Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տարվա լավագույն ընթերցողը՝ աշխարհի 56 ամենաառաջավոր դպրոցներից մեկից

Տարվա լավագույն ընթերցողը՝ աշխարհի 56 ամենաառաջավոր դպրոցներից մեկից

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակացու անվան ճեմարանի տասնմեկ սաներ արժանացել են «Տարվա լավագույն ընթերցող» պատվավոր կոչման։ Այդ մասին հայտարարվեց հերթական համադպրոցական տողանի ժամանակ։ Արդեն բարի ավանդույթ է դարձել նման միջոցառումների ժամանակ առավել աչքի ընկած ճեմարանականներին պատվոգրեր, հավաստագրեր ու շնորհակալագրեր հանձնելը։ Այս տարի առաջին անգամ հավաստագրերի արժանացան ամենաընթերցասեր ճեմարանականները։ Հիրավի, գեղեցիկ ավանդույթ են սահմանել ճեմարանի գրադարանի աշխատակիցները՝ խրախուսել նրանց, ովքեր բոլորից շատ են ՙանհանգստացրել՚ գրադարանի աշխատակիցներին։ Թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել ամենաընթերցասեր երեխաները, Արմենպրեսի թղթակցին պատմեց ճեմարանի գրադարանի վարիչ Ռուզաննա Եղիկյանը։

- Հիմնական չափորոշիչը,- ասաց նա,- երեխայի ընթերցասիրությունն է, գրքին վերաբերվելը, գիրքը նշված ժամկետում վերադարձները և, իհարկե, կարդացած հեղինակների ՙկալիբրը՚։ Հասկանալի է, որ հաշվի չեն առնվում ուսումնական  ծրագրերում ներառված հայ և ռուս դասական գրողների երկերը։ Ունենք երեխաներ, որ սիրում են արևմտաեվրոպական դասականների, հատկապես ֆանտաստների երկերը, կան նաև, որ հրապուրվում են փիլիսոփայական կամ գիտական գրականությամբ։ Փոքրիկներն, իհարկե, սիրում են հեքիաթներ կարդալ, ընդ որում՝ օտար լեզուներով։          

Օրինակ, 1063 խմբի աշակերտուհի Արմինե Կարապետյանի ընթերցողի գրքույկում ՙգրանցված՚ են Հիմենգուեյն ու Բալզակը, Ջոն Գոլսուորսին ու Հակոբ Պարոնյանը, Ժորժ Սիմենոնն ու Ռոմեն Ռոլանն ու Աբովյանն ու Կոբո Աբեն…

Հետաքրքրությամբ ծանոթացա 885 խմբի սան Միքայել Աստվածատրյանի նախասիրած հեղինակների ցանկին՝ Դավիթ Անհաղթ ու Մարիա Կյուրի, Կաֆկա ու Դանթե Ալիգիերի, Դոստոևսկի  ու Տուրգենև, Չեխով ու Ագաթա Քրիստի։ Ինձ անչափ ուրախացրեց այն, որ 8-րդ դասարանցի պատանին կարդում է մեր մեծ փիլիսոփա Դավիթ Անհաղթի երկերը, որ հաճախ հասու չէ նրանից տարիքով մեծ ընթերցողին։ Կամ կարդում է աշխարհահռչակ ֆիզիկոս,   նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կյուրիի մասին գիրքը։ Հիմա՝ ամռանը կարդալու համար նա պատվիրել է Կանտի և Հեգելի գործերը։

Ուսումնասիրում էի լավագույն ընթերցող ճանաչված բոլոր տասնմեկ ճեմարանականների ընթերցողի գրքույկները, և հիշեցի մի դեպք, որ տեղի է ունեցել1985 թվականին և որի մասին ուզում եմ անպայման պատմել ընթերցողին, մանավանդ, որ խոսքը երևանյան դպրոցներից  մեկի մասին է։ Այդ թվականին Երևան էր ժամանել ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Եգոր Լիգաչովը՝ բավականին խստապահանջ և չոր մի չինովնիկ։ Տողերիս հեղինակը՝ որպես ՙԱրմենպերս՚-ի թղթակից, լուսաբանել է այդ բարձրաստիճան կուսակցական գործչի այցը Հայաստան։ Մի անգամ, երբ մշակված ծրագրի համաձայն հյուրին պատրաստվում էին տանել Մատենադարան, վերջինս անսպասելի մի ցանկություն հայտնեց՝ անպայման լինել Երևանի ռուսական դպրոցներից մեկում։ Ընդ որում, նա միտումնավոր էր նման ցանկությունը հայտնել  վերջին պահին՝ կասկածելով, որ կարող են դպրոցի ղեկավարությանը հայտնել անսպասելի հյուրերի մասին և…

Մի խոսքով, Կարեն Դեմիրճյանը հենց ընթացքից փոխել տվեց  երթուղին, և քիչ անց մենք Գոգոլի անվան թիվ 34 դպրոցում էինք։

Քննությունների օր էր։ Բակում բավականին ծնողներ ու աշակերտներ կային։ Բնական է, որ մարդիկ զարմացած նայում էին եկվորներին՝ իհարկե ճաչելով Հայաստանի կոմկուսի ղեկավար Կարեն Դեմիրճյանին։ Լիգաչոը մեքենայից իջնելուց անմիջապես հետո խնդրեց իրեն ուղեկցել գրադարան։ Նա խնդրեց գրադարանավարուհուն իրեն տալ մի քանի աշակերտների ընթերցողի գրքույկներ։ Դրանք բոլորը լրացուցիչ էջեր ունեին։ Հետո անձամբ ինքն սկսեց ընտրել գրքույկները։ Ի դժբախտություն Լիգաչովի, դրանք ևս ՙգերծանրաբեռնված՚ էին՝ ունեին ավելացված էջեր։

- Ձեր երեխաներն  այսքան կարդում ե՞ն,- հարցրեց հյուրը։  Դրական պատասխան ստանալով՝ նա պատահաբար ընտրեց մի գրքույկ, որը բավական ՙթմբլիկ՚ էր և խնդրեց դրա տիրոջը բերել իր մոտ։

- Եգոր Կուզմիչ, հիմա քննությունների շրջան է, այդ երեխան կարող է դպրոցում չլինել,- միջամտեց Կարեն Դեմիրճյանը։

- Կարեն Սերոբիչ, բարեբախտաբար այդ երեխան այսօր դպրոցում է՝ քննություն է հանձնում ռուս գրականությունից,- միջամտեց դպրոցի տնօրեն Ասյա Խաչատրյանը։

- Շատ լավ, գնացինք այդ դասարանը,- առաջարկեց մոսկվացի հյուրը,- հույս ունենալով, որ ՙառերեսման՚ ժամանակ կբացահայտվի համատարած կեղծիքը։

Երբ հյուրերը մտան դասարան, գրատախտակի մոտ էր հենց այն աղջիկը, ում այդքան ցանկանում էր տեսնել Լիգաչովը։ Երեխաները ոտքի ելան, քննությունն ընդտատվեց։ Բայց նաև անմիջապես սկսվեց, երբ Լիգաչովին ասացին, որ այն աղջիկը, ում ինքն այդքան ուզում էր տեսնել, հենց պատասխանողն է։ Լիգաչովը մի քանի րոպե լսեց աշակերտուհու պատասխանը, ապա, ընդհատելով նրան, խնդրեց ասել, թե ինչպես է կոչվում վերջին գիրքը, որ նա կարդացել է։

Աղջիկը մի պահ շփոթվեց։ Ի՞նչ կապ ունեին իր կարդացած վերջին գիրքը և օրվա քննությունը։ Բայց միջամտեց դպրոցի տնօրենը, ով հանգստացրեց աղջկան և վերջինս վստահորեն պատասխանեց.

- Իմ կարդացած վերջին գիրքը Յուրի Բոնդարևի ՙԵզերք՚ վեպն է։

- Աղջիկս, սիրելիս, այդ գիրքը որտե՞ղ ես կարդացել, երբ այն լույս չի տեսել։

- ՙԴրուժբա նարոդով՚ ամսագրում,- վստահորեն ասաց ութերորդ դասարանցի աղջնակը։

Զարմանք կտրած Լիգաչովը շարունակում էր իր ՙռևիզիան՚։

- Իսկ ի՞նչ կարծիքի ես այդ վեպի մասին։

Աղջիկը մի պահ կարկամեց, չգիտեր ինչ պատասխանել։ Նրան այդ վիճակից կրկին հանեց տնօրենի հանդարտ ձայնը.

- Բալիկ ջան, համարձակ եղիր, ասա՝ ինչ կարծում ես։

- Իմ կարծիքով այդ վեպը Յուրի Բոնդարևի ամենաթույլ գործն է։

- Սա հրաշք է, ես այլևս այստեղ անելիք չունեմ,- ասաց Եգոր Կուզմիչը  և դուրս եկավ դասարանից։ Բնական է, որ նրան հետևեցին մյուս հյուրերը։

Ուսուցչական կոլեկտիվի հետ հանդիպման ժամանակ ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարն ասաց, որ մի քանի օր առաջ ԽՄԿԿ Կենտկոմի գաղափարական բաժնում սուր քննադատության է ենթարկվել այն ժամանակների ամենաընթերցվող գրողներից մեկի ՙԵզերք՚ վեպը և այսօր նույն կարծիքն է հայտնում երևանցի ութերորդ դասարանցի դպրոցական մի աղջնակ։

- Ես շրջել եմ ողջ Խորհրդային Միությունում, այցելել եմ հարյուրավոր դպրոցներ։ Ձեր դպրոցի նման չեմ տեսել։ Ձեր դպրոցը 21-րդ դարի դպրոց է։- Իր զարմանքը հայտնեց ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարը: 

Եվ այդ բանը նա ասում է 1985 թվականին, երբ մինչև 21-րդ դարի գալը դեռ մեկուկես տասնամյակ կար։

... Ես այս դեպքը հիշեցի, երբ ծեանոթանում էի Շիրակացու անվան ճեմարանում ՚Տարվա լավագույն ընթերցող՚ կոչմանն արժանացած բոլոր տասնմեկ երեխաների ընթերցողի գրքույկներին։

- Ասենք, Շիրակացու ճեմարանն էլ իրավամբ համարվում է տարածաշրջանի լավագույն կրթօջախներից մեկը։ Ապացույց՝ խնդրեմ. ՙՄայքրոսոֆթ՚ ընկերության ՙԳործընկերներ ուսման ոլորտում՚  ծրագրի շրջանակում իրականացված  ՙՆորարար դպրոցներ՚ միջազգային ստուգատեսում Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ճանաչվել է աշխարհի 56 ամենաառաջավոր դպրոցներից մեկը։

Լևոն Ազրոյան, Արմենպրեսի թղթակից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]