Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Արցախին

Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել 
Արցախին

ԺՆԵՎ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու ծխական խորհուրդը 10 հազար ԱՄՆ դոլար է ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին եկեղեցու ծխական խորհուրդից: «Ապրիլի 1-ից արցախյան հակամարտության գոտում վերսկսել են պատերազմական գործողությունները: Արցախի պաշտպանության բանակը ծանր վնասներ է հասցրել նախահարձակ Ադրբեջանական ուժերին, բայց, բնականաբար, ինքն էլ կրում է որոշակի կորուստներ: Սփյուռքի բոլոր համայնքներն ինքնակազմակերպվում են Արցախին աջակցություն ցուցաբերելու համար, և նյութաֆինանսական միջոցների ներհոսքը համակարգելու համար Արցախի կառավարությունը ստեղծել է հատուկ օպերատիվ շտաբ` Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Կոչ ենք անում ծխի բոլոր անդամներին իրենց հնարավորությունների սահմաններում ուղիղ դրամական փոխանցումներով իրենց աջակցությունը ցուցաբերել Արցախի ժողովրդին, բանակին և կառավարությանը: Մենք սահմանին կանգնած չենք, բայց մեր երկրի թիկունքին ենք»,-նշված է ծխական խորհրդի տարածած հայտարարությունում:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 32 կորուստ ունի, 25 զինծառայող անհայտ կորած է, 121 մարդ` վիրավոր

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]