Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արտաշես Գեղամյան. Մտորումներ Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մասին

Արտաշես Գեղամյան. Մտորումներ Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հոդվածն «Արմենպրես»-ը ներկայացնում է ամբողջությամբ։

ՀՈԳՈՒ ՃԻՉ

Լսել եմ, լսում եմ և պիտի լսեմ,

Տեսել եմ, տեսնում եմ և պիտի տեսնեմ,

Ատել եմ, ատում եմ և պիտի ատեմ,

Սիրել եմ, սիրում եմ և պիտի սիրեմ,

Ստեղծել եմ, ստեղծում եմ և պիտի ստեղծեմ,

Խմել եմ, խմում եմ և պիտի խմեմ,

Ասել եմ, ասում եմ և պիտի ասեմ,

Ապրել եմ, ապրում եմ և պիտի ապրեմ:

 

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյան

Երևան, 13.09.2016 

 

Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված հիմնական հանդիսությունները։ Դրանց եզրափակիչ հաղթական ակորդը դարձավ սիրտ ու հոգի գերող «Անկախության սերունդ» վիթխարի տոնական համերգը, որը տեղի ունեցավ 2016թ. սեպտեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հիշարժան է նաև Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի ելույթն Անկախության տոնի առիթով, որում կային նաև անմիջականորեն մեզ՝ ավագ սերնդի ներկայացուցիչներիս ուղղված խոսքեր։ Ահա թե, մասնավորապես, ինչ ասաց ՀՀ նախագահը. «Անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ և բարձր պահանջներ: Ունի նաև դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարևոր և պարտադիր բաղադրիչ է: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե նրանք գոհ ու բավարարված լինեին: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում և պահանջում, որովհետև ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը»: Դժվար է չհամաձայնել այս եզրահանգմանը, ավելին՝ անձնական պատասխանատվության գիտակցումը Հայրենիքի ճակատագրի համար մղեց ինձ մեկ անգամ ևս վերլուծել, թե ինչով է պայմանավորված տնտեսական աճի նոր մոդելի ստեղծման ակտուալ անհրաժեշտությունը։  Դեռևս ս.թ. մայիսի 30-ին «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը հրապարակել էր իմ «Արտաշես Գեղամյան. Հարկավոր է տնտեսական աճի նոր մոդել» հոդվածը։ Դրանում ներկայացված փաստարկները տնտեսական աճի նոր մոդելի անցման անհրաժեշտության մասին ինչպես իմ գործընկերների, այնպես էլ գիտական շրջանակների, փորձագիտական հանրույթի և պետական կառույցների ներկայացուցիչների կողմից չվիճարկվեցին։ Ավելին՝ ի հայտ եկան նաև այլ հրապարակումներ՝ այդ խնդրի ակտուալության հիմնավորումներով։ Եվ բնական է, որ ծագում է «Իսկ տնտեսական աճի ինչպիսի՞ մոդել է անհրաժեշտ ՀՀ տնտեսությանը» հարցը։

Հասկանալով առաջադրված խնդրի ողջ պատասխանատվությունը՝ ես ուսումնասիրեցի բազմաթիվ զեկույցներ և գիտական հոդվածներ, մենագրություններ ինկլյուզիվ աճի ռազմավարությունների մասին։ Ի՞նչ է պետք հասկանալ «ինկլյուզիվ աճ» ասելով։ Համաշխարհային բանկը ինկլյուզիվ աճը սահմանում է որպես բարձր և կայուն (աղքատության և դրա հետևանքների կրճատման կարևոր պայման), տնտեսության բոլոր հատվածներում լայնորեն տարածված, աշխատանքային ռեսուրսների զգալի մասը ներգրավող և շուկաների ու ռեսուրսների հանդեպ հնարավորությունների իրավունքի հավասարությամբ բնութագրվող աճ։ Ընդ որում՝ այս սահմանման մեջ գերակա տեղ է հատկացվում արդյունավետ զբաղվածության ապահովմանը բնակչության բոլոր խմբերի համար։ Չնայած այդ հրապարակումներում պարունակվող տարբեր մոտեցումներին և հանձնարարականներին՝ դրանցում հստակ նշվում էին այն պայմանները, որոնք անհրաժեշտ են տնտեսական աճի ապահովմանը նպաստող բարենպաստ միջավայրի ստեղծման համար, այն է՝ ամուր ինստիտուցիոնալ հիմքեր, որոնց վրա պետք է հենվի տնտեսությունը, հիմքեր, որոնք սահմանում են սեփականության իրավունքները, ապահովում պայմանագրերի կատարումը, բազա ձևավորում խոշոր ներդրումների, մրցակցության, ռեսուրսների տեղաշարժի, սոցիալական պաշտպանության, արդարության և ինկլյուզիվության համար։ Նշենք, որ Հայաստանի համար, որտեղ աղքատության մակարդակը կազմում է 30%, ինկլյուզիվ աճի ապահովումն ունի սկզբունքորեն կարևոր նշանակություն, մանավանդ հաշվի առնելով այն, որ գործազրկությունը երկրում գերազանցում է 18%-ը, իսկ թոշակառուների թիվը 2015թ. վերջի դրությամբ կազմում էր 463471 մարդ, և այն, որ ՀՀ ավելի քան 200 հազար քաղաքացի հաշմանդամ է։ Ուրեմն, որո՞նք են ինկլյուզիվ աճի սահմանման կարևոր կետերը։ Կարծում ենք, որ Հայաստանի վերաբերյալ կարելի է առանձնացնել հետևյալը. անհավասարության և աղքատության կրճատում; մարդկային կապիտալի համակողմանի զարգացում; տնտեսական կյանքին բնակչության լայն շերտերի ակտիվ ներգրավման կարևորություն, որոնք կապահովեն շահի ստացում հատկապես երեխաների, կանանց և թոշակառուների համար; բնական պաշարների հոգատար օգտագործում և շրջակա միջավայրի պաշտպանություն։ Օրինակ, բնական պաշարների հոգատար օգտագործումը ՀՀ-ի համար արդեն առաջնային կարևորության հարց է։ Դրանում համոզվելու համար ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ։ 2014թ. արտահանվել է $235,872 մլն-ի 185089,4 տոննա պղնձի հանքաքար, 2015թ.՝ համապատասխանաբար 309183,7 տոննա։ (աճը 2014-ի համեմատ կազմել է 167%)։ Այդ նույն ժամանակ հասույթը կազմել է $316,636 մլն (աճը՝ 134,24%)։ Այսինքն՝ առկա է արտադրության աճի առաջանցիկ տեմպ արտահանվող արտադրանքի իրացումից ստացված ֆինանսական մուտքերի աճի տեմպի համեմատ։ Մոլիբդենի հանքաքարի արտահանման աճը 2015թ., 2014թ. համեմատ, կազմել է 106,6%, այն դեպքում, երբ հասույթը 2015թ. կազմել է նախորդ տարվա ցուցանիշի ընդամենը 65,9%-ը։ Նույն միտումն է նկատվում նաև  թանկարժեք մետաղների հանքաքարի արտահանման մեջ։ 2014թ. արտահանվել է 5802,4 տոննա թանկարժեք մետաղ, իսկ 2015-ին՝ 6497,0 տոննա (աճը՝ 111,97%), ընդ որում՝ հասույթը $32 մլն 718,5 հազարից  ընկել է $31 մլն 561,9 հազարի (կամ 96,46%)։ Այսինքն՝ տվյալ արտահանական արտադրանքի համաշխարհային գների իջեցման պայմաններում լեռնահանքային արդյունաբերության խոշոր ձեռնարկությունների սեփականատերերը, որոնք մոնոպոլ դիրք ունեն ՀՀ-ում, ստացվող շահույթի պահպանման և առավելագույնի հասցման նպատակով անխնա չարաշահում են Հայաստանի բնական պաշարները։ Նման մոտեցումը էքստրակտիվ տնտեսական ինստիտուտի դասական օրինակ է, այսինքն՝ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերությունում դրա սեփականատերերի գործողություններն ուղղված են ընդերքի չարաշահումից առավելագույն եկամուտ քամելուն, հարստություններ և ռեսուրսներ կորզելուն՝ հիմնականում հօգուտ մարդկանց ոչ մեծ խմբի։ Ո՞րն է ելքն այս իրավիճակից։

Դեռևս 2008թ. հեղինակավոր Աճի և զարգացման հանձնաժողովը Նիդեռլանդների, Շվեդիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի կառավարական հաստատությունների և Համաշխարհային բանկի աջակցությամբ հրապարակեց «The Growth Report. Strategies for Sustained Growth and inclusive Development» (Զեկույց աճի մասին. կայուն աճի և ինկլյուզիվ զարգացման ռազմավարություններ) զեկույցը (այսուհետ՝ Զեկույց), որում ընդհանրացվել է այն երկրների տնտեսական աճի և զարգացման ամփոփ փորձը, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) երկրների մակարդակին է։ Երկրների ընտրությունը, որոնց փորձը դարձել է ուսումնասիրման առարկա, բնավ պատահական չի եղել։ Վերջին 30 տարիներին մարդկանց թիվը, ովքեր ապրում են արագ զարգացող միջավայրում կամ այն երկրներում, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող եկամուտը ՏՀԶԿ երկրների մակարդակին է, ավելացել է չորս անգամ՝ մեկից հասնելով չորս մլրդ մարդու։ Զեկույցի հեղինակները հակված են մտածելու, որ պատմության մեջ առաջին անգամ մարդկության զգալի մասի համար խելամիտ շանս է ստեղծվում բարելավելու կենսամակարդակը և արարման հնարավորությունները։ Զեկույցը նպատակ ունի մեթոդական օգնություն ցուցաբերել շահագրգիռ բոլոր երկրներին՝ այդ հույսի իրագործման համար։

Կան ուշագրավ այլ հետազոտություններ ևս գլոբալացման պայմաններում տնտեսության կայուն աճի թեմայի վերաբերյալ։ Այսպես, տարբեր պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման տարբերությունների ու տնտեսական աճը և եկամուտների կուտակումը խթանող կամ դրանց խոչընդոտող գործոնների բացատրությանն է նվիրված Դարոն Աջեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչո՞ւ որոշ երկրներ հարուստ են, իսկ մյուսները՝ աղքատ։ Իշխանության, բարգավաճման և աղքատության ծագումը» (Why Nations Fail. The Origins of Power, Prosperity,and Poverty) գիրքը՝ գրված 2012թ.։ Գրքում, որը բեսթսելեր է դարձել, հեղինակները համոզիչ կերպով ցույց են տալիս, որ այս կամ այն երկրի տնտեսական հաջողությունը կախված է այն կանոն-ինստիտուտներից, որոնցով աշխատում է նրա տնտեսությունը, և այն խթաններից, որոնք ստանում են նրա քաղաքացիները։ Միևնույն ժամանակ, հատուկ ընդգծվում է, որ հաջողության հասնում են այն երկրները, որոնցում գործում են ինկլյուզիվ տնտեսական ինստիտուտներ։ «Դրանք թույլ են տալիս և, ավելին, խթանում են բնակչության մեծ խմբերի մասնակցությունը տնտեսական ակտիվությանը, իսկ դա թույլ է տալիս լավագույնս օգտագործել նրանց տաղանդը և հմտությունները՝ միաժամանակ յուրաքանչյուր առանձին մարդու թողնելով ընտրության իրավունքը՝ որտեղ աշխատել և ինչ գնել։ Անպայմանորեն ինկլյուզիվ ինստիտուտների մաս են հանդիսանում մասնավոր սեփականության պաշտպանված իրավունքները, արդարադատության անկողմնակալ համակարգն ու հավասար հնարավորությունները տնտեսական ակտիվությանը բոլոր քաղաքացիների մասնակցության համար. այդ ինստիտուտները նաև պետք է ապահովեն նոր ընկերությունների ազատ մուտքը շուկա և մասնագիտության ու կարիերայի ազատ ընտրությունը բոլոր քաղաքացիների համար»,- համոզված են Աջեմօղլուն և Ռոբինսոնը։ Հայաստանի առումով դա պետք է հասկանալ որպես նպաստավոր միջավայրի ստեղծման անհրաժեշտություն, որը կնպաստի փոքր ու միջին բիզնեսի (այսուհետ՝ ՓՄԲ) համակողմանի զարգացմանը։ Հանուն արդարության նշենք, որ վերջին տարիներին ՀՀ-ում իրականացվել է ՓՄԲ-ի աջակցման որոշակի աշխատանք։ Դրան, մասնավորապես, նպաստել է շրջանառության հարկի վճարումների շեմի կրկնակի բարձրացումը, ինչը թույլ է տվել ՓՄԲ մեծաթիվ սուբյեկտներրի օգտվել արտոնյալ հարկային ռեժիմից։ Միևնույն ժամանակ, դեռևս մեծ են փոքր ու միջին բիզնեսի փակման ռիսկերը, որոնք շատ բանով պայմանավորված են մրցակցության սահմանափակ հնարավորություններով, ֆինանսական ռեսուրսների անբավարարությամբ, դրանց ոչ ռացիոնալ օգտագործմամբ և այն խնդիրներով, որոնք կապված են ՓՄԲ կառավարման հետ։ Այսպես, USAID-ի «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» թեմայով հետազոտության համաձայն՝ Հայաստանում գործող միկրո-, փոքր և միջին բիզնեսի սուբյեկտների մոտ 50%-ին հասանելի չեն ֆինանսական միջոցները։ Ընդ որում՝ «ՓՄԲ իրավիճակի համալիր հետազոտության» համաձայն՝ ՓՄԲ ներկայացուցիչների մոտ 69%-ը գոհ չէ ֆինանսական ռեսուրսների հասանելիությունից։ Եվ դա՝ այն պայմաններում, երբ 2014թ. դեկտեմբերի վերջի դրությամբ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը կազմել է 6.15%։ Այս միտումը շարունակվում է ցայսօր. 2015թ. դեկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 6.98%, իսկ ս.թ. հունիսի վերջին՝ 8.42%։ Հատկապես պետք է նշել նաև այն հանգամանքը, որ ՓՄԲ զարգացմանը բնավ չի աջակցում պետական գնումների համակարգը, որը չի նպաստում փոքր ու միջին ձեռնարկությունների լայն մասնակցությանը ներքին շուկայի մրցույթներին, իսկ մոնոպոլիաների և օլիգոպոլիաների առկայությունն արտաքին առևտրում  անհնար է դարձնում ՓՄԲ միջազգայնացումը, այսինքն՝ արտաքին առևտրային գործունեությունը, փոքր ու միջին բիզնեսի ելքը ՀՀ սահմաններից դուրս և աշխատանքն արտաքին շուկաներում։  Ասվածը կարելի է հաստատել բազմաթիվ պաշտոնական վիճակագրական տվյալներով, բայց, կարծում ենք, դրա կարիքը չկա, քանզի ակնհայտ է, որ վաղուց հասունացել է ՓՄԲ աջակցության պետական քաղաքականության (այսուհետ՝ Պետական քաղաքականություն) մշակման անհրաժեշտությունը։ Ընդ որում՝ այդ քաղաքականության առանցքը պետք է դառնա ՓՄԲ ֆինանսավորման հասանելիությունը։ Օրինակ, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Չիլիում և մի շարք այլ երկրներում գործում է աջակցության ծավալների մեծացումը՝ ՓՄԲ-ին տրվող վարկերի երաշխիքների տեսքով։ Կանադայում, Նիդեռլանդներում, Դանիայում տրամադրվում են երաշխիքների գծով հատուկ արտոնյալ պայմաններ բիզնեսի մեկնարկման համար; Ֆինլանդիայում, Նոր Զելանդիայում, Իսպանիայում լայնորեն կիրառվում է արտահանական գործողությունների գծով պետական երաշխիքների մեծացումը; Հունգարիայում, Սերբիայում, Կորեայում, Չիլիում և այլ երկրներում մեծացվում է ՓՄԲ ուղղակի ֆինանսավորման բաժինը, Ռուսաստանում, Պորտուգալիայում, Հունգարիայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր՝ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորումը։ Առանձին երկրներում ՓՄԲ աջակցությանն ուղղված միջոցառումների շարքում լայնորեն կիրառվում են նաև հարկային արտոնությունները, վճարումների երկարաձգումները, Կենտրոնական բանկերի կողմից ՓՄԲ-ին սպասարկող վարկային կազմակերպությունների ֆինանսավորումը։

ՓՄԲ աջակցության պետական քաղաքականության կարևոր բաղադրիչները, նրա գերակա նպատակը պետք է դառնան նոր ձեռնարկությունների ստեղծումը, նորարարությունների աջակցությունն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը, նրանց թողարկած արտադրանքի մրցունակության բարձրացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը։ Պետական քաղաքականության իրագործման գործիքանին պետք է հանգամանալիորեն և մանրամասն հաշվի առնվի և արտացոլվի Ազգային ժողովում քննարկվող ՀՀ Հարկային օրենսգրքում։

Վերը ներկայացվածը կարդալով՝  միանգամայն սպասելի է, որ նման հարց ծագի. իսկ որքանո՞վ ՀՀ քաղաքական համակարգը կնպաստի կամ, գոնե, չի խոչընդոտի ինկլյուզիվ տնտեսական ինստիտուտների զարգացմանը։ Նշենք, որ 2015թ. դեկտեմբերին ՀՀ նոր Սահմանադրության ընդունմամբ իրականացվեց անցում նախագահական կառավարումից խորհրդարանականի։ Դա բարերար հող ստեղծեց քաղաքական կուսակցությունների դերի և նշանակության բարձրացման համար քաղաքական գործընթացում՝ պաշտոնականացնելով (ֆորմալացնելով) նրանց մասնակցությունը երկրի կառավարության ձևավորման գործում։ Այսինքն՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ խորհրդարանական կառավարման ձևի անցնելով Հայաստանում ստեղծվել են բոլոր նախադրյալները տարբեր քաղաքական ուժերի և հասարակության տարբեր խմբերի միջև իշխանության բաշխման համար, ինչն, իր հերթին, սահմանափակում է բոլոր խմբերի կողմից այդ իշխանության կիրառումը, առաջ է բերում պլյուրալիստական քաղաքական համակարգ։ Այս առնչությամբ կուզենայի մեջբերել մի հատված Աջեմօղլուի և Ռոբինսոնի վերոնշյալ գրքից. «Մենք ինկլյուզիվ կանվանենք այն ինստիտուտները, որոնք միաժամանակ բավական պլյուրալիստական են և կենտրոնացված... Ինկլյուզիվ քաղաքական ինստիտուտները, իշխանությունը բաշխելով անձանց լայն շրջանակի մեջ, մշտապես կքանդեն այնպիսի տնտեսական ինստիտուտների հիմքը, որոնք աջակցում են ռեսուրսների էքսպրոպրիացիային բնակչության մեծամասնության շրջանում, արգելքներ են ստեղծում նոր խաղացողների շուկա մտնելու առջև և ընդհանուր առմամբ սահմանափակում են շուկայական տնտեսության շահառուների շրջանակը իշխանական էլիտաների նեղ շրջանակով»։

Վերն ասվածը նկատի ունենալով՝ կուզենայինք հուսալ, որ ՀՀ ձևավորվող նոր կառավարությունը կգիտակցի Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահի ս.թ. սեպտեմբերի 21-ի ելույթի հետևյալ խոսքերը. «Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն»:

Իսկ որակապես նոր պետություն հնարավոր կլինի ունենալ ինկլյուզիվ քաղաքական և տնտեսական ինստիտուտների երկմիասնությամբ, որոնց միջև գոյություն ունի ուժեղ սիներգիա, որը կարող է քանդել մոնոպոլիաների և օլիգոպոլիաների ճնշիչ ուժի գորդյան հանգույցը՝ լինի արտադրության ոլորտում, թե առևտրում (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին)։ Այն բանից, թե որքանով ՀՀ կառավարությունը կկարողանա օգտվել սահմանադրորեն ամրագրված և իրապես ձևավորվող ինկլյուզիվ քաղաքական ինստիտուտներից՝ ինկլյուզիվ տնտեսական ինստիտուտներ ստեղծելու համար, կախված կլինի նրա համարժեքությունն այն խնդիրներին, որոնք առաջադրել է ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը։

 

Հ.Գ. Մտորելով Հայաստանի տնտեսական աճի նոր մոդելի մասին՝ ակամա, գուցե Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի տոնակատարությունների անջնջելի տպավորության ներքո գտնվելով, խոր հավատով լցվեցի հայոց նոր պետության կերտմանն ուղղված դժվար, բայց ազնիվ աշխատանքի հաջողության հանդեպ։ Դրա համար, ըստ իս, հանրապետությունում բոլոր նախադրյալները կան։ Դրանցից չօգտվելու պարագայում մեզ չեն ների ոչ պատմությունը, ոչ Անկախության սերունդը՝ ինքնիշխան, վստահորեն ապագային նայող Հայաստանի Հանրապետության գլխավոր նվաճումը։    

                          

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հանրապետական կուսակցությունից,

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար,

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]