Գյումրիի ԹՈՒՄՈ-ն նշեց հիմնադրման առաջին տարեդարձը
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Թումո կենտրոնը մայիսի 25-ին նշեց իր առաջին տարեդարձը: Ամբողջ քաղաքը մասնակցեց կենտրոնի միամյակին նվիրված` Ռեինկարնացիա խմբի համերգին Վարդանանց հրապարակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԹՈՒՄՈ-ից:
ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և Շանթ հեռուստաընկերության նախաձեռնությամբ բացված կենտրոնը ունի 1500-ից ավելի ուսանող: Այստեղ անց են կացվել տասնյակ դասընթացներ ու միջազգային մասնագետների կողմից վարած աշխատարաններ, իսկ պատանիները հասցրել են մեծ հաջողություններ գրանցել: Օրինակ՝ Վենետիկի Բիենալեում Հայաստանի պաշտոնական «Անկախ կենսապատկեր» ցուցադրության մեջ ներառված են Գյումրիի թումոցիների ճարտարապետական լուսանկարները, որոնք արվել են գերմանացի արվեստագետ Կատարինա Ռոթերսի վարած դասընթացի արդյունքում՝ UrbanLab-ի հետ համագործակցությամբ:
Մոտ ապագայում՝ Գյումրիի առաջին թատրոնի պատմական շենքի վերակառուցնան և վերածննդից հետո, կենտրոնը էլ ավելի կընդլայնվի` հնարավորություն ստանալով հյուրընկալելու արդեն 3000 ուսանողի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում