Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ջիվանու 170-ամյակի տոնակատարությունը մեկնարկել է նրա շիրմին ծաղիկ խոնարհելով ու հոգեհանգստյան կարգով

Ջիվանու 170-ամյակի տոնակատարությունը մեկնարկել է նրա շիրմին ծաղիկ խոնարհելով ու 
հոգեհանգստյան կարգով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Ջավախքի աջակցության հիմնադրամի  ղեկավարները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, համայնքային կառույցների ներկայացուցիչները, թբիլիսահայ մտավորականները ծաղիկ են խոնարհել աշուղ Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) շիրիմին: Ծաղիկների խոնարհումով և հոգեհանգստյան արարողությամբ էլ մեկնարկել է Մեծ գուսանի ծննդյան 170-ամյակի տոնակատարությունը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմից, բացելով հիշատակի միջոցառումը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին հրավիրել է մասնակցելու օգոստոսի 27-ին աշուղ Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում կայանալիք Ջիվանու ավանդական երգարվեստի մեծարման միջոցառմանը, որը կնշանավորվի աշուղական արվեստի մրցույթով և գուսանի տուն-թանգարանի հանդիսավոր բացմամբ:

Աշուղ Ջիվանու խոհափիլիսոփայական և ժողովրդական ստեղծագործության մեծարման և խոնարհումի խոսք են ասել բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, ՋԱՀ-ի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Մեծ գուսանի ծոռնուհի, Արաքսյա դստեր թոռը՝ Գրետա Նիժարաձեն, երախտագիտության խոսքեր է ուղղել Ջավախքի աջակցության հիմնադրամին և Ախալքալաքի մունիցիպալիտետին, ում նախաձեռնությամբ և աջակցությամբ բացվում է իր մեծ պապի տուն-թանգարանը նրա ծննդավայրում:

Ներկաների կողմից Կարծախ գյուղից բերված հող ու ջրով ցողվել է Ջիվանու տապանաքարը:

Միջոցառման ավարտին հավաքվածներին օրհնության խոսք է հղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան հայրը մեծարման խոսքեր է ուղղել Ջավախքին և Ջավախքի արվեստասեր հայությանը, որը դարձել է հայապահպանության օրինակ, նաև հայ-վրացական բարեկամության անքակտելի օղակ:

Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որն ուղեկցվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի կատարումներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]