Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախյան պատերազմի ժամանակ չորս տարեկան էի և երազում էի դառնալ դերասանուհի. Թամարա Պետրոսյան

Արցախյան պատերազմի ժամանակ չորս տարեկան էի և երազում էի դառնալ դերասանուհի. 
Թամարա Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՙՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի և «Լոֆթ»-ի համատեղ «Պատվերով հարցազրույց» նախագծի հյուրն է դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ում հետ հարցազրույցը պատվիրել էր դերասան Նարեկ Դուրյանը:

Դու ավարտել ես Արցախի համալսարանի օտար լեզուների բաժինը: Ինչպես ստացվեց, որ եկար Երևան և դարձար դերասանուհի:

Թամարա Պետրոսյան - Չեմ կարող ասել, որ ավարտեցի և անմիջապես որոշեցի տեղփոխվել Երևան, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց: Նարեկ Դուրյանը, ով պատվիրել է ինձ հետ  հարցազրույցը, «Մորաքույրը Փարիզից» ներկայացումը մինչև Երևանում բեմադրելը որոշել էր բարեգործական ակցիա անել և Արցախի թատերախմբի հետ առաջին անգամ բեմադրել այդ ներկայացումը: Ես դեռ սովորում էի համալսարանում, նաև մի քանի տարի երգում էի «Արցախի ձայն» նախագծում: Քանի որ ներկայացումը շատ երաժշտական է, Նարեկ Դուրյանին անհրաժեշտ էին դերասաններ, ովքեր գոնե կարող են երգել, և նա եկավ «Արցախի ձայն» ստուդիա դերասաններ ընտրելու:
Հիշում եմ, մենք բոլորս նստած էինք խմբով և սպասում էինք, որ Նարեկ Դուրյանը պիտի գար: Դուռը բացվեց, և ներս մտավ պարոն Դուրյանը, մենք բոլորս սրտատրոփ սպասում էինք, զգացինք, թե ինչպես փոխվեց սենյակի մթնոլորտը: Նա քայլ առաջ արեց, և ասաց. «Բարև Ձեզ երեխաներ, ինչպե՞ս եք»: Այդ պահից հասկացանք, որ իր էներգետիկայով մեզանից ոչնչով չի տարբերվում: Հերթով բոլորիս սկսեց հարցեր տալ, երբ հերթը հասավ ինձ, ասաց. «Վեր կաց»: Կանգնեցի: Ասաց. «Մի հատ արի ինձ գրկի»,- մոտեցա, որ գրկեմ ու ասացի. «Գիտեք, էլի գրկեմ, բայց վախենամ ձեռքերիս գրկաչափը չհերիքի»,- նա լիաթոք ծիծաղեց, և ես անցա քասթինգը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Առաջին անգամ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ ե՞րբ ստացար:

Թամարա Պետրոսյան - Իմ առաջին փորձը եղել է ամերիկյան ֆիլմում: Էպիզոդիկ դերում էի հանդես գալիս: Ֆիլմը կոչվում էր «Here», որտեղ գլխավոր դերակատարը Բեն Ֆոսթերն էր: Ինձ համար շատ մեծ փորձ էր: Նկարահանումները տևեցին երկու օր և տեղի էին ունենում Ազգային պատկերասրահում, այդ կարճ ժամանակահատվածում ես ձեռք բերեցի որոշակի փորձ՝ աշխատելով պրոֆեսիոնալների հետ:
Հետագայում «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» և այլ հեռուստատեսային և կինո նախագծերում նկարահանվելու հրավերներ ստացա:

Ի՞նչ ներկայացում ես դիտել վերջերս:

Թամարա Պետրոսյան - «Պարույր Սևակ» ներկայացումը, որը «32 թատրոն» -ի տղաներն են բեմադրել: Շատ էի լսել այդ ներկայացման մասին, սակայն չէր հաջողվում դիտել: Վերջերս հասցրեցի ժամանակ գտնել և վայելել բեմադրությունը:

Հետագայում որտե՞ղ ես պատկերացնում քեզ. Թատրոնո՞ւմ, թե կինոյում:

Թամարա Պետրոսյան Եվ թատրոնում, և կինոյում: Ես այն մարդկանցից եմ, ով ավելի շատ ներկայով է ապրում: Քանի անգամ փորձել եմ ապագայի մասին մտածել, ասել, որ երկու տարի հետո այսպես լինի, այդ մտածմունքներից վատ եմ զգացել:  Իսկ եթե հանկարծ իմ պլանավորածով չլինի՞, ինչ եմ անելու: Դրա համար էլ ամեն անգամ գալիս եմ այն եզրակացության, որ այս պահը, որն ես հիմա ապրում եմ, այն աշխատանքը, որն ես ունեմ, ընկերները, միջավայրը, ինձ լիովին բավարարում են, և ես ապրում եմ հենց այդ պահով: Վախենում եմ մտքերով առաջ գնալ, ասել, որ հետագայում ես ինձ այստեղ կամ այնտեղ եմ տեսնում: ժամանակը և հանգամաքները ցույց կտան: Դա, թերևս, գալիս է մարդուց: Ես վախենում եմ այդ մտքերից:

Ինչպե՞ս ես վերաբերում սերիալներին:

Սերիալը որպես ժանր գոյության իրավունք ունի, ինչու ոչ: Կան սերիալներ, որ հաճույքով նայում ես: Մենք չենք կարող համեմատվել այն երկրների հետ, որտեղ հաջողված սերիալներ են նկարահանվում, քանի որ նրանք երկար ժամանակ կինոարտադրություն ունեն: Իրենք ունեն տարիների ընթացքում կազմավորված համակարգ: Մեզ մոտ հնարավորությունները սուղ են: Ունենք լավ դերասաններ, բայց այդ համակարգը չկա: Ժամանակին երբ Չապլինն ասում էր կինոն արվեստ է, պրոդյուսերները նրա հետ վիճում էին` ասելով՝ ոչ, կինոն բիզնես է: Հիմա ԱՄՆ-ում այդ երկուսը միացվել են, և ստեղծվել է առողջ համակարգ: Մենք այդ միջոցը չունենք: Մեզ մոտ լինում են դեպքեր, երբ դերասանի առաջ ոչ նորմալ պայմաններ են դնում, շատերը դիմանում են դրան՝ միգուցե ունենալով հացի խնդիր, միգուցե իրենց մասնագիտությունը, գործը շատ են սիրում:

Կյանքում ի՞նչ երազանք ես ունեցել:

Ինչ երազանք ունեցել եմ, իրականացել է: Պատկերացրեք 4 տարեկան աղջիկ այդ պահին ապրում է նկուղում, ռումբեր են պայթում, պատերազմ է, չգիտես ինչ է լինելու քեզ հետ: Այդ պահին երազում էի դառնալ դերասան: Հիմա ես զբաղվում եմ դերասանական գործով, հետևաբար, իմ երազանքն իրականացել է: Այն ժամանակ և այդ պայմաններում, դա իրոք երազանք էր: 

Լևոն Դադասյան

«Արմենպրես»-ի և «Լոֆթ»-ի համատեղ «Պատվերով հարցազրույց» նախագծի հյուրն է Tamara Petrosian -ը, ում հետ հարցազրույցը պատվի...

Опубликовано Levon Dadasyan 26 марта 2016 г.

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]