Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երկու հայ աթլետներ նվաճեցին Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր

Երկու հայ աթլետներ նվաճեցին  Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր

ԱՐՏԱՇԱՏ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի քաղաքային մարզադաշտում մայիսի 28-ին եւ 29-ին անցկացված աթլետիկայի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի առաջնությանը երեւանցի Գայանե Չիլոյանը (200մ վազք` 23ր  16 վրկ արդյունք) եւ կապանցի Լեւոն Աղասյանը (եռացատկ` 16մ 85 սմ արդյունք), բացի Հայաստանի այս տարվա չեմպիոններ հռչակվելուց, լրացրեցին նաեւ վարկանիշային աղյուսակը` հնարավորություն ստանալով օգոստոսին մասնակցելու Բրազիլիայում կայանալիք Օլիմպիական խաղերին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, աթլետիկայի մարզիչ Գրիգոր Սիմոնյանը նշեց, որ բարձր արդյունք գրանցեց նաեւ վանաձորցի Լիլիթ Հարությունյանը (400 մ արգելավազք)` դառնալով Հայաստանի չեմպիոն, սակայն նրա մասնակցությունը դեռ պետք է հաստատվի Աթլետիկայի Եվրոպական ֆեդերացիայի կողմից: Նա դեռեւս Օլիմպիական խաղերին մասնակցելու թեկնածու է:

100 մ եւ 200 մ վազք մրցաձեւերում Հայաստանի չեմպիոններ դարձան երեւանցիներ Արթուր Մուրադյանը եւ Գայանե Չիլոյանը, 400 մ վազքում` արցախցի Ստելլա Թամրազյանը եւ գյումրեցի Տիգրան Մկրտչյանը, 800 մ վազքում` վանաձորցի Էլլադա Ավետիսյանը եւ  Տիգրան Մկրտչյանը, 3000 մ վազքում` Ստելլա Թամրազյանը եւ գյումրեցի Երվանդ Մկրտչյանը, 400 մ արգելավազքում` վանաձորցիներ Նարեկ Ղուկասյանը եւ Լիլիթ Հարությունյանը, գնդի հրում մրցաձեւում` գյումրեցիներ Ալբերտ Մարտիրոսյանը եւ Հերմինե Ավետիսյանը, հեռացատկում` վանաձորցի Գոռ Ներկարարյանը եւ գյումրեցի Քրիստինե Հարությունյանը, սկավառակի նետում մրցաձեւում` գյումրեցիներ Հերմինե Ավետիսյանը եւ Ալբերտ Մարտիրոսյանը, եռացատկում` կապանցի Լեւոն Աղասյանը, նիզակի նետում մրցաձեւում` գյումրեցիներ Քրիստինե Հարությունյանը եւ Ալբերտ Մարտիրոսյանը:  4x100մ փոխանցումավազքում չեմպիոններ դարձան աղջիկների եւ տղաների Երեւանի թիմերը, իսկ  4x400մ փոխանցումավազքում` Վանաձորի թիմերը: Եռացատկ մրցաձեւում աղջիկների շրջանում մրցումներ չանցկացվեցին` մասնակիցների քիչ լինելու պատճառով:

Գրիգոր Սիմոնյանն անդրադառնալով այս տարվա մասնակիցների պատրաստվածությանն ընդգծեց. «Մասնակցության էին եկել շատ լավ մարզավիճակում գտնվող աթլետներ: Նրանցից նույնիսկ մի քանիսը 2-3 մրցաձեւերում դարձան չեմպիոններ: Նկատելի է, որ տարեցտարի մարզիկներն իրենց արդյունքները բարելավում են` դրանով իսկ Հայաստանում անցկացվող առաջնությունը մոտեցնելով միջազգային կարգի մրցումների մակարդակին եւ ցուցանիշներին» Նա ավելացրեց, թե քանի որ Օլիպիական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ անգամ, ապա այս տարվա առաջնությունն արդեն ապահովեց մեր մասնակիցներից երկուսի մասնակցությունը, իսկ երրորդինը դեռեւս հաստատման փուլում է:

Սիմոնյանն, անդրադառնալով արտաշատցիների մասնակցությանը, նշեց, որ Արշակ Մխիթարյանը 200 մ վազք եւ նիզակի նետում մրցաձեւերում գրավեց երրորդ տեղը: Նույն հորիզոնականը զբաղեցրեց 4x100մ փոխանցումավազքում տղաների քառյակը: «Մենք ունենք ուժեղագույն մարզիկներ, որոնցից 5-ն այս տարի չկարողացան մասնակցել Հայաստանի առաջնությանը` դպրոցական «Վերջին զանգի» միջոցառումների, իսկ մեկն էլ` Վրաստանում գտնվելու պատճառով»,- ընդգծեց նա:

Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 200 մարզիկներ Արարատի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Կոտայքի մարզերից, Երեւանից եւ Արցախից: Երկու օր տեւած մրցաշարում մարզիկները մրցեցին ավելի քան 15 մարզաձեւերում` վազք 100 մ, 200 մ, 400 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ, արգելավազք, հեռացատկ, եռացատկ, բարձրացատկ, գնդի հրում, սկավառակի, մուրճի նետում, փոխանցումավազք  4x100 մ, 4x400 մ մրցաձեւերից:

Առաջնությանը ներկա էին հանրապետության մարզադպրոցների բազմաթիվ մարզիչներ, սպորտի վարպետներ: Մրցաշարին հետեւեցին ավելի քան 40 մրցավարներ: Գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Տիգրան Սիմոնյանը: Հաղթողները պարգեւատրվեցին գավաթներով, մեդալներով եւ պատվոգրերով:

Լիլիթ Մաճկալյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]