Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կրթության և գիտության նախարարը մասնակցել է Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստին

Կրթության և գիտության նախարարը մասնակցել է Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի 
ընդլայնված նիստին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային համալսարանում մայիսի 31-ին տեղի է ունեցել  «Հյուսիսային համալսարանի  դիմակայությունը 21-րդ դարի մարտահրավերներին» խորագրով գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և  տեղեկատվության վարչությունից, նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախում զոհված զինծառայողների: Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Ողջունելով նիստի մասնակիցներին` նախարարը նշել է, որ 20 տարվա պատմությունը բուհի համար բավական լուրջ այցեքարտ է: «Հյուսիսային համալսարանը կայացած բուհ է, որն ապրում է իր կյանքով, ունի քաղաքացիական ակտիվություն: Համալսարանը մեկն է այն բուհերից, որն ակտիվորեն մասնակցել է նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես վստահորեն կարող եմ ասել, որ բուհում ձևավորվել է հայրենասիրության դրական մթնոլորտ»,- նշել է նախարարը` անդրադառնալով մեր երկրում բարձրագույն կրթության հիմնախնդիրներին: «Ներկա տեղեկատվական դարաշրջանում գիտելիքի 80 տոկոսն ուսանողն ինքն է ստեղծում, դասախոսներն ընդամենն օգնում են դասավորել գիտելիքը: Ներկայումս եթե ուսանողն ու դասախոսն ամեն օր չաշխատեն իրենց վրա, նրանք դուրս կմնան ժամանակակից գործընթացներից: Դրա համար պետք է փորձենք արմատապես վերարաժևորել կրթական համակարգը, որ կարողանանք մեր երկրում լուրջ խնդիրներ լուծել»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ օրենքի առջև հավասար են բոլոր համալսարանները` պետական և ոչ պետական,  և բուհական համակարգի ձևաչափը հիմնախդրի մեջ է` մի դեպքում պետությունը հանդես է գալիս որպես հիմնադիր և այդ դեպքում նրանք շահույթ չեն հետապնդում, իսկ մասնավոր համալսարանների մեծ մասը ՍՊԸ-ներ են և շահույթի նպատակ ունեն: «Հիմա պետք է փորձենք օրենքով մի քիչ ավելի կատարելագործել այդ ձևաչափը` վերականգնելով ինստիտուտ, համալսարան հասկացողությունները և հնարավորություն տանք, որ բուհն ինքը, անկախ իր սեփականության ձևից, կարողանա ընտրել` ինքը շահույթի նպատակ պետք է հետապնդի՞, թե՞ ոչ: Այդ ձևաչափի վրա հիմա մենք աշխատում ենք «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում»,- նշել է նախարարը` բոլոր բուհերին կոչ անելով ակտիվ մասնակցել օրենքի քննարկումներին: Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ առաջիկայում պետք է հասնել նրան, որ իրարից տարանջատվեն միասնական քննությունները, մրցույթն ու պետպատվերով հատկացվող անվճար տեղերը:  Ըստ նախարարի` այն, որ այս ամենը մի տեղում է կենտրոնացված, հանգեցնում է անհավասարության: «Պետք է կարողանանք հասնել նրան, որ դիմորդը ԳԹԿ-ում հանձնի քննություն` առանց նշելու, թե որ բուհ է պատրաստվում դիմել, հետո դիմի մեկ այլ հաստատություն` անվճարի համար իր փաստաթղթերը վերցնելու, և այս դեպքում մենք պետք է առաջնայնությունը տանք սոցիալապես անապահով խմբերին: Այս ամենից հետո միայն, ունենալով երկու փաստաթղթերը, դիմորդն ազատ կլինի դիմել որևէ բուհ, որը հետո կհայտարարի իր ընդունելության շեմը: Նման ձևաչափով կազմակերպելով ընդունելությունը` համակարգում երկու խնդիր կլուծվի` սոցիալական արդարության և պետական ու մասնավոր բուհերի միջև առկա` պետպատվերով տեղերի հետ կապված խոսակցությունների վերացման: Բացի այդ, անհրաժեշտ է ընդլայնել համալսարանական ինքնակառավարումը»,- նշել է նախարարը: 
Բուհի ռեկտոր Բորիս Մակիչյանն էլ հերթին նշել է, որ բուհն իր առաքելությունն ունի, և իրենց համար առաջին հերթին կարևոր է  լավ քաղաքացի դաստիարակելը: «Ապրիլյան ծանր օրերին մենք մեր ուսանողների հետ կամավորական խումբ էին ձևավորել` 100 հոգուց կազմված, սակայն, բարեբախտաբար, պատերազմն ավարտվեց, և մեր կարիքը չեղավ, սակայն մենք կազմ ու պատրաստ ենք: Ի դեպ, ասեմ նաև, որ այդ օրերին զոհված զինծառայողների ընտանիքների անդամները մեզ մոտ անվճար սովորելու հնարավորություն ունեն, նրանց նաև հանրակացարանով կապահովենք»,- նշել է ռեկտորը: 

Նիստի ընթացքում հնչել են նաև այլ ելույթներ, ինչպես նաև ներկայացվել են համալսարանի հիմնադրման 20-ամյակի միջոցառումների ընթացքը և առաջիկա անելիքները: Նշենք, որ հեբելյանական միջոցառումների ընթացքում տեղի կունենա երկու գիտաժողով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am