պատմության մասին, որը նվիրված էր մեր հայրենակից Շավարշ Կարապետյանի համարձակությունը։ Ի՞նչ համարձակության մասին է խոսքը, երբ մարդը կյանքը մի քանի տասնյակ անգամ վտանգի է ենթարկում, սուզվում ջրի տակ և այնտեղից դուրս բերում գիտակցությունը կորցրած մարդկանց։

…1976 թվականի սեպտեմբերի 16, երեկոյան ժամը 18-ն անց 10 րոպե։ 92 ուղևոր ունեցող տրոլեյբուսը ընկնում է Երևանյան լիճը։ Այդ պահին լճափին մարզվում էր սուզալողորդ Շավարշ Կարապետյանը և նրա եղբայրը՝ Կամոն՝ նույնպես սուզալողորդ։

Շավարշ Կարապետյանը սուզալողի լեգենդներից էր։ Չնայած նա ընդամենը 23 տարեկան էր, բայց արդեն հասցրել էր 17 անգամ հաղթել աշխարհի առաջնություններում, 13 անգամ՝ Եվրոպայի, 7 անգամ Խորհրդային Միության առաջնություններում։ Շավարշը 11 անգամ սահմանել էր համաշխարհային ռեկորդ։ Վերջինը՝ 11-րդը, նա սահմանեց այն օրը, երբ ազդարարեց մարզական կարիերային հրաժեշտ տալու մասին։ Բայց մինչ այդ արժե խոսել, թե ինչո՞ւ ընդամենը 24 տարին նոր բոլորած հռչակավոր մարզիկը որոշեց հրաժեշտ տալ սպորտին։ Այդ քայլը նա ստիպված էր անել, քանզի…

… Տեսնելով ջրի տակն անցած տրոլեյբուսը, Շավարշ Կարապետյանը անմիջապես փրկարարի դեր է ստանձնում, մի քանի անգամ սուզվում է ջրի տակ և … նա մի կերպ ջարդում է տրոլեյբուսի ետևի ապակին և մթության մեջ սկսում է մարդկանց որոնել։ Նա եղբորը կարգադրում է չսուզվել, այլ կանգնել տրոլեյբուսի կտուրին և իրենից ընդունել փրկված մարդկանց։ Մոտ կես ժամ նա սուզվում է տասը մետր խորությամբ պղտոր ջրի տակ, դուրս գալիս։ Մի անգամ էլ նա մարդու փոխարեն «փրկում» է… տրոլեյբուսի աթոռը։ Անցել է քառասուն տարի և Շավարշը չի կարող իրեն ներել այդ «վրիպակի» համար։

-Չէ որ կարող էի մի մարդու կյանք ևս փրկել…

Որոշ ժամանակ անց սուզալողորդ եղբայրներին օգնության են գալիս թիավարող մարզիկները։ Նրանք Կամոյից վերցնում էին Շավարշի կողմից փրկված մարդկանց և իրենց կանոե նավակներով հասցնում ափ։ Հետո գործի են անցնում… գիտեք ովքեր։ Մարդիկ, ովքեր մտահոգված էին տրոլեյբուսը ջրից հանելու խնդրով։ Ասենք, այս գործում ևս նրանց օգնեցին Շավարշ և Կամո Կարապետյան եղբայրները։ Շավարշն այդ օրը ջրից հանեց 46 ուղևոր, որոնցից միայն 20-ի կյանքը հաջողվեց փրկել։ Մյուս ուղևորների կյանքը չհաջողվեց փրկել։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Նա 45 օր պառկեց հիվանդանոցում։ Նրա կողմից փրկված մարդկանցից և ոչ մեկը չայցելեց նրան։ Եվ դա նրանց մեղքը չէր։ Այդ մարդկանցից ոչ մեկը չգիտեր իրեն փրկողի անունը։ Ասենք, հանրությունն էլ չգիտեր… Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարիերայի ավարտի։ Բայց Շավարշը շուտ հանձնվողներից չէր։ Նա, հակառակ բժիշկների կարծիքին, համառորեն մարզվում էր, ամեն ինչ անում կրկին մեծ սպորտ վերադառնալու համար։ Եվ վերադարձավ։ Այն էլ ինչպե՜ս։ Նա համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Դա նրա 11-րդ համաշխարհային ռեկորդն էր։ Շավարշը ավելի քան մեկ տարի բացակայելուց հետո որոշում է վերադառնալ մեծ սպորտ։ Երկրի առաջնությունը տեղի էր ունենում Բաքվում։ Շավարշն ակվալանգով 400 մետր լողում պետք է հանդես գար չորրորդ մրցափուլում։ Նրանից առաջ երեք փուլի հաղթողները գերազանցում են Շավարշի համաշխարհային ռեկորդը։ Այսինքն՝ նրա մրցակիցներից երեքն արդեն իսկ գերազանցել էին Շավարշի ցուցանիշը։ Այս հանգամանքը նոր խթան էր սպորտ վերադարձող, թեկուզ վատառողջ Շավարշի համար։ Երբ նա տարածության կեսն արդեն հաղթահարել էր, եղբայրը նրան մի կերպ իմաց է տալիս, որ նա գնում է ռեկորդի։ Շավարշը լարում է վերջին ուժերը։ Եվ, երբ հատում է եզրագիծը, մրցավարները հայտարարում են, որ Շավարշ Կարապետյանը սահմանել է համաշխարհային նոր ռեկորդ։ Հատելով եզրագիծը, Շավարշը ուժասպառ է լինում և…ջրասույզ լինում։ Այդ պահին նրա Կամո եղբայրը նետվում է ջրավազանը և դուրս բերում ուժասպառ եղած եղբորը։ Դրանից Շավարշը հասկացավ, որ նա այլևս այն  Շավարշ Կարապետյանը չէ։ Եկել է մեծ սպորտին հրաժեշտ տալու ժամանակը։ Եվ նա հրաժեշտ տվեց…

Ընթերցողին պատմեմ, թե ինչպես եղավ, որ խորհրդային կարգերի օրոք Շավարշ Կարապետյանի հերոսության մասին մամուլում հրապարակում եղավ։

1982 թվականին Մոսկվայում տեղի էր ունենալու սուզալողի աշխարհի հերթական առաջնությունը։ Նախօրյակին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցրեց ԽՍՀՄ հավաքականի գլխավոր մարզչին, թե ի՞նչ կիրառական նշանակություն ունի այդ մարզաձևը։ Վերջինս հանգիստ պատասխանում է, որ ընդամենը վեց տարի առաջ աշխարհի 17-ակի չեմպիոն երևանցի Շավարշ Կարապետյանը ջրասույզ եղած տրոլեյբուսից փրկեց 20 մարդու կյանք, թեև նա 10 մետր խորությունից հանել էր 46 հոգու։ Այդ մամուլի ասուլիսից հետո «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի գլխավոր խմբագիրը թղթակից Սերգեյ Լեսկովին գործուղում է Երևան։  Արդյունքում երիտասարդական այդ թերթում լույս է տեսնում այդ հեղինակի «Չեմպիոնի ստորջրյա մենամարտ» ծավալուն հոդվածը։ Հետո լույս է տեսնում մի գիրք։ Ահա այդպես աշխարհն  իմացավ մեր հայրենակից Շավարշ Կարապետյանի ինքնազոհություն հիշեցնող սխրանքի մասին։

Ասենք, որ դա Շավարշ Կարապետյանի միակ սխրագործությունը չէր։ Մի անգամ էլ 1974 թվականի հունվարի 8-ին, երբ Շավարշ Կարապետյանը մի խումբ մարզիկների  հետ վերադառնում էր Ծաղկաձորում անցկացրած հավաքից, ավտոբուսի վարորդը վերելքի վրա զգալով, որ շարժիչն անսարք է, անզգուշորեն դուրս է գալիս մեքենայից, «մոռանալով» անջատել շարժիչը։ Հենց այդ պահին ավտոբուսը, որի մեջ 30 ուղևոր կար, թափ է առնում և…բռնում դեպի ձորը գահավիժելու ուղին։ Հանգստացեք, դա տեղի չունեցավ, քանզի այդ ողբերգությունը կանխում է Շավարշ Կարապետյանը։ Նա արմունկով ջարդում է վարորդի խցի ապակին, սողոսկում նրա «խուցը» և արգելակում մեքենան՝ անդունդին ընդամենը մի քայլ չհասած:

Շավարշ Կարապետյանը բնավորության մի գիծ ունի։ Միշտ ժամանակին հայտնվել այնտեղ, որտեղ նա անհրաժեշտ է։ Երևանցիները հիշում են Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրում ծագած հրդեհը ու նաև Կարեն Դեմիրճյանի արցունքները։ Չեք զարմանա, եթե ասեմ, որ այդ հրդեհը հանգցնողների մեջ էր նաև Շավարշ Կարապետյանը, ով նկատելով կրակը, առաջիններից մեկը մտավ այդ շենքը, այս անգամ էլ վտանգելով կյանքը, հրշեջների հետ հավասար պայքարեց կրակը մարելու համար։

Այս առնչությամբ ուզում եմ հիշատակել ևս մի դեպք, որը տեղի է ունեցել ինձ հետ։ Տարիներ առաջ ես տուրիստական խումբ էի տանում Հունգարիա։ Սահմանային Չոպ կայարանում, որտեղ մեզ ստուգում էին սահմանապահներն ու մաքսային ծառայողները, մեր կուպեն մտավ ուղեկցորդուհին և, դիմելով ինձ,ասաց.

-Աղոթեք Աստծուն, որ այդ կախարդ Սվետլանան մեր վագոնը չգա։ Քիչ անց այդ նույն ուղեկցորդուհին նորից մտավ մեզ մոտ և ասաց.

-Ձեր աղոթքներն առ Աստված տեղ չեն հասել, Սվետլանան արդեն մեր վագոնում է։

Քիչ անց իմ կուպեն մտավ մի գեղեցկուհի ռուս կին։ Ես մտածեցի, թե ինչպես կարող է այդքան գեղեցիկ կինը կախարդ լինել։ Պարզվեց, որ մեկ-մեկ պատահում է, որ այդ կինը, որից բոլոր տուրիստները սարսափում են, բարիանում է։ Այս անգամ նա չափազանց բարի գտնվեց, երբ իմացավ, որ մեր խումբը Հայաստանից է։ Նա իրեն մի քիչ վատ էր զգում, ես նրան հրավիրեցի ներս մտնել և մի բաժակ տաք թեյ առաջարկեցի՝ հայկական կոնյակով համեմված։

-Դուք, ի՞նչ է, ուզում եք ինձ կաշառել։ Դրա կարիքը չկա, ես այսօր շատ բարի եմ, ոչ մի հայկական խմբի չեմ ստուգելու։ Ես զարմացած նրան նայեցի։ Այդ կինն ինձ մեկնեց օրվա «Կոմսոմոլսկայա պրադվա» թերթը և առաջարկեց կարդալ՝ մինչ ինքը կստուգի վագոնի մյուս տուրիստներին։

Ես անմիջապես անցա ընթերցանության։ Երիտասարդական այդ թերթը, որի տպաքանակն անցնում էր 20 միլիոնը, տպագրել էր Սերգեյ Լեսկովի հոդվածը Շավարշ Կարապետյանի մասին։ Քիչ անց եկավ մաքսատան գեղեցկուհի աշխատակիցը, իմ ձեռքից վերցրեց թերթի այդ համարը, ապա ասաց.

-Մի ժողովուրդ, ով Շավարշ Կարապետյանի պես զավակ ունի, արժանի է ամենայն հարգանքի։ Ես խոնարհվում եմ հայ ժողովրդի առջև։

Ասաց ու դուրս եկավ կուպեից… Ահա այսպես, Շավարշ Կարապետյանը իր հերոսական արարքից շուրջ վեց տարի անց մեծագույն լավություն արեց Երևանից Հունգարիա մեկնող հայ տուրիստներին։

Հիշում եմ, երբ լույս տեսավ Շավարշի մասին հոդվածն ու գիրքը, անծայրածիր խորհրդային երկրից տասնյակ հազարավոր նամակներ հղվեցին երկրի ղեկավարությանը, պահանջելով Շավարշ Վլադիմիրի Կարապետյանին շնորհել Խորհրդային Միության հերոսի կոչում։ Ոչ ոք այդ հազարավոր մարդկանց չլսեց։ Շավարշը պարգևատրվեց «Պատվո նշան» շքանշանով և նրան շնորհվեց Խորհրդային Միության սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ Այ, այս մեկը պարզապես զավեշտալի էր։ Այդ կոչումը շնորհում էին գեթ մեկ անգամ աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին։ Չմոռանաք, որ Շավարշ Կարապետյանը 17 անգամ է դարձել աշխարհի չեմպիոն։ Փոխարենը նրա անունով է կոչվել է մի աստերոիդ, բացի դրանից ՅՈՒՆԵՍԿՕ-ն նրան շնորհել է «Fair play» («Արդար խաղ») մրցանակը։ Բացի այդ, Շավարշ Կապապետյանն արժանացել է նաև ՀՀ «Արիության համար» մեդալի, որը նրան շնորհել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Շավարշ Կարապետյանին պատիվ է տրվել Մոսկվայում` Կրեմլի տարածքում, լինել այն հինգ մարզիկների թվում, ովքեր կրել են Սոչիի օլիմպիական խաղերի ջահը` մասնակցելով փոխանցումավազքին: 

Այսօր Շավարշ Կարապետյանն ապրում է Մոսկվայում։ Նրա տղան՝ Տիգրանը զբաղվում է լողով և արդեն իսկ որոշակի հաջողությունների է հասել։ Հայրը հուսով է, որ Կարապետյան ազգանունով լողորդը շուտով կփայլի լողի ասպարեզում։

Վերջում՝ որպես լրագրող, ուզում եմ շնորհավորել և իմ երախտիքի խոսքն ասել հաղորդման հեղինակ Քսենյա Կուզնեցովային, ով, ինչպես հասկացա հաղորդումից, բավական ջանքեր էր թափել այդ նյութի վրա աշխատելիս։

Լևոն Ազրոյան, Արմենպրեսի թղթակից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]