«Օրակլ»-ը պատրաստակամ է աջակցել ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստմանը
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրակլ» կորպորացիայի զարգացման գծով տնօրեն Բաբակ Կոբարը ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ կորպորացիայի անունից հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստման գործում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, որի հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց «Օրակլ» կորպորացիայի պատվիրակությանը` զարգացման գծով տնօրեն Բաբակ Կոբարի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` ոստիկանության պետի տեղակալը բարձր գնահատեց «Օրակլ» կորպորացիայի և ՀՀ ոստիկանության միջև դեռևս 2007 թ.-ից սկսված համագործակցությունը, և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:
Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ոստիկանությունում ընթացող բարեփոխումների ընթացքը, խոսեց արձանագրված հաջողությունների և անելիքների մասին: Մանրամասն ներկայացվեց ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորաստեղծ վարչության գործունեությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բաբակ Կոբարին կարևորեց համագործակցությունը և փորձի փոխանակումը, կազմակերպության անունից պատրաստակամություն հայտնեց աջակցություն ցուցաբերել ՀՀ ոստիկանության ծառայողների վերապատրաստման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում