Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քառօրյա պատերազմում ոտքը կորցրած Նորայրը ակտիվ կյանք է վարում` ապագայի մեծ տեսլականով

Քառօրյա պատերազմում ոտքը կորցրած Նորայրը ակտիվ կյանք է վարում` ապագայի մեծ 
տեսլականով

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած թվացյալ հրադադարի պայմաններում ձախ ոտքից զրկված Նորայր Զախարյանը շարունակում է ապրել ակտիվ կյանքով` միայն երբեմն հիշելով պրոթեզավորված ոտքի մասին:  

Նորայր Զախարյանը ծնվել է 1997 թվականին Գավառ քաղաքում, որտեղ էլ մեծացել է: Ծառայել է Մարտակերտում, վիրավորվել Թալիշում` ականի պայթյունից:

«Արմենպրես»-ի թղթակիցը Նորայրին հանդիպել է Հաղարծինի վանական համալիրում, ուր նա ու իր ընկերը «Ֆրեսկո» միջազգային կինոփառատոնի վրանային ճամբարի մասնակիցներից էին:

«Պատերազմի առաջին օրվանից` ապրիլի 2-ի լույսը, որ բացվեց, զորամասից դուրս ենք եկել, գնացել ենք առաջնագիծ ականապատման աշխատանքներ կատարելու: Առաջին տպավորություններն այնպիսին էին, որ սովորական բան է, ասում էինք` հեսա կդադարի, էն էլ չորս-հինգ օր տևեց` չհաշված վերջնական հրադադարը, որից հետո կրկին կրակում էին»,- վերհիշում է 19-ամյա Նորայր Զախարյանը:

Նրա խոսքով` զինվորների տրամադրվածությունը միշտ էլ մարտական է եղել, երբեք չեն ընկճվել, որովհետև իմացել են` տանը սպասող կա և դրա համար արժի գնալ մահվան դեմ, հաղթել ու հասնել ընտանիք, թեկուզ վիրավոր, բայց ողջ հասնել տուն: «Ցավոք սրտի, դա ոչ բոլորի մոտ ստացվեց, ունեցանք շատ զոհեր, ամենքն իրենց ընտանիքի լույսն էին: Վիրավորներ էլ շատ ունեցանք, բայց, ինչպես տեսնում եք, հաղթել ենք: Տղերքի ոգին է հաղթել: Ոչ թե ունեցած կամ չունեցած զենքով ենք հաղթել, այլ հայի մարտական ոգով»,- ասում է ծառայությունը ոչ իր կամքով կիսատ թողած զինվորը:

Ոտքը կորցնելու մասին պատմելիս Նորայրը մեջբերում է հայտնի ասույթը` «այն, ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում»: «Ինն ամիս եմ ծառայել, զինվորականի կյանքն իմն է եղել, փոքրուց երազել եմ զինվորական լինել, որոշել էի մնալ ծառայության, բայց վիրավորվեցի»,- ասում է Նորայրը: Հակառակորդի կրակոցներից շեղվել է ու ոտքը ականի վրա դրել: Հիմա, բարեբախտաբար, դա անցյալ է, ինքն այժմ ոտք ունի ու քայլում է. պրոթեզավորումը կատարել է Մկրտիչ Գինոսյանը: Ստորին վերջույթներ կորցրած իր մյուս ընկերներին ևս նույն բժիշկն է ինքնուրույն քայլելու ունակությունը վերադարձրել:

Նորայրն իրեն լիարժեք մարդ է զգում` միայն երբեմն ոտքի վրա երկար կանգնելուց է ցավեր ունենում:

Ապագա ծրագրերի մասին խոսելիս մեր զրուցակիցը նշում է` որոշել է շարունակել ուսումը ու թեև ունի սիրած աղջիկ, բայց դեռ ամուսնության մասին չի մտածում: «Քոլեջս դեռ չէի ավարտել, որ գնացի բանակ, մեկ տարի էլ ունեմ: Այս տարի կավարտեմ քոլեջս, դրանից հետո գործերս կտամ համալսարան: Եթե մեզ մոտ աշխատանք գտնեմ, կսովորեմ Գավառում, եթե ոչ` ուժերս կփորձեմ Երևանի պետական համալսարանում: Ուզում եմ իրավաբանության կամ էլ պատմության ֆակուլտետում սովորել»,- ասում է Նորայրը:

«Ապրիլյան դեպքերը յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բան փոխեցին, դրանք ի՞նչ ազդեցություն գործեցին քեզ վրա». հարցին` Նորայրի պատասխանը հստակ էր. ինքն ամբողջովին փոխվել է: «Ապրիլյան դեպքերը ինձ 180 աստիճանով փոխել են: Իմ ծրագրերը, իմ մտածելակերպը նախքան բանակ գնալն այլ է եղել, բանակում փոխվել է, իսկ ապրիլյան դեոպքերից հետո լիովին է փոխվել: Այն ժամանակ մտածում էի բանակը վերջացնեմ, այս աշխատանքը կանեմ, այն աշխատանքը կանեմ: Դեպքերից հետո ամեն ինչ խառնվում է մեջդ, մի 2 ամիս չէի կարողանում ուշքի գալ: Հայրենիքի նկատմամբ քո նվիրումն ու հարգանքն էլ ավելի է մեծանում: …Մենք կարող է տանը մեր շորը հանեինք, գցեինք մի կողմ` մտածելով մայրիկը կհավաքի, իսկ բանակում մենք ինքնուրույն ենք ու գնահատում ենք յուրաքանչյուր աշխատանք, թեկուզ չնչին, որ կատարում ենք: Դա քո աշխատանքն է` անկախ նրանից մեծ է, փոքր է»:

Ծառայակից ընկերների հետ էլ համարյա ամեն օր է խոսում ու նշում, որ նրանց ոգին տեղն է, երբեք չեն ընկճվել, դեռ իրեն են ոգևորում, որ ամեն ինչ լավ է լինելու: «Վիրավորում ստանալու ժամանակ ինձ օգնած կամավոր տղաներից շատերի հետ շփում ունեմ, ինչպես նաև կապ ունեմ իմ պալատակից ընկերների` Արման Ավետիսյանի, Արսեն Մեհրաբյանի հետ: Իսկ Սարգիս Ստեփանյանը (վիրավոր ընկերոջը չեզոք գոտուց դուրս հանելիս երկու ոտքն ու աջ ձեռքը կորցրած ՀՀ ԶՈՒ մայոր), ճիշտ է պալատից չէ, բայց մեզ ոգևորողներից է: Իրեն տեսնելով ուղղակի մեջդ հպարտություն է առաջանում, «չեմ կարողանումը» մոռանում ես, որովհետև իր վնասվածքների դիմաց, քոնը ոչինչ է»,- ասում է Նորայր Զախարյանը:

Զինվորին նաև փողոցում են ճանաչում, քայլելիս անընդհատ շշուկներ է լսում` «սա հեռուստացույցի մեջի տղան չէ՞», նաև մոտենում ու իրենց գնահատանքի խոսքն են փոխանցում Նորայրին, որից նա միայն ուրախանում ու էլ ավելի է հպարտանում. «մարդիկ իրենց սրտի թելադրանքով արտահայտվում են, գնահատում մեր արածը: Ժողովրդի վերաբերմունքը շատ բարձր է»:

Անի Նազարյան



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]