Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջեմ Օզդեմիրի կարծիքով Բունդեսթագը կհաստատի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

 Ջեմ Օզդեմիրի կարծիքով Բունդեսթագը կհաստատի Հայոց ցեղասպանության ճանաչման 
բանաձևը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի «Կանաչների կուսակցության» համանախագահ, թուրքական ծագումով գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը մեկնաբանություններ է արել այս շաբաթ Բունդեսթագում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վերաբերյալ: Օզդեմիրը կարծիք է հայտնել, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանական կուսակցությունները կհաստատեն իրենց կողմից համատեղ մշակված օրինագիծը:

Անդրադառնալով նաև պատմական փաստերի ուսումնասիրման նպատակով հատուկ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Էրդողանի առաջարկին՝ Օզդեմիրն այն անիմաստ է համարել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ermenihaber-ը, դիմելով Անկարային՝ Օզդեմիրը շեշտել է, որ Թուրքիան պետք է հստակեցնի, թե հայկական հարցի շրջանակում կոկրետ ինչ է ուզում: Ըստ գործչի՝ ցյուրիխյան արձանագրությունները ստորագրելն ու հետո դրանցից հրաժարվելը Թուրքիայի կողմից ճիշտ քայլ չէր և Թուրքիայի արտաքին քաղաքականությունն այս հարցում զիգզագաձև է:

Վերջում «Կանաչների» համանախագահը հավելել է, որ իր մայրը հայկական հարցի վերաբերյալ միշտ որպես օրինակ պատմել է Քյութահիայի կառավարչի պատմությունը, ով ընդդիմացել էր հայերի տեղահանությանը: Օզդեմիրը բոլորին կոչ է արել ընդունել տեղի ունեցածը: Նա նաև նշել է, որ ուրիշներին գիտակցաբար վնաս տալը հարիր չէ այն իսլամին, որն իրեն իր մայրն է սովորեցրել:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասինբանաձև, որում, սակայն, նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության Նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]