Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սան Պաուլոյի հայերը կնպաստեն Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի համագործակցության ակտիվացմանը

Սան Պաուլոյի հայերը կնպաստեն Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի 
համագործակցության ակտիվացմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի հայերը ջանքեր են գործադրելու քույր քաղաքներ դարձած Ֆրանկու դա Ռոշայի և Ստեփանակերտի հարաբերություններն ակտիվացնելու համար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ի, Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկիանը:

«Ինչպես գիտեք, 2016 թվականի փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունել է որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։ Այդ գործում մեծ ազդեցություն ունեցավ մեր կազմակերպությունը՝ «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ը, արցախցի Սամվել Գաբրիելյանը: Մենք այժմ տարբեր ծրագրեր ենք իրականցնելու Արցախի հետ հարաբերություններն ատիվացնելու ուղղությամբ: Համագործակցությունը կարող է լինել թե զբոսաշրջության, թե առևտրի, թե մշակույթի, թե սպորտի ուղղություններով»,-ասաց Սարգիս Կարամեկիանը:

Որոշման նախագիծը ներկայացվել է Ֆրանկու դա Ռոշայի քաղաքային խորհրդի անդամ Անտոնիո Լոպես դա Սիլվայի և հաստատվել քաղաքապետ Ֆրասիսկու Դանիել Սելեգիմ դե Մորաիսի կողմից։ Օրերս Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի շնորհակալական նամակը փոխանցվեց Անտոնիո Լոպես դա Սիլվային:

Սարգիս Կարամեկիանի խոսքով, Բրազիլիան մեծ շուկա է և բոլոր հնարավորությունները կան, որ Արցախի ապրանքներն իրենց տեղը գտնեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվելու Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի կողմից:

Բրազիլիան 200 մլն բնակչություն ունի, որից միայն շուրջ 50 միլիոնը Սան Պաուլոյում են ապրում: Ստեփանակերտի հետ քույր քաղաք դարձած Ֆրանկու դա Ռոշայում 150 հազար բնակչություն կա: «Այսինքն՝ շուկան մեծ է: Մտածում ենք հայկական ճաշատեսակները, քաղցրեղենն այստեղ առավել ճանաչելի դարձնել, մանավանդ, որ հայկական խոխանոցի սիրահարների թիվն ավելանում է: Բրազիլացիները սիրում են համեղ կերակուրներ, մենք էլ առիթը կօգտագործենք և հայկական խոհանոցը հասարակության լայն շրջանակում կներկայացնենք»,-ասաց Սարգիս Կարամեկիանը: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Ֆրանկու դա Ռոշայում Ստեփանակերտի հետ համատեղ մշակութային միջոցառումներ իրականացնել: Միմյանց մշակույթը, ավանդույթներն ու սովորույթները ճանաչելի դարձնել:

Վերջին տվյալներով, Սան Պաուլոյում 50 հազար հայ է ապրում: Լիարժեք դրսևորովելու համար հայկական համայնքն ունի անհրաժեշտ պայմաններ: Արդեն 31 տարի է գործում է «Հայ երիտասարդաց ֆիդայիններ արհեստավարժ ֆուտբոլի ակումբ»-ը: Սարգիս Կարամեկիանի խոսքով, այն պրոֆեսիոնալ ֆուտբոլի ակումբ է:

Հայկական համայնքն ունի նաև հայերենով ռադիո հաղորդում, որը կոչվում է «Հավերժական Հայաստան»: Այն արդեն 10 տարեկան է: «Հաղորդումը նախ հայկական համայնքին հայերեն խոսք փոխանցելու լավ հնարավորություն է: Դրանից բացի, Հայաստանին, Արցախին վերաբերող լուրերն ենք ներկայացնում: Այն ամբողջությամբ ծառայում է Բրազիլիայի հայկական համայնքին »,-ասաց Սարգիս Կարամեկիանը: Խոսելով լեզվի պահպանման խնդրի մասին` Սարգիս Կարամեկիանը նշեց, որ շատ դժվար է: Ըստ նրա` գլոբալացող ժամանակաշրջանում համայնքը պետք է շատ զորավոր լինի` պատմությունը, մշակույթը պահպանելու, նոր սերունդրերին փոխանցելու համար:

«Հիմնականում հայկական ընտանիքներում աշխատում են հայերեն խոսել: Ես իմ ծնողներից եմ հայերեն սովորել, մինչև այսօր մենք ընտանիքում միմյանց հետ հայերեն ենք խոսում: Այդ մոտեցումը կիրառում եմ իմ զավակների դեպքում: Իմ երեխաները նույնպես հայերեն են խոսում: Մենք Սան Պաուլոյի կենտրոնում ունենք հայկական դպրոց, բայց քաղաքը մեծ է, այնտեղ հասնելու համար երկար ժամանակ է պահանջվում հետևաբար, լեզուն հիմնականում պահպանվում է ընտանիքներում»,-հավելեց Սարգիս Կարամեկիանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]