1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում անցկացվեց «Կոբալտ-2016» զորավարժությունը

Հայաստանում անցկացվեց «Կոբալտ-2016» զորավարժությունը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ներգրավված հատուկ նշանակության ուժերի կազմավորումների, ներքին գործերի եւ ոստիկանության ստորաբաժանումների մասնակցությամբ, մայիսի 24-ից 26-ը անցկացվել է «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությունը: 

Մայիսի 24-ին ՀՀ Զինված ուժերի «Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Վարժանքներին մասնակցում էին Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության եւ Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները: Դիտորդական առաքելություն էին իրականացնում Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ԱՊՀ հակատեռորիստական կենտրոնի պատվիրակները:

«Օպերատիվ-մարտական գործողությունների եւ հատուկ գործողության իրականացումը հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կողմից՝ օպերատիվ արձագանքման ուժերի կազմավորման հետ փոխգործակցությամբ» թեմայով վարժանքների նպատակը համատեղ միջոցառումների մշակումն էր՝ ահաբեկչական խմբերի գործունեության կանխման, զենք-զինամթերքի, թմրամիջոցների անօրինական շրջանառության ուղիների կասեցման, հատուկ գործողությունների ընթացքում անձնակազմի օպերատիվ-մարտական պատրաստականության կատարելագործման ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մայիսի 26-ի առավոտյան զորավարժության մասնակից ստորաբաժանումները «Բաղրամյան» զորավարժարանի շարահրապարակում էին:

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Պատվիրակությունների ղեկավարներին ու մասնակիցներին ներկայացվեցին վարժանքների սցենարը, մասնակիցների մարտավարական գործողությունների պլանները, վրա նշվեցին խնդիրներն ու նախատեսվող գործողությունները:

Ըստ սցենարի՝ բուն վարժանքի ընթացքում խաղարկվեց վեց մարտավարական դրվագ:
Առաջին դրվագում հատուկ ուժերի ստորաբաժանումներն սկսում են տարածքում արտակարգ դրության ապահովման եւ ահաբեկչական ու դիվերսիոն գործողությունների կանխման գործողություններ, ստեղծվում են պահակակետեր, պարեկախմբերն իրականացնում են մարտական հերթապահություն:

Երկրորդ դրվագում իրականացվեց հատուկ գործողություն, որի նպատակը տարածք թափանցած անօրինական զինված խմբավորման հայտնաբերումն ու զինաթափումն էր: Այս գործողության ընթացքում օգտագործվեց անօդաչու թռչող սարք, որի խնդիրը հետախուզությունն ու զինված կազմավորման հայտնաբերումն էր:

Երրորդ դրվագում հատուկ նշանակության ստորաբաժանումը տեղորոշում ու ոչնչացնում է ահաբեկչական խմբերի ավտոշարասյունը: Այս գործողության ընթացքում կիրառվեցին ՄԻ-24 մարտական ուղղաթիռներ, որոնցից կրակ բացվեց շարժվող ավտոշարասյան ուղղությամբ: Անսպասելի հարձակումը թույլ տվեց հանկարծակիի բերել գրոհայիններին ու կանխել հակահարձակումը: Միեւնույն ժամանակ, ոստիկանության զորքերի հատուկ ստորաբաժանումները ԲՌԴՄ-2 մարտական զրահամեքենաներով ելման շրջանից շարժվեցին գրոհայինների դեմ:

Այս խնդրի իրականացմանը հաջորդեց գործողությունների տարածքի շրջափակումն ու անօրինական զինված խմբավորման ոչնչացումը: Գործողությանը մասնակցում էին հատուկ նշանակության ստորաբաժանումներ՝ զրահատեխնիկայով, այդ թվում՝ «Տիգր» մարտական մեքենաներով: 

Հինգերորդ դրվագն ամբողջովին ուղղված էր շինության ներսում անօրինական զինված խմբավորման անդամների վնասազերծման ընթացքում ոստիկանության ստորաբաժումների գործողությունների մարտավարության մշակմանը: Գործողության ընթացքում ՄԻ-8 ուղղաթիռից դեսանտ իջեցվեց շինության տանիքին, միաժամանակ գրոհային խմբերը մուտք գործեցին դռնից ու պատուհաններից, իսկ գրոհային խմբերից մեկը ոչնչացրեց մոտակայքում տեղակայված դիվերսանտների դիտակետը: Դիվերսանտներից երկուսը ձերբակալվեցին, իսկ վիրավոր դիվերսանտին հատուկնշանակայինները բուժօգնություն ցուցաբերեցին տեղում:

Ամփոփիչ փուլում զորավարժության մասնակից ստորաբաժանումներն իրականացրին հավանական վտանգավոր օբյեկտում արտակարգ իրավիճակի կանխման ու վերացման գործողություններ:
«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցում էին 600-ից ավելի անձնակազմ եւ շուրջ 40 միավոր տեխնիկա: 

Վարժանքների ավարտից հետո ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Զորավարժության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժություններում իրենց պատրաստականությամբ աչքի ընկած ծառայողները Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով արժանացան պարգեւների:

Պարգեւատրումից հետո ցուցադրական ելույթ ունեցավ Ոստիկանության զորքերի պատվո պահակախումբը:
Այնուհետեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության եւ ոստիկանության զորքերի ծառայողները ներկայացրին ձեռնամարտի հնարքների համալիր:

Զորավաժությունն ավարտվեց մասնակից պետությունների դրոշների իջեցման հանդիսավոր արարողությամբ»:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]