Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 20-21-ին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց, այդ թվում` 30 կրակոց ՈԻՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ճանապարհին ղարաբաղցիների կամքը չի կարող անտեսվել: «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունըորպես պետությունիհարկե,  կայացել էԱյն գոյություն ունիտիրապետելով պետականության բոլոր ատրիբուտներին»Նա հավելել է «Լեռնային  Ղարաբաղում մարդիկ իշխանությունը չեն փոխանցում ժառանգաբար,  այլ պայքարում են  ժողովրդավարական սկզբունքով ազգային ներկայացուցչության համար»:

Հայոց ցեղասպանության դատապարտում 

Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի հանդիսավոր բացումը եւ օծումը՝ ձեռամբ  Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի։ Շնորհավորելով ներկաներին Շվեդիայում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված առաջին խաչքարի բացման կապակցությամբ՝ դեսպան Ապիտոնյանը նշել է, որ այն կրոնական և մշակութային արժեք լինելուց զատ, խորհրդանշում է Շվեդիայի հայ համայնքի հավատարմությունը ազգային արմատներին և ինքնությանը, ինչես նաև վճռականությունը հետամուտ լինելու հայ ժողովրդի անավարտ դատին՝ Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչմանը և դատապարտմանը։

Հայաստան և աշխարհ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունում օգոստոսի 22-ին կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը, որը նախագահում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի նախարարի տեղակալ Ծյան Քըմինը։ Նիստի ընթացքում հանգամանալից քննարկվել են ՀՀ և ՉԺՀ միջև գյուղատնտեսության, երկկողմ առևտրի, առողջապահության, արդյունաբերության, ավիացիայի, զբոսաշրջության, ճանապարհաշինության, ենթակառուցվածքների, նորարարական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության հարցերի լայն շրջանակ։

Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած  Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք։  Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշել է, որ Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի  բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անհեթեթ է համարում Եվրասիական տնտեսական միությանը Թուրքիայի միանալու մասին հայտարարությունները: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ ավելացնելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է դուրս գա մի շարք միավորումներից:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 24-ին ՌԴ Վորոնեժի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ, որում ՀՀ քաղաքացիներ են տուժել: «ՀՀ քաղաքացիներ Մ. Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են: Իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Վորոնեժի մարզի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ»:

Ռուսաստանի Դաշնության մոսկովյան շրջանում, Սանկտ Պետերբուրգ և Սոչի քաղաքներում հայկական ապրանքների տոնավաճառ է բացվելու: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը«Մենք ունենք նախնական պայմանավորվածություն տոնավաճառի բացման վերաբերյալ Մոսկովյան շրջանի արդյունաբերական պալատի հետ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգ և Սոչի քաղաքների ղեկավարների հետ»,- նշեց Ասոյանը: Օգոստոսի 21-ին Մոսկվայում «Կանտեմիրովսկայա» մետրոյի մոտ բացվել էր հայկական ապրանքների տոնավաճառ, որը գործելու է մինչև օգոստոսի վերջ:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր աշխատանքային այցի շրջանակում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:  «Մեկ անգամ ևս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին»,- նշել է ՀՀ Նախագահը։ «Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաև երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, և սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետև հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի»,-ասել է Նախագահը և ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ:

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016 թվականի հունվար-հուլիսին 3 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ ցուցանիշն աճել է 2.5 տոկոսով: Սպառողական գների ինդեքսը նվազել է 1.5 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 2.4 տոկոսով: Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել է 7.6 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում նվազումը 5.5 տոկոս է: 2015թ. հունվար-հուլիսի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 7.6 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1.3 տոկոսով:

Հայաստանի կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ է կատարել և շարունակում է իրականացնել: «Բազե-2016» համահայկական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին: Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ մինչև սեպտեմբերի սկիզբ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Ազգային ժողով կներկայացնի մի շարք օրենքների նախագծեր: «Կարծում եմ, որ մինչև տարվա վերջ մենք կունենանք ընդունված օրենքներ, որոնք միտված են լինելու կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարին»,- եզրափակեց վարչապետը: 

Կենտրոնական բանկի խորհուրդի կողմից  2016 թ. հունիսի 14-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (Պահպանվող Բանկ) և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (Միացող Բանկ) միացման պայմանագրի հաստատվելուց  և գրանցվելուց  հետո խորհուրդը օգոստոսի 24-ին որոշել է ուժը կորցրած ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան: «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին։ Պատժի կրումը հաշվարկվում է 2015թ-ի հունվարի 13-ից:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն օգոստոսի 25-ին հրավիրել է արտահերթ նստաշրջան և քննարկել Արցախի Հանրապետության նախագահի առաջարկը՝ ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին: Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել (28 քվե) ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի ավագ դպրոցների 12-րդ դասարանների աշակերտներն երկրորդ կիսամյակում իրենց ընտրությամբ կանցնեն միայն երեք առարկա: Այս մասին տեղեկացրեց ՀՀ կրթության ու գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: «Դա թե աշակերտների, թե նրանց ծնողների պահանջով է: Սովորողը երկրորդ կիսամյակում կկարողանա խաղաղ ուսումնասիրել այն առարկաները, որոնք նա պետք է հանձնի միասնական քննությունների ժամանակ»,-նշեց պաշտոնյան:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում գործած հանցավոր արարքների կատարման համար ոստիկանության ծառայողներ Տ. Նորատունկյանին, Ա. Այվազյանին, Կ. Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Դ. Փերիխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը հուլիսի 17-ին գրաված զինված խմբի անդամ Թորոս Թորոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամ Տիգրան Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը փոխելու միջնորդությունը: ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամ Արամ Մանուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս երկու քաղաքացիների՝ Ա. Տ.-ի և Ֆ. Ս.-ի, նկատմամբ։

Սփյուռք

ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ օգոստոսի 25-ին ԵՊՀ Ռիթա և Վարդգես Պալյանների անվան դահլիճում մեկնարկել է «Հայկական աշխարհը համացանցում» գիտաժողովը: «Հայկական աշխարհը համացանցի գիտակրթական հարթակում» խորագրով առաջին թեմատիկ նիստը վարեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Օգոստոսի 26- գիտաժողովն ամփոփեց իր աշխատանքները: «Սփյուռքը համացանցային հարթակում» խորագրով թեմատիկ նիստը վարում էր ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը:

Ֆրանսիայում գործող «Նոր հայեր» ամսագիրը պատմում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ համայնքների, նրանց խնդիրների և հաջողությունների մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Նոր հայեր» ամսագրի հիմնադիր Ժան-Ժակ Սարաջյանը: «Ամսագիրն ունի մոտ կես միլիոն ընթերցող: Այն լույս է տեսնում յոթ լեզուներով՝ փորձելով հայկական խնդիրները հասանելի դարձնել նաև օտարերկրացի ընթերցողների համար»,- շեշտեց Ժան-Ժակ Սարաջյանը:  

Քննիչները գործարար Արամ Պետրոսյանին Սիթիբանկի մոսկովյան բաժանմունքում պատանդառության մեղադրանք են ներկայացրել: Այդ մասին հայտնել են Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի (ՌՀԿ) մամուլի ծառայությունում: Օգոստոսի 24-ի երեկոյան ոստիկանությանը հայտնել են, որ անհայտ մի տղամարդ Մոսկվայի կենտրոնում պատանդներ Է պահում Սիթիբանկի բաժանմունքում: Հետաքննության ժամանակ Պետրոսյանը պարզաբանել Է, թե ուզում Էր ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա եւ չԷր ցանկանում սպանել պատանդներին: Այնուհետեւ նա ամբողջությամբ ընդունել Է մեղքը: Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանը մինչեւ հոկտեմբերի 24-ը կալանավորել է ձեռնարկատեր Արամ Պետրոսյանին:

Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիական Հալեպ քաղաքի մի քանի հատվածների հրթիռակոծման հետեւանքով վնասվել է Հայ ավետարանական «Բեթել» վարժարանը:  Այս մասին  տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը: «Հրթիռակոծման հետեւանքով փշրվել էր վարժարանի վերին հարկերի մի քանի ապակի: Աշակերտներն էին ձայնից ցնցվել, սակայն անմիջապես իջել էին նկուղ, ինչի շնորհիվ չեն վնասվել: Նյութական մեծ վնասներ չկան: Հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան, իսկ դրությունն այժմ կայուն է»,-նշեց նա:

Միջազգային խճանկար

Հաագայի միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) օգոստոսի 22-ին սկսել Է ծայրահեղական Ահմադ ալ Ֆաքի ալ Մահդիի գործի քննությունը, որը մեղադրվում Է 2012 թվականին Մալիում մշակույթի հուշարձանների ոչնչացման մեջ: Դեռ նոր սկսված դատական լսումներն արդեն պատմական են դարձել: Նախ, մինչ այժմ ՄՔԴ-ն երբեք այդօրինակ գործեր չԷր քննել եւ, երկրորդ՝ առաջին իսկ նիստի ընթացքում մեղադրյալն ընդունել Է իր մեղքը, մինչդեռ նման բան չի եղել Հաագայի տրիբունալի գոյության 14 տարվա ընթացքում:

Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել 62 թուրք բիզնեսմենների, որոնք կասկածվում են ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 165 գեներալ, 6746 այլ բարձրաստիճան զինվորական, 4288 ոստիկանության աշխատակից, 19 նահանգապետ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նվազագույնը երեք զինծառայող են սպանվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգի հանգստավայրերում անհայտ անձանց կողմից հարձակման արդյունքում:Զինված մարդիկ գրոհել են Բելբիդի ավանի շրջանում զինվորականններով ավտոմեքենայի վրա: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել են մոտ 300 քաղաքացի, 100-ից ավելի զինծառայողներ: Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մարտիկներից ազատելու պատրվակով մտել են Սիրիայի տարածք: Ռազմական գործողությունն իրագործվում է «Եփրատի վահան» անվան տակ: Թուրքիան Սիրիա ներխուժելու քայլը բացատրել է երկիրը ԻՊ-ի եւ սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) մարտիկներից ազատագրելու ցանկությամբ: Գործողությունը «Եփրատի վահան» է անվանվել սիրիացի քրդերի` Եփրատի ձախ ափից աջ ափ անցումը կանխելու համար: Թուրքական զինված ուժերի երկրորդ տանկային շարասյունն է հատել սիրիական սահմանը: Թուրքիան կարող է Սիրիա մտցնել տանկային երրորդ շարասյունը, եթե Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական (YPG) եւ «Դեմոկրատական միության» (PYD) ջոկատները չլքեն Եփրատի արեւմտայան ափին գտնվող Մանբիջ քաղաքը: Սիրիայի հյուսիսում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում քրդական ուժերը դարձան միջազգային պայմանավորվածությունների պատանդները: Այդ հարցը իր մեջ ներառում է ռուսների, ամերիկացիների, թուրքերի եւ իրանցիների պայմանավորվածությունը: Քրդական զինված կազմավորումները ահաբեկչության դեմ պայքարում լուրջ ուժ է, բայց նրանք այնքան հզոր չեն, որպեսզի դիմակայեն այդ մեծ պետություններին: Այս մասին հայտարարել է քրդական «Սիրիական դեմոկրատական խորհրդի» անդամ Ռեյզան Հեդուն` անդրադառնալով Ջարաբլուս քաղաքը ԻՊ-ից մաքրելու պատրվակով միջազգային կոալիցիոն ուժերի աջակցությամբ թուրքական զորամիավորումների ներխուժումը Սիրիայի հյուսիսային հատված: Սիրիայի ԱԳ նախարարությունը հանդես Է եկել թուրքական զորքերի գործողության դատապարտմամբ, որոնք անցել են երկու երկրների սահմանը եւ մտել Սիրիայի տարածք: Դամասկոսը «դատապարտում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի պաշտպանության ներքո թուրքական տանկերի անցումը Սիրիայի տարածք»,-ասված Է հայտարարության մեջ: Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել Է, որ ահաբեկչությանը հակազդելը չպետք Է հանգեցվի ԻՊ-ի զինյալներին վռնդելուն եւ նրանց տեղը ծայրահեղական այլ խմբերի կարգելուն, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից: Թուրքիայի կառավարությունը հանդես  է եկել հայտարարությամբ, որ Ռուսաստանի, Իրանի եւ ԱՄՆ-ի կառավարություններին տեղեկացրել է Սիրիայում ռազմական գործողություն սկսելու մասին,  հայտնում են թուրքական ԶԼՄ-ները: Ռուսաստանցի փորձագետ Իվան Ստարոդուբցեւը գտնում է, որ Սիրիայում թուրքական զորքերի ներկայիս գործողությունը հանդիսանում է ռուս-թուրքական մերձեցման պտուղ: Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սայգինն էլ գտնում է, որ այսօր Անկարան ավելի շատ կռվում է ոչ թե ԻՊ-ի, այլ քրդերի դեմ: Շուրջ 50 խաղաղ բնակիչ է մահացել թուրքական զինված ուժերի ռմբակոծությունների հետևանքով սիրիական սահմանային Ջարաբլուս քաղաքում: Թուրքիայի քրդաբնակ Շիռնաք նահանգի Ջիզրե քաղաքում պայթեցվելէ  ոստիկանության շենքը, որի հետեւանքով արդյունքում 8 ոստիկան սպանվել, 45 մարդ վիրավորվել է: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է միջսիրիական բանակցություններում քրդերի ներգրավման անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ նրանք պետք է լինեն սիրիական կառավարության մի մասը: «Մենք մեր ամերիկացի գործընկերների հետ հաստատել ենք քաղաքական գործընթացի անհապաղ վերսկսման անհրաժեշտության մասին, որին պետք է մասնակցեն անխտիր բոլոր սիրիական կողմերը: Ես համոզված եմ, որ քրդերը պետք է լիովին ներկայացված լինեն այս գործընթացում: Նրանք պետք է լինեն սիրիական կառավարության, ինչպես նաեւ խնդրի  լուծման մի մասը, այլ ոչ թե մի գործոն, որն օգտագործվելու է  Սիրիան պառակտելու համար», - ասել է Լավրովը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Ժնեւում ունեցած հանդիպման արդյունքներին:  Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է Սիրիայի միասնականությանը, եւ դեմ սիրիական քրդերի անկախության ձգտմանը: Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ն հասկանում է, որ սա բավականին զգայուն հարց է Թուրքիայի համար: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին նամակ է հղել կառույցի ղեկավարությանը, որում հայտնել է, որ սիրիական Ջարաբուլուս քաղաք ներխուժելու գործողությամբ Թուրքիան նաեւ զենք-զինամթերք է փոխադրել Հալեպում գործող ջիհադական կազմակերպություններին:

Այն բանից հետո, երբ Անկարան արգելել է Բունդեսթագի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիռլիք ավիաբազա, Գերմանիայի դաշնային հանրապետության զինված ուժերը պատրաստվում են այդտեղից դուրս բերել «Տորնադո» տիպի իրենց 6 կործանիչները: Անկարան Բունդեսթագի պատգամավորներին թույլ չի տվել այցելել Ինջիռլիք Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով:

 ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 24-ին, ժամը 06.08-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.36-ին (Գրինվիչի ժամանակով` 01.36-ին) գրանցվել է 6.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իտալիայի տարածքում:  Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել են ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: KAC-ի փորձագետները հաշվարկել են, որ օգոստոսի 24-ին Իտալիայի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժից տնտեսական վնասը, ըստ նախնական տվյալների, արդեն գերազանցել է 1 մլրդ դոլարը, ապահովագրականը՝ 500 մլն դոլարը: Իտալիայում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն աճել է` հասնելով 284-ի: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել էարտակարգ դրություն: Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ: Իտալիայի կենտրոնական մասում լույս օգոստոսի 24-ի գիշերը տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի գոտում որոնողափրկարարական գործողություն իրականացնող փրկարարները փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 238 մարդու: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը  ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:

Վրաստանի հինգ քաղաքացիներից մեկը, որոնք ձերբակալվել են ՌԴ-ից Հայաստան ձգվող գազամուղի բաց տեղամասի պայթեցման փորձի մեղադրանքով, ընդունել է իր մեղքը: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Մայա Չրելաշվիլին: Նա հայտնել է, որ

Վրաստանում գազատար խողովակի պայթեցման փորձի համար ահաբեկչության մեղադրանքով յոթ ձերբակալվածներից երեքը վահաբիզմի հետևորդներ են: Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Մայա Չրելաշվիլին: «Իմ պաշտպանյալ Բեկա Բեկաուրին և ևս երկու ձերբակալվածներ վահաբիզմի հետևորդներ են: Նրանք դա հայտարարել են հետաքննության ժամանակ: Ինչ վերաբերվում է Ուկրաինայի հետ կապերին, բոլոր ձերբակալվածները ժխտում են այդ փաստը»,- ասաց նա:

Մշակույթ

Բեռլինի Եվրոպական մշակույթների թանգարանում օգոստոսի 19-ին մեկնարկել են Գերմանիայում հայկական մշակութային օրերը: Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ԳԴՀ ԱԳՆ պաշտոնյաներ, Բեռլինի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և բազմաթիվ հյուրեր:

Սպորտ

 «Ռիո-2016»-ի վերջնական մեդալային հաշվարկում հաղթող դարձավ  ԱՄՆ հավաքականը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ԱՄՆ օլիմպիական հավաքականը, ընդհանուր առմամբ, նվաճեց  121 մեդալ. 46 ոսկե, 37 արծաթե և 38 բրոնզե: 2-րդ տեղը զբաղեցրեց  Մեծ Բրիտանիան՝ 27 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալով: Լավագույն եռյակը եզրափակեց  Չինաստանը. 26 ոսկե, 18 արծաթե և 26 բրոնզե մեդալ: Հայաստանի օլիմպիական հավաքականը, վաստակելով 1 ոսկե և 3 արծաթե մեդալ, մեդալային հաշվարկում զբաղեցրեց 42-րդ հորիզոնականը:

31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանի համար սպորտային նոր պատմություն կերտած հայ օլիմպիականները վերադարձան հայրենիք։ Արթուր Ալեքսանյանին, Միհան Հարությունյանին, Սիմոն Մարտիորսյանին, Գոռ Մինասյանին հայ մարզասերները դիմավորեցին իսկական հերոսներին վայել: «Հայ օլիմպիականների դիմավորելու էին եկել նար ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության անդամներ: Վարչապետը առաջինը շնորհավորեց հայրենիք ժամանած մարզիկներին: Գյումրին ցնծությամբ ու օլիմպիական տրամադրությամբ դիմավորեց  հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և ծանրորդ, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին։ «Ռիո-2016»-ի Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկե մեդալից զրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը նշել է, որ հենց այնպես սպորտից չի հեռանալու: «Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս: Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,-  այս մասին Միհրան Հարությունյանը հայտարարել է Հանրապետության հրապարակում, որտեղ հավաքվել էին բազմաթիվ երկրպագուներ դիմավորելու  փոխչեմպիոնին և Օլիմպիադայի մյուս հայաստանցի մրցանակակիրներին։

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունից հետո տեղի ունեցավ նաև Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի պարգևատրման արարողությունը: Քվեարկության արդյունքում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ է դարձել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]