Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

Կարեն Կարապետյանն ընդունել է Հանրային խորհրդի անդամներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս քննարկել հանրությանը հուզող խնդիրները, մեր երկրի զարգացման հեռանկարները, հնարավոր մարտահրավերները և լուծման ուղիները:
Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: 

Կառավարության ղեկավարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր: Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ: 

Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին: Վարչապետի խոսքով՝ այդ փոփոխությունները լոկ անվանափոխության խնդիր չեն լուծում, այլև ենթադրում են լուրջ բովանդակություն և նպատակային գործառույթներ: Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների տրամաբանությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ, օրինակ, Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը լինելու է գործարարներին օժանդակություն ցուցաբերող պետական այն օղակը, որը քննարկելու է նրանց կողմից բարձրացված խնդիրները և աջակցելու է ոլորտում առկա խոչընդոտների վերացմանը: Վարչապետը կարևորել է նաև կրթության և գիտության դերը՝ որպես յուրաքանչյուր ոլորտի զարգացման հիմք և շեշտել, որ նոր կառավարությունը լրացուցիչ թափ է հաղորդելու կրթական համակարգի բարեփոխումներին: Ամփոփելով քննարկումը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է Հանրային խորհրդի անդամներին ներկայացնել կոնկրետ առաջարկություններ և ծրագրեր՝ տեսանելի արդյունքների գնահատմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]