Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանյան բեսթսելեր 4/26. ամռան վերջին ամենաշատը գնել են «Խատուտիկի գինի»-ն

Երևանյան բեսթսելեր 4/26. ամռան վերջին ամենաշատը գնել են «Խատուտիկի գինի»-ն

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «Խատուտիկի գինի» ստեղծագործությունը: Այն ամերիկացի ականավոր գրող Ռեյ Բրեդբըրիի ամենաճանաչված գործերից մեկն է (1957): Կարոտաբաղձությամբ դրոշմված ինքնակենսագրական բնույթի վեպ է, որը, հեղինակի բնորոշմամբ, իր պատանեկան տարիների «խատուտիկների բերքահավաքն է», ըստ այդմ էլ՝ «ինչպես կյանքի, այնպես էլ մահվան, ինչպես լույսի, այնպես էլ խավարի, ինչպես պատանության, այնպես էլ լիակատար ահի ներբողումը»: Բրեդբըրին մեծ գրողին վայել վարպետությամբ իր պատմությունները շաղախում է խենթ ռոմանտիզմի, նրբին բանաստեղծականության ու անմոռանալի հումորի վառվռուն ցոլքերով, որոնք «Խատուտիկի գինին» դարձնում են ամեն տարիքի և կարգի ընթերցողին սրտամոտ հազվագյուտ գիրք: Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Երկրորդ տեղում անգլիացի գրող Օսկար Ուայլդի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է` «Դորիան Գրեյի դիմանկարը»:  Առաջին անգամ վեպը հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում, իսկ առանձին գրքով տպագրվել է միայն 1891 թվականի ապրիլին:

Մարկ Արենի «Այնտեղորտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունը երրորդ հորիզոնականում է: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն ստեղծագործությունն է, որտեղ նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակել է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր` հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» ստեղծագործությունը վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղում է: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը: Այն առաջին անգամ տպագրվել է 1958 թ.: Գրքի կենտրոնական թեման սերն է, սակայն Մարկեսն անդրադառնում է շատ այլ խորքային բնույթ կրող խնդիրների:

Այս շաբաթ տասնյակում հինգերորդը Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի ընտանիքը տան հեռուստապատերն են, որոնց ստեղծած իրականության գրկում ապրում է Միլդրեդը՝ նրա կինը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ թաքստոցները կամովին մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը: Ի դեպ, սա այս ստեղծագործության երկրորդ թարգմանությունն է, առաջինը կատարել է Լևոն Անանյանը:

Տասնյակի վեցերորդ հորիզոնականում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» գիրքը: Այն Գրինի ամենատխուր ստեղծագործություններից մեկն է, որը գրողը նվիրել է Էսթեր Ըրլին: Գրքի հերոսները քաղցկեղով հիվանդ երիտասարդներ են, սակայն 2014 թվականի ամենավաճառված և The New York Times-ի կողմից բեսթսելեր ճանաչված այս գիրքը հիվանդության ու մահվան մասին մռայլ պատմություն չէ, այն կյանքը սիրելու և վերջին րոպեներն իմաստավորված ապրելու մասին է:

Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» գիրքն այս ամռան վերջին «Երևանյան բեսթսելեր»-ի աղյուսակում առաջին անգամ է հայտնվել ու յոթերորդ հորիզոնականը գրավել: Վեպը թարգմանվել է տասնյակ լեզուներով: Մասնագիտությամբ թարգմանիչ նորապսակ Խուան Ռանսը կնոջ հետ մեկնում է ամուսնական ճանապարհորդության: Լա Հավանայի պատշգամբից դուրս նայելիս նկատում է փողոցում սպասող անծանոթուհուն և, ինքն էլ չցանկանալով, ունկնդիրը դառնում մի խոսակցության: Այդ պահից ի վեր այլևս անհնար է ազատվել «տհաճության զգացումից», որն ուղեկցվելու է ամուսնական կյանքի ամբողջ ընթացքում: Իսկ գուցե այդ «տհաճությունը» գալիս է վաղ անցյալից, ո՞վ գիտի: «Այնքան սպիտակ սիրտը» վեպը գաղտնիքների, դրանց հնարավոր վտանգավորության, ամուսնության, սպանությունների, կասկածի, խոսելու և լռելու մասին է, սպիտակ սրտերի մասին, որոնք կամաց-կամաց ներկվում են՝ դառնալով այնպիսին, ինչպիսին երբեք չէին ցանկանա լինել: Գիրքն իսպաներենից թարգմանել է Ռուզաննա Պետրոսյանը, հրատարակել է «Անտարես»-ը:

Ութերորդ տեղում Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպն է, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Իններորդում Ժան-Պոլ Սարտրի «Սրտխառնոց» գիրքն է: Այն էքզիստենցիալիստ գրողի ամենահայտնի ստեղծագործություններից է: «Սրտխառնոց» վեպում գլխավոր հերոս Ռոկանտեսին բախտ է վիճակվում բացել էքզիստենցիալիզմի հիմնական գաղափարը։ Նրա առջև բացվում է դեպի ներաշխարհ ուղեկցողը։ Նա գտնում է էությունն ու անէությունը, աշխարհն իր մեջ և իր համար։

Վարկանիշային աղյուսակն այս շաբաթ եզրափակում է Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»: Վեպը Խեչոյան արվեստագետի և մարդու պատգամն է՝ ապրողներին և երկրի ապագան կերտողների։ Ակնարկային և լրագրողական ոճական հնարանքների, գիտական և գրողական վերլուծությունների և նկարագրությունների միահյուսումը՝ միայն մեկ նպատակ է հետապնդում. Խեչոյանը ամեն ինչ, անգամ իր գրականությունն է դնում զոհասեղանին՝ աշխարհում արդարություն հաստատելու համար։

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +4

Ռեյ Բրեդբըրի

«Խատուտիկի գինի»

Անտարես 12
2 0

Օսկար Ուայլդ

«Դորիան Գրեյի դիմանկարը»

Էդիթ Պրինտ 11
3 0

Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Բուկինիստ 10
4 -4

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 10
5 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451°»

Զանգակ 8
6 0

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

էդիթ Պրինտ 7
7 Նոր

Խավիեր Մարիաս

 «Այնքան սպիտակ սիրտը»

Անտարես 6
8 *

Գարսիա Մարկես

«Հարյուր տարվա մենություն»

Բուկինիստ 6
9 -5

Ժան-Պոլ Սարտրի

«Սրտխառնոց» 

Անտարես 4
10 *

Լևոն Խեչոյան

«Մհերի դռան գիրքը»

Անտարես 3

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անի Նազարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]