Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման սերունդ տեսնելու մասին. Սերժ Սարգսյան

«Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման սերունդ 
տեսնելու մասին. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցեց Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, զորահանդեսին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ հղեց Հանրապետության տոնի առթիվ: Նա նշեց, որ այս տոնը մեզ համար առաջին հերթին փրկության տոն է:

«Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը: Հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան: Մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սարդարապետի հուշահամալիրում ասաց Նախագահը: Նա ընդգծեց, որ Հայաստանի անկախությունն ու պետականությունը ոչ ոք չի նվիրել: Դրա համար հայ ազգը վճարել է այնքան, որքան, թերևս, ոչ ոք չի վճարել: Դա արվել է մենակ, ավելին՝ ի հեճուկս ճակատագրի հարվածների:

Նախագահն, անդրադառնալով այս տարվա ապրիլի սկզբի ռազմական իրադարձություններին, նշեց, որ դրանք ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը:

«Դրանց մեջ ինձ համար ամենակարևորը մեր նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որ և՛ մեզ, և՛ բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն է իր երկրի: 1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը: Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք: Կեցցե՛ Հանրապետության տոնը: Փա՛ռք մեր ժողովրդին»,-ասաց նախագահը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Նախագահի ելույթից հետո տեղի ունեցավ Հայաստանի Զինված ուժերի զինվորների հանդիսավոր քայլերթը: Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը,  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կառավարության, Ազգային ժողովի անդամները, հյուրերը ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Նրանք մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգանքի տուրք մատուցեցին մայիսյան հաղթանակները կերտած հայորդիների հիշատակին:

Լրագրողների հետ զրույցում հայ ժողովրդին տոնի առթիվ շնորհավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրայամյանը: Նա ընդգծեց, որ հայ ժողովրդի հաղթանակները շարունակական են լինելու:

«Շնորհավորում եմ հայ ժողովրդին այս գեղեցիկ տոնի առթիվ: Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է,  մաղթում եմ, որ այսուհետ ևս հայ ժողովրդի հաղթանակները շարունակվեն»,-ասաց վարչապետը: Լրագրողները կառավարության ղեկավարից հետաքրքրվեցին նաև օպտիմալացման  ու տնտեսական բարեփոխումների ընթացքին մասին: Վարչապետը նշեց, որ դրանց մասին կխոսի գործի ընթացքում, իսկ այսօր տոն է:

«Բարեփոխումներ, օպտիմալացում, այդ ամենը ժամանակի ընթացքում իրականացնում ենք»,-ավելացրեց նա: Լրագրողները հետաքրքրվեցին, եթե այս ընթացքում գործադիրը չկարողանա կատարել այն ծրագրերը, որոնց մասին վարչապետը բարձրաձայնել է, սպասվո՞ւմ են պաշտոնանկություններ բարձր մակարդակում: «Եթե չկարողանան իրականացնել  իրենց ծրագրերը, ապա ես համաձայն եմ ձեր առաջարկին»,-ավելացրեց վարչապետը:

Հայ ժողովորդի միասնությունը կարևոր ձեռքբերում համարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԵԿՄ առաջնորդ Մանվել Գրիգորյանը:

«Ոչ միայն տեղի հայերը, այլև աշխարհի տարբեր ծայրերից, 5-6 հազար կմ անցած մեր հայրենակիցներն են եկել կանգնել դիրքերում, իրենց աջակցությունը հայտնել:  Երկարապահն էլ եղել ու կա բանակի կողքին: Բանակում, առաջնագծում բարոյահոգաբանական վիճակը շատ լավ է, մեր զինվորները մարտունակ են, մարտական ոգին էլ` բարձր»,-ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, որ այժմ իրավիճակը հանգիստ է, բայց պետք է միշտ պատրաստ լինել ու չմոռանալ, թե ում հետ գործ ունենք:

«Ադրբեջանը երբ կարողանա, հային կսպանի, երբ կարողանա, արյուն կթափի, երբ կարողանա զինվորի գլուխ, ծերերի ականջ կկտրի: Դա նշանանում է, որ մենք տևական պայքարի մեջ ենք, հետևաբար, մենք պետք է միշտ պատրաստ լինենք ու թույլ չտանք դա»,-ասաց Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով Սամվել Բաբայանի վերադարձին` Մանվել Գրիգորյանը նշեց, որ ամեն հայի վերադարձի կարիք էլ կա:

Խոսելով կերտած հաղթանակների մասին` ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանn էլ նշեց, որ մենք ապրիլ ունեցել ենք մեծ հաջողություն, կարողացել ենք Ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել:

«Կա ժողովրդի միասնական կեցվածքի մասին վկայող փաստ, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց է տալիս, որ Ղարաբաղի հարցը շարունակում է  մնալ հայ ժողովրդի հիմնական օրակարգը: Ցույց է տալիս նաև մեր այն վճռականությունը, որ այս հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել»,-նշեց Հրանտ Մարգարյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]