Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայկական PR մրցանակաբաշխություն 2015». պետական կառույցները, հանրային անձինք ու ԶԼՄ-ները խոշորացույցի տակ

«Հայկական PR մրցանակաբաշխություն 2015». պետական կառույցները, հանրային անձինք ու 
ԶԼՄ-ները խոշորացույցի տակ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հասարակայնության հետ կապերի ոլորտի (PR) առաջընթացը խթանելուն ուղղված անդրանիկ «Հայկական PR մրցանակաբաշխություն»-ը պարգևատրեց 2015-ի լավագույններին: Պետական գերատեսչությունների, զանգվածային լրատվամիջոցների ու ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող միջոցառմանը մրցանակներ հանձնվեցին 13 անվանակարգերում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակաբաշխության կազմակերպիչ, «Հայկական PR ասոցիացիա» ՀԿ ղեկավար

Աստղիկ Ավետիսյանը հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը կխթանի տարբեր կազմակերպությունների ու գերատեսչությունների հանրային կապերի մասնագետների միջև մրցակցությունը, որից էլ կշահի հասարակությունը: «Մենք յուրաքանչյուր տարի խոշորացույցով հետևելու ենք ձեր գործունեությանն ու ազդարարելու ենք լավագույններին»,-ասաց Աստղիկ Ավետիսյանը: Մրցանակաբաշխության աջակից «Բիլայն Արմենիա» գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նկատեց, որ Հայաստանում այս ոլորտում կան տաղանդավոր մասնագետներ, որոնց պարգևատրելով ցանկանում են խրախուսել մյուսներին, որպեսզի ձգտեն վերելքների: «Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` ես իմ սեփական փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կայացնել ճիշտ որոշումներ և օգտագործել հաղորդակցության ճիշտ մոդելներ: Հանրային կապերի գրագետ մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած բիզնեսում կամ հասարակական գործչի համար»,-ասաց նա:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Տարվա մամուլի քարտուղար անվանակարգում հաղթեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար` նա նշեց, որ այն պարտավորեցնում է իրեն էլ ավելի լավ աշխատելու համար: «Կարծում եմ, որ շարունակում եմ ծառայել զինված ուժերում` պարզապես այլ ձևի աշխատանք տանելով: Հետասյու պետք է անել ավելին, մեր հասարակությունը, ժողովուրդը, լրագրողները առաջին տեղում են, մենք էլ պետք է համապատասխանենք այդ չափորոշիչներին»,-ասաց նա:

Տարվա հրապարակային գործիչ ճանաչվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Տարվա քաղաքական գործիչը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էր:  «Իրապես պարտավորեցնող է, պետք է ասեմ, որ չորս տարի առաջ, երբ ԱԺ նախընտրական քարոզարշավն էի իրականացնում, մի խոստում եմ տվել` ասելով, որ լինելու եմ հասանելի, կարծում եմ` այսօր ունեմ դրա գնահատականը»,-ասաց պատգամավորը:

Տարվա պետական կառույց ճանաչվեց Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:                                                
ՀՀ սփյուռքի նախարարության հատուկ մրցանակին արժանացավ Հանրային հեռուստատեսության «Առավոտ լուսո» ծրագիրը Հայաստան-Սփյուռք գործակցությունը հնարավորինս մանրամասն ներկայացնելու համար:

Պաշտպանության նախարարության հատուկ մրցանակը գերազանց համագործակցության համար տրվեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին:

ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ մրցանակը տրվեց «Էկոլուր» հասարակական կազմակերպությանն ու համանուն կայքին` համատեղ աշխատանքի համար:   

ՀՀ առողջապահության նախարարության հատուկ մրցանակին արժանացավ Սուսաննա Հարությունյանը առողջապահական թեմաների իրազեկմանը մասնակցություն ունենալու համար:

Տարվա ճգնաժամային կառավարում անվանակարգում հաղթեց ՀՀ պաշտպանության նախարարությունը:  

 

Տարվա ֆինանսական PR անվանակարգի հաղթողը Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկն է` «Ամեն բան լավ է լինելու» ակցիայի համար:  

Տարվա PR նախագիծ ճանաչվեց «Հարյուր կյանք»-ը:

Տարվա PR իրադարձությունը «System of a Down» ռոք խմբի` 2015-ի ապրիլի 23-ին Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» բացօթյա համերգն է: Սերժ Թանկյանը տեղաուղերձ էր հղել` շնորհակալություն հայտնելով համերգը տարվա լավագույն իարդարձությունը ճանաչելու կապակցությամբ;

Տարվա իմիջային PR անվանակարգում հաղթող ճանաչվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովը ցեղասպանության100 տարելիցը ոչ թե սգո, այլև վերածնունդի խորհրդով ներկայացնելու համար:

Տարվա ԶԼՄ ճանաչվեց «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը:

Տարվա մշակութային PR անվանակարգում հաղթողը Տերյան մշակութային կենտրոնի «Երևանյան տարազ ֆեսթ» նախաձեռնությունն է::

Հայաստանի բարեկամ ճանաչվեց Հայաստանում Լիտվայի արտակարգ ու լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Հայկական բրենդ անվանակարգում հաղթողը ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է:

Մրցանակաբաշխության կազմակերպիչներից «Բիլայն Արմենիա»-ի հատուկ մրցանակին արժանացավ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը` որպես համացանցի լավագույն գիտակ:

«Հայկական PR ասոցիացիա»-ի հատուկ մրցանակը տրվեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, ինչպես նաև Արա Սաղաթելյանին` որպես Հայաստանում առաջին PR կազմակերպության հիմնադրի,: 

Ողջ միջոցառմանը համերգային գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը: 

Մրցանակակիրներն ընտրվել են հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների հիման վրա: Ուսումնասիրությանը մասնակցել է 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, անցկացվել է 7 ֆոկուս խումբ: Ուսումնասիրությունները ներառել են պետական մարմինների(մամուլի քարտուղարներ, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարներ), բանկային համակարգի մասնագետներ, ԶԼՄ կողմից կատարված աշխատանքներ, ինչպես նաև 2015-ին իրականացված PR նախագծեր ու միջոցոռումներ: Թեկնածուների ցանկից հաղթողներին ընտրել է հանձնաժողովը, որի կազմում են ԶԼՄ ներկայացուցիչներ, հայտնի հասարակական ու պետական գործիչներ, հեռուստահաղորդավորներ և PR ոլորտի մասնագետներ. Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գևորգ Ալթունյան, Հրուչուհի-Մերի Պողոսյան, Տաթև Այրումյան, Աստղիկ Սվետիսյան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]