Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը 150 տարեկան է

Երևանի Խաչատուր Աբովյանի  անվան դպրոցը 150 տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի Խ.Աբովյանի անվան հ. 84 դպրոց, ներկա գտնվել կրթօջախի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջոցառմանը: Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի, ուսուցչական կոլեկտիվի և հոբելյանի առիթով դպրոց այցելած հյուրերի հետ միասին նախ ծաղիկներ է խոնարհել Խաչատուր Աբովյանի արձանին, հարգանքի տուրք մատուցել հայ ականավոր գրողի հիշատակին: Այնուհետ Տարոն Մարգարյանը խորհրդանշական եղևնի է տնկել կրթօջախի բակում: Տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև դպրոցում ձևավորված Աբովյանի անվան թանգարան-դասասենյակ, ծանոթացել մեծ գրողի մասին պատմող ու դպրոցի գործունեությունը ներկայացնող ցուցանմուշներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով ներկաներին հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ 150-ամյա դպրոցը շարունակելու է իր իսկ ձևավորած բարի այն ավանդույթները, որոնք, ըստ էության, ապահովել են կրթօջախի մեկուկես դարյա չընդհատվող ուղին:

«Այսօր քիչ կրթօջախներ կան, որ կարող են հպարտանալ 150 տարվա կենսագրությամբ: Ձեր դպրոցն այդ եզակիներից մեկն է: Եվ իմ խորին համոզմամբ այդ երկարակեցության գաղտնիքը այս դպրոցի տարբեր տարիների ուսուցիչների նվիրված աշխատանքի արդյունքն է, քանի որ ուսուցիչը ոչ թե մասնագիտություն է, այլ առաքելություն: Ընդ որում պատասխանատու առաքելություն, քանի որ հենց ուսուցիչների շնորհիվ է ձևավորվում մեր ապագան, մեր վաղվա օրը: Ակնհայտ է, որ այստեղ նաև հայրենասեր սերունդներ դաստիարակելու առաքելությունն է պատվով կատարվում: Կրթօջախի շրջանավարտներից երեքը դեռ Արցախյան ազատամարտի ժամանակ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի: Եվս երեքն էլ հերոսացան այս տարվա ապրիլին: Հավերժ փառք նրանց և մեր բոլոր հերոսների հիշատակին: Համոզված եմ, որ դպրոցը շարունակելու է իր ձևավորած բարի ավանդույթներն ու դեռ շատ սերունդներ է ճանապարհելու մեծ կյանք, ովքեր հաստատ իրենց կարևոր ներդրումն են ունենալու թե՛ մեր երկրի և թե՛ մայրաքաղաք Երևանի զարգացման ու հզորացման գործում», - ընդգծել է քաղաքապետը:

Հոբելյանական օրվան նվիրված միջոցառման շրջանակում դպրոցի հիմնադրման 150-ամյակի առթիվ, կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար Երևանի Խ. Աբովյանի անվան հ. 84 դպրոցի տնօրեն Արկադի Էլոյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։

Կրթության ոլորտում ունեցած հաջողությունների և ներդրած ավադի համար դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինա Մարտիրոսյանն ու հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Գասպարյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով։

Կրթության բնագավառում ունեցած ձեռքբերումների և հոբելյանի առթիվ դպրոցի համակազմը պարգևատրվել է «Երևանի Զինանշան» հուշամեդալով: Կրթօջախի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]