Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Ղարաբաղյան հակամարտություն 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորմանն առնչվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում առկա է կետը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցությունների կողմ։ «Բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք մինչև այժմ քննարկվել, բանակցվել են ու որոնք ի պահ են տրվել գլխավոր քարտուղարության գրասենյակում, առկա է այդ կետը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին և առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնար կլինի որևէ փաստաթղթի, համաձայնագրի ստորագրումը»,-ասաց ԱԳ նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակությունը մայիսի 23-24-ն Ստամբուլում մասնակցել է Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի աշխատանքներին: ՀՀ ԱԳ փոխնախարարը գագաթաժողովի լիագումար նիստի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հակահայկական հայտարարություններին։ Աշոտ Հովակիմյանը նշել է. ‹‹Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ: Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար»:

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում և Անվտանգության խորհրդում: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ վերջին երկու տարվա կտրվածքով այս օրերին սահմանին իրավիճակն անհամեմատելիորեն հանգիստ է:  Նա նկատեց, որ կրակոցներ, զինադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են, բայց դրանք քանակական ու որակական առումով անհամեմատելի են այն իրավիճակի հետ, որն առկա է եղել վերջի երկու տարվա ընթացքում:

Հայոց ցեղասպանության դատապարտում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի քննարկումներին և շրջանառության մեջ դրված համապատասխան բանաձևին, որի ընդունումը, Նախագահի խոսքով, ցույց կտա, որ Գերմանիան, որպես Օսմանյան կայսրության երբեմնի դաշնակից, ևս մեկ անգամ կարող է շիտակ ու աներկբա նայել իր անցյալի որոշ էջերին և անցյալից դասեր քաղել: 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Այցի ավարտին Էդելգարդ Բուլմահնը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Լրագրողների հետ զրույցում Բունդեսթագի փոխնախագահը նշել է. «Տպավորված եմ թանգարան կատարած իմ այցից եւ ցավում եմ այն բոլոր տառապանքների համար, որ կրել է հայ ժողովուրդն այդ տարիներին: Ես՝ որպես Բունդեսթագի ներկայացուցիչ, պետք է ավելացնեմ նաեւ Գերմանիայի պատասխանատվության հարցը. մեր խորհրդարանը ջանում է իր պաշտոնական վերաբերմունքն արտահայտել կատարված իրադարձությունների վերաբերյալ եւ այդպես կանխարգելել նույնատիպ հանցագործությունների կրկնությունը»:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը հայտնեց, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի սպասվող քննարկման առնչությամբ Գերմանիայից դրական ազդակներ են գալիս: «Հուսադրող է եկող արձագանքը, գրեթե բոլոր խմբակցությունները համաձայն են, որ այլևս ժամանակն է քննադատելու Թուրքիան և ընդունելու Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը»,- ասաց Պետո Դեմիրճյանը:

Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին:

Իտալիայի Չիվիտա Կաստելլանա, Կանոզա և Մոնատե քաղաքների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը հանձնվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին: Փաստաթուղթը փոխտնօրենին հանձնեց Իտալիայի հայոց միության ղեկավար, պրոֆեսոր Պայքար Սվազյանը:

Ժնևի տեղական իշխանությունները թույլադրել են Trembley պուրակում «Հիշողության լապտերներ» հուշարձանի տեղադրումը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության հիշատակին:

Հայաստան և աշխարհ

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան դրական են գնահատել և կարևորել  Հայաստանում անցկացված ՀԱՊԿ ոստիկանական ուժերի «Կոբալտ-2016» զորավարժությունները: «Մեր հատուկ ծառայությունները ցույց տվեցին, որ մենք համարյա հավասար մակարդակի վրա աշխատում ենք»,- նշեց Գասպարյանը: Նրա խոսքով՝ միջազգային ահաբեկչությունը մշտական սպառնալիք է հանդիսանում բոլոր երկրների համար, ուստի հարկավոր է պատրաստ լինել ցանկացած պահի այդ սպառնալիքին դիմակայելու համար:  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ այն կարծիքին է, որ շատ կարևոր նշանակություն ուներ ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ նշանակության ջոկատների համատեղ գործունեության կառավարման մեխանիզմների մշակումը: 

Իրանի նավթամթերքների ազգային ընկերության ղեկավար Իսմայիլ Հիշամ Ֆիրուզը հայտարարել է, որ Իրանը նախատեսում է այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել ավիավառելիք:  Ըստ նրա` Իրանը ծրագրում ավիակերոսին արտահանել ոչ միայն Հայաստան, այլ նաև Աֆղանստան, Իրաքյան Քւրդստան, Տաջիկստան: Իրանը նախատեսում է էապես ավելացնել ավիավառելիքի արտահանման ծավալները: Սեպտեմբերից կավելացվի նաև արտերկիր բենզինի արտահանումը:   

 «Ռոսկոսմոս»-ի փոխղեկավար Սերգեյ Սավելեւը լրագրողներին հայտնել է, որ ԳԼՕՆԱՍՍ համակարգի ազդանշանների շտկման եւ մոնիթորինգի ցամաքային կայաններ կտեղակայվեն Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում եւ Նիկարագուայում: Հայաստանում եւ Բելառուսում կայանները կտեղակայվեն 2016 թվականին։

 «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցության համաձայնագրի ստորագրմամբ հայկական գիտության առջև բացվում են լայն հնարավորություններ՝ իրականացնելու գիտական բազմաթիվ ծրագրեր ու հետազոտություններ: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարության և չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերության միջև ստորագրվեց կապալային պայմանագիր`59.955.938,46 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Պայմանագիրը վերաբերում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շրջանակներում Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով ֆինանսավորվող Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ հատվածի շուրջ 18,7 կմ ճանապարհի կառուցմանը:

Ներհայաստանյան զարգացումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ՝ նշելով. «Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է»

Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում 2016 թվականի ընթացքում մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամներին հանձնեց Հայրենիքի առջև իրենց ծառայողական պարտքը կատարելիս անձնվիրաբար զոհված մերօրյա հերոսներին հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները: ՀՀ Նախագահն իր խոսքում ընդգծեց. «Նրանք ընտրեցին ազատությունն ու արժանապատվությունը: Նրանցից շատերը երիտասարդ էին, շատ երիտասարդ: Բայց նրանց ընտրությունն ու վարքը հասուն էին այնքան, որ ավելի հասուն դարձրեցին մի ամբողջ հասարակություն: Նրանք մի քանի օրում աշակերտից դարձան ուսուցիչներ և դարձան հայոց անկախության նոր սերնդի ջահակիրներ: Նրանք սահմանեցին բարոյական այնպիսի բարձրագույն նշաձող, որ այսուհետ անհնար է լինելու շրջանցել»։

Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը,  Ազատ Հայրենիք կուսակցությունը, Ազատություն կուսակցությունը, Ազգային միաբանություն կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը, Հզոր Հայրենիք կուսակցությունը, Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը, Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը համատեղ հայտարարություն են տարածել, որով հավաստել են,  որ կուսակցությունները Հայաստանի և Արցախի ներքին և արտաքին մարտահրավերներին լիարժեք դիմակայելու նպատակով լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն իրենց ինտելեկտուալ, կազմակերպչական, կառուցվածքային և այլ կարողություններն ու հնարավորություններն ընդլայնելու համար, և ամրագրել, որ արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ և  ԼՂՀ համար ռազմավարական նշանակության հարցերում կուսակցությունների ընդգրկուն համագործակցությունն անհրաժեշտություն է:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նիստի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակման փուլում է:

ՀՀ Նախագահի նստավայրում մայիսի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են Նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրման արարողության ժամանակ ասել է. «Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը: Հայ ժողովուրդը երախտապարտ է ձեզ այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք կատարել եք: Պարո՛ն Նասրի, տիկի՛ն Զաքի, դուք լավագույնս ապացուցեցիք, որ Հայոց ցեղասպանության հարցը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ մի ցավ է, որը կիսում են ամբողջ աշխարհի բարի կամքի մարդիկ՝ անկախ ազգությունից և կրոնից: Իսկ Փիթեր Բալաքյանն իր երկու՝ ամերիկյան և հայկական ինքնություններով ու անգլերենով ցույց տվեց այդ ցավի գեղարվեստական դրսևորման ուժը»:

ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:  «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին հարցը զեկուցել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Խորհուրդը միաձայն հաստատել է «Մարաթոն-2016»-ի նպատակաուղղվածության մասին զեկուցը: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2016»-ի ծրագրում ներառել Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը: Առաջարկն ընդունվել է եւ ընդգրկվել 2016թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ:

Ազգային ժողովը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ Ընտրական օրենսգիրքը:  Ընտրական օրենսգիրքն ընդունելու նախագծին կողմ քվեարկեց 102, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 3 պատգամավոր: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ սահմանել այն անձանց համար, ովքեր ապրիլի 2-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում կամավոր հիմքունքներով մեկնել են դիրքեր:  

Մայիսի 23-ին Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլէլկտրական սյան (էլ. լարեր) և 15 այլ շինությունների վնասվելու վերաբերյալ ահազանգեր: Ընդհանուր թվով Հանրապետությունում գրանցվել է 446 դեպք, որից 379-ը՝ Երևան քաղաքում, իսկ 67-ը՝ մարզերում:  Երևանում վնասվածք ստացած 7 հոգի տեղափոխվել են բժշկական հաստատություններ: 

Հայաստանում նախորդ տարի աղքատության մակարդակը 2 տոկոսով նվազել է 2014-ի համեմատ, ինչը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը համարում է նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունք:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին որպես վկա հրավիրված, պահեստազորի գնդապետ, 102-րդ ռազմաբազայի թերթի խմբագրության պատասխանատու-քարտուղար Աշոտ Կարապետյանը ցուցմունքում նշեց, որ ռազմաբազայի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարից ցուցում է ստացել զեկուցել ռազմական ոստիկանություն այն մասին, որ զինվորը ինքնակամ լքել է իր հենակետը` տանելով ինքնաձիգն ու փամփուշտներ: Երբ սահմանապահ ջոկատի կողմից Պերմյակովին կրկին բերել են բազա, Կարապետյանը հնարավորություն է ունեցել տեսնել ու զրուցել Պերմյակովի հետ: «Հարցրեցի` ինչու ես սպանություն կատարել: Առաջին անգամ ոչ մի բան չասաց, միայն վերացական նայեց, երկրորդ անգամ հարցնելուց հետո ասաց` ես ոչ մի բան չեմ հիշում, չեմ պատկերացնում` ինչպես կարող էի դա անել»,-պատմեց Աշոտ Կարապետյանը: Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները քաղհայց են ուղղելու Ռուսաստանին։ Քաղհայցի միջնորդությունը ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Արամազդ Կիվիրյանը։ Ըստ հայցի՝ ՌԴ-ն չի իրականացրել իրենից կախված բոլոր միջոցներն իր իրավազորության ներքո գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հանցագործությունները կանխելու, ՀՀ քաղաքացիների կյանքն ապահովվելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՌԴ իրավասու մարմինները, տեղյակ լինելով Պերմյակովի կողմից զորամասը լքելու  տասնյակ դեպքերի մասին, ունենալով տվյալները, որ Չիտայի թիվ 301 զինվորական հոսպիտալում հոգեբուժական բաժանմունքում ստացիոնար հետազոտություն անցկացնելուց հետո, հետազոտողներն հանգել են այն հետևության, որ Պերմյակովը չի համապատասխանում ՌԴ զինծառայողին ներկայացված պահանջներին և Պերմյակովի մոտ ախտորոշվել  է անձնային անցողիկ խանգարում՝ անկանոն տեսակով, այնուամենայնիվ, Պերմյակովին ուղարկել են ծառայության Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի  N զորամաս։ Բացի այդ, տեղյակ լինելով Պերմյակովի հոգեկան խնդիրների մասին, նրան ամրակցել են ինքնաձիգ, իսկ իմանալով Պերմյակովի ինքնակամ տարածքը լքելու մասին, հայ իրավապահներին այդ մասին տեղյակ են պահել շատ ուշ՝ 3 ժամ անց, որի ընթացքում Պերմայկովը արդեն կատարել է սպանությունները։

Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Վերջին զանգ»-ի օրվա առիթով ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի դպրոցի  շրջանավարտների Վերջին դասի միջոցառմանը: Այս տարի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների թիվը կազմում է շուրջ 20 հազար աշակերտ: «Վերջին զանգ»-ի կապակցությամբ մայիսի 27-ին կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու բարձրաստիճան զինվորականներ: Տոնական միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարն ու Երեւանի քաղաքապետը եղել են Երևանի թիվ 147 հիմնական դպրոցում և «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում:

Միջազգային խճանկար

G7-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որն ընթանում Է ճապոնական Իսե-Սիմա ազգային զբոսայգում, պայմանավորվել են գլոբալ տնտեսության ռիսկերի դեմ պայքարի միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով կանխել ճգնաժամերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Սիրիայի հակամարտության բոլոր կողմերը պետք է հարգեն զինադադարի ռեժիմը: Այդ մասին ասված է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի հանրագումարային հռչակագրում: «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները հանդես են եկել Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները պահպանելու օգտին: 

Երկու օր զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել  են Նոր գյուղը, հատկապես «Վերժին Գյուլբենկյան» մայրանոցը` ներկայում Հայ ծերանոցը: Ծերանոցի տնօրենի տեղեկացմամբ` շենքի վրա ընկած հրթիռի պայթյունից զոհվել է կառույցի ծառայողական պաշտոնյաներից մեկը` Մարալ Քիվլիկյանը: Վիրավորվել են երկու տղամարդ` Տեր Զարեհ քահանա Շաքարյանը և ծերանոցի խնամակալ Ժագ Հատատը: Վիրավորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:

Ավելի քան հարյուր մարդ Է զոհվել Միջերկրական ծովափի Տարտուս եւ Ջեբլա քաղաքները ցնցած մի շարք ահաբեկչական գործողություների հետեւանքով: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ: 

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հրապարակել է Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմից պայթուցիկ սարքավորումներում օգտագործվող քիմիական նյութեր մատակարարող թուրքական ընկերությունների ցանկը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ և վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել 65-րդ կառավարության կազմը:

Թուրքական «Ենի Շավագ» թերթը հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը վերջին 10 ամիսներին իրենց տարածքում քրդերի հետ բախումներում տվել են 483 սպանված եւ 2859 վիրավոր զինծառայող: Պաշտոնական տվյալներով` քրդերի դեմ ռազմական գործողություններում վնասազերծվել է 7078 քուրդ գրոհային` նշելով, որ դրա մեջ է մտնում նաեւ իրաքյան Քրդստանում Թուրքիայի օդուժի ռմբահարումների արդյունքում քրդերի կորուստը:

Հարավային Օսիայում 2017թ. հանրաքվե կանցկացվի Ռուսաստանի կազմում ընդգկվելու հարցով:  

Airbus ընկերությունն արտոնագրել է ուղղաթիռ, որի կառուցվածքը թույլ Է տալիս դառնալ աշխարհում ամենաարագընթաց նման թռչող ապարատը: Նոր ուղղաթիռը կարող Է զարգացնել ժամում շուրջ 470 կիլոմետր արագություն: Ներկայում ուղղաթիռների ստանդարտ արագությունը կազմում Է ժամում 240 – 260 կիլոմետր/ժամ:

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Լոս Անջելեսում կայացած ընկերական հանդիպմանը ջախջախեց Գվատեմալային։ Մեր թիմի ավագ Մխիթարյանը դարձավ հեթտրիկի հեղինակ, գոլեր հեղինակեցին նաև Էդգար Մանուչարյանը, Գեղամ Կադիմյանը, Արթուր Սարկիսովը, Զավեն Բադոյանը։

Գերմանական Kicker-ը Բունդեսլիգայի ֆուտբոլիստների շրջանում հարցում է անցկացրել` պարզելու մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Հարցմանը մասնակցել է Բունդեսլիգայի 235 պրոֆեսինալ ֆուտբոլիստ: Հարցման արդյունքներով՝ առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ հավաքելով հարցվածների 31,1 տոկոսի ձայները: Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ, խփել 23 գոլ և դարձել 32 գոլային փոխանցման հեղինակ:

Մադրիդի «Ռեալ»-ը դրամատիկ խաղում 11-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի գավաթը: «Ռեալ»-ը եզրափակիչ խաղում հաղթեց Մադրիդի «Ատլետիկո»-ին: Թիմները ստիպված էին հաղթողին որոշել 11 մետրանոց հարվածաշարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]