Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բացվեց ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների ցուցահանդեսը

 Բացվեց ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ տեղի ունեցավ լուսանկարիչ, ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների ցուցահանդեսի բացումը եւ «Անկախության ճանապարհին» խորագիրը կրող գրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված են հայ ազգի պատմության մեջ 3 կարեւորագույն իրադարձությունների` Արցախյան շարժման, Գյումրու երկրաշարժի եւ պատերազմի տարիներին լուսանկարչի արված աշխատանքները: Լուսանկարիչը ֆիքսել է այդ տարիներին հայ ժողովրդի կյանքի բացառապես բոլոր դրվագները` թե ինչպես է հայը սգում եւ հաղթահարում երկրաշարժը, ինչպես է ապրում ռմբակոծությունների տակ, ինչպես է ժպիտով պայքարում թշնամու դեմ, ինչպես է ցույց տալիս իր միասնականության ուժը եւ ի վերջո թե ինչպես է գնում դեպի այդ անկախությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանի խոսքով` վայրը հատուկ է ընտրված, քանի որ հենց այս հուշահամալիրում է ավելի հստակ արտահայտվում անկախության եւ պետականության արժեքը:

«Ռուբեն Մանգասարյանի աշխատանքներից լույս է ճառագում, լուսանկարները ներկայացնում են բացառիկ պատմագեղարվեստական արժեք: Այսպես լուսանկարիչը մեզ տեղափոխում է այն դժվարին տարիները, երբ մենք անկախության ճանապարհին մաքառում էինք այս անկախության համար: Ամեն հայ ամենից առաջ պետք է հասկանա, թե ինչ դժվար  ճանապարհ է անցել այդ սերունդը, որպեսզի կարողանա ամրապնդել այն բոլոր արժեքները, որոնք ստեղծվեցին այս անկախության տարիներին եւ դեռ ստեղծվելու են»,- ասաց թանգարանի տնօրենը:

Ռուբեն Մանգասարյանի պատանեկության ընկերը` ռեժիսոր Արզուման Հարությունյանը, կարոտով է հիշում թե՛ ընկերոջը, թե՛ համատեղ աշխատանքը պատերազմի ծանր տարիներին: Նա կանգնում է լուսանկարներից մեկի կողքին ու հիշում.

«Ստեփանակերտի քաղաքային զբոսայգու կարուսելն էր, որը փորձեցինք միասին աշխատեցնել, երեխաները կախվում էին կարուսելից ու աշխատեցնում: Ես տեսանյութեր էի անում,  Ռուբենը` ֆոտո: Շատ էինք սպասում, որ այդ օրը կգա, որ այն իրոք կաշխատի: Այդ ժամանակ կար ազգի ոգին բարձրացնելու խնդիր, հասկացնելու, որ  դու քո հողի վրա ես ու իրավունք  չունես քո հողերը հանձնելու, որովհետեւ ու՞մ թողնես այս կարուսելը, այս  հրաշքը: Ես ու Ռուբենը շատ երկար ճամփա ենք անցել. եթե չասեմ աշխարհի, ապա Հայաստանում եւ  հետխորհրդային տարածքում նա լավագույններից մեկն էր, քանի որ նման մակարդակի ֆոտոլրագրություն հայերը շատ քիչ են ունեցել:  Եթե նա մեզ չլքեր, միանշանակ համաշխարհային դեմքերի հետ ոտք կգցեր, որովհետեւ նայում ես իր գործերին ու զգում ես նրա` այդ խորաթափանցությունը տեսնելու  ու զգալու,  այդ պահը ֆիքսելու ու վերադարձելու ունակությունը»: 

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Ռուբեն Մանգասարյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 29-ին, Երեւանում: Մոտ 25-ամյա փորձ ունեցող ֆոտոլրագրողի նկարները պատկերում են Հայաստանի անցած պատմական ճանապարհը, նրա ողբերգական և ծանր տարիները` Սպիտակի երկրաշարժ, Ղարաբաղյան շարժում, պատերազմ, սոցիալական ծանր իրականություն, Հայաստանի անկախացում, հայ-թուրքական հարաբերություններ և այլն: Ռ. Մանգասարյանը հեղինակել է լուսանկարչական ռեպորտաժներ, որոնք տպագրվել են «Թայմս», «Բոստոն Գլոբ», «Ֆիգարո», «Ջեո Կորեա», «Նյու-Յորք Թայմս», «Ֆոկուս» և մի շարք այլ  պարբերականներում: Նա համագործակցել է «AP», «Ֆրանս-պրես», «Ռոյթերս», «Իտառ-Տասս», «Ռիա-Նովոստի» և այլ գործակալությունների հետ: Ռուբեն Մանգասարյանին հաջողվել էր ձեռք բերել ամերիկյան նշանավոր «National Geographic Traveler» հանդեսի հայաստանյան տարբերակը հրատարակելու իրավունքը:

Ռուբեն Մանգասարյանը կյանքից հեռացավ 2009 թվականին: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]