Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Երևանյան ամառ 2016»-ը հագեցած կլինի մշակութային, զբոսաշրջային և մարզական միջոցառումներով

«Երևանյան ամառ 2016»-ը հագեցած կլինի մշակութային, զբոսաշրջային և մարզական 
միջոցառումներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաք Երևանում չորրորդ տարին անընդմեջ կանցկացվի «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը՝ երեք հիմնական ուղղությամբ` մշակութային, զբոսաշրջային և մարզական: Միջոցառումները կմեկնարկեն հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը:  Ծրագրի մանրամասներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Երևանյան ամառ 2016» ծրագրով նախատեսված են ավանդական դարձած 54 հիմնական միջոցառումներ՝ փառատոներ, ցուցահանդեսներ, բացօթյա համերգներ, մարզական մրցույթներ, ինչպես նաև պետական, հոգևոր, ազգային ու միջազգային օրացուցային տոներ: Արդեն ավանդական դարձած և սիրված ծրագրերից Երևանում կրկին կանցկացվեն «Պարում է հայը», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Ձմերուկի փառատոները:

«Երևանյան ամառ ծրագրի մի շարք միջոցառումներ սիրվել են ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլև Երևան այցելող զբոսաշրջիկների կողմից: Դրանցից մեկն էլ հայկական ուտեստների «Համով-հոտով Երևան» փառատոնն է, որը կազմակերպվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի հետ համատեղ: Վստահ եմ, որ, ինչպես այս, այնպես էլ մյուս փառատոներն ու միջոցառումները Երևանն առավել գրավիչ են դարձնում հատկապես միջոցառումային տուրիզմով հետաքրքրվող զբոսաշրջիկների համար և նպաստում ոլորտի զարգացմանը» ,- նշել է Ռուբեն Հովհաննիսյանը:

«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, զբոսայգիներում և հանգստի գոտիներում: Երևանյան երեկոները կուղեկցվեն երաժշտական ավանդական ՝ «Երևանյան բառդ», «Հնչում է Երևանը» միջոցառումներով: Հետաքրքիր ձևով կնշվի նաև Թարգմանչաց տոնը: Ամռան երեք ամիսներին տարբեր ցուցադրություններով հանդես կգան  Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններն և ցուցասրահները: «Երևանյան ամառ 2016»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր՝ համայնքային ենթակայության Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, «Էդուրադ Իսաբեկյան» ցուցասրահում և «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում  մուտքը կլինի ազատ. այցելուները կարող են ներկայացնել նաև միջոցառումների ծրագրի բուկլետը:

Այս ամառը հագեցած կլինի նաև մարզական միջոցառումներով՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի մրցաշար, «Yerevan Color Run» վազքի մարաթոն, Մոտոկրոսի միջազգային առաջնություն և «Երևան դրիֆթքինգ» ավտոշոու:

Ծրագրի մասին տեղեկատվական բուկլետներն արդեն այսօրվանից կբաժանվեն բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, հասարակական տրանսպորտում:

«Մեր կողմից երևանցիների շրջանում  «Երանյան ամառ» ծրագրի վերաբերյալ հարցումները ցույց են տվել, որ այս տարիների ընթացքում ծրագիրն իսկապես սիրվել է: Եվ ինչպես ամեն տարի, այս տարի ևս ծրագիրն ուղղված է մեր համաքաղաքացիների, ինչպես նաև մայրաքաղաքի հյուրերի առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից  դարձնելուն: Նշեմ նաև, որ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ: Ի դեպ, այս տարի Երևանի քաղաքապետարանը հանդես եկավ մի նախաձեռնությամբ և զգալի կրճատվեցին մշակութային միջոցառումների համար նախատեսված միջոցները, որոնք ուղղվել և ուղղվելու են ապրիլին առաջնագծում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին», - նշել է Արազ Բաղդասարյանը:

«Երևանյան ամառ 2016» միջոցառումների ծրագիրը կեզրափակվի օգոստոսի 31-ին՝ «Ցտեսությու´ն, ամառ» խորագրով համերգային ծրագրով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]