Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ Ազգային ժողովում կայացել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստը

ՀՀ Ազգային ժողովում կայացել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա 
նիստը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: Երեւանում աշխատանքն է սկսել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը:

Արտագնա նիստին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի խորհրդարանական պատվիրակությունները եւ Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ դիտորդի կարգավիճակով:

Նիստը նախագահում էր ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ով ներկայացրել է նիստի օրակարգը: Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել ՀԱՊԿ անդամ երկրներում արտագնա նիստեր անցկացնելու ավանդույթը՝ հավելելով, որ դա թույլ է տալիս խորհրդարանականներին ծանոթանալու դաշնակից պետությունների ռազմական ենթակառուցվածքին: Նա երախտիքի խոսք է հայտնել հայկական կողմին ջերմ հյուրընկալության համար:

Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի կարեւորությանը, այդ համատեքստում Սիրիայի խնդրին՝ նշելով, որ միջազգային հանրության աջակցությամբ հնարավոր կլինի արմատախիլ անել նման կազմավորումները: Նա այսօր մտահոգիչ է համարել Թուրքիայից Սիրիայի ուղղությամբ շարունակվող կրակահերթերը եւ Թուրքիայի այլ գործողությունները, որոնք ուղղված են ապակայունացնելու իրավիճակն այդ պայթյունավտանգ տարածքում: «Եվ Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով լինելով միջազգային լարվածության օջախներին մոտ, հատուկ դեր է զբաղեցնում ՀԱՊԿ-ում, եւ մենք պետք է հաշվի առնենք նրա փորձը, այդ թվում՝ խորհրդարանական փորձն անվտանգության ապահովման գործում»,- ասել է ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահը: Նրա խոսքով՝ ահաբեկչության, գլոբալիզացիայի, միգրացիայի, թմրանյութերի բիզնեսի պայմաններում ՀԱՊԿ-ն առաջարկում է լայնածավալ համագործակցություն նաեւ այլ տարածաշրջանային կազմակերպությունների հետ. դրանցից յուրահատուկ դեր ունեն ԵԱՀԿ-ն, Շանհայյան համագործակցության կազմակերպությունը:

Այնուհետեւ ներկաները քննարկել եւ հաստատել են նիստի օրակարգային հարցերը:

«Արդի պայմաններում ահաբեկչական եւ ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանն ուղղված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջոցների մասին» զեկույցն է ներկայացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Կարեւորվել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ ջանքերի գործադրումը ահաբեկչությունների դեմ պայքարում, հակաահաբեկչական միջոցառումների կազմակերպումը եւ անցկացումը: Անդրադարձ է կատարվել փախստականներին ապաստան տրամադրելու հարցին եւ ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների գործունեության հակազդմանն ուղղված համընդհանուր օրենսդրական բազայի խնդիրներին: Խոսվել է նաեւ սիրիական ճգնաժամի հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:

2015-2016թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացման ընթացքի վերաբերյալ ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: «Մենք մշտապես հանդես ենք եկել եւ շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես, ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլեւ դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»,- ասել է պարոն Շարմազանովը:

Կովկասում ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ ելույթ են ունեցել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը: Նշվել է, որ տարածաշրջանային ռազմաքաղաքական իրադրության վրա անմիջական ազդեցություն են ունենում համաշխարհային մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այս համատեքստում նշվել է, որ չնայած Հայաստանը մշտապես կողմ է հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, այդուհանդերձ Ադրբեջանը խնդիրը տեղափոխում է ռազմական հարթություն: Զեկուցողները տարածաշրջանային անվտանգության խնդիրներին անդրադարձել են Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների, սիրիական ճգնաժամի հաղթահարման համատեքստում:

2016 թվականին ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների գործունեության, մասնավորապես, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպման արդյունքների եւ ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքներում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների մասնակցության վերաբերյալ ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նա հույս է հայտնել, որ Թբիլիսիում առաջիկայում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում եւս կշեշտադրվեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ հոբելյանական նստաշրջանի շրջանակում մեր երկրների ղեկավարների կողմից բարձրացված խնդիրները: Արտաշես Գեղամյանը կարեւորել է մի շարք հարցերում ՀԱՊԿ եւ ԵԱՀԿ անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Պարոն Գեղամյանը խոսել է նաեւ Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին:

ՀԱՊԿ ԽՎ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը խոսել է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում միջազգային քաղաքական ներկա իրավիճակի եւ զարգացման խնդիրների, հավաքական անվտանգության ու դրա իրավական ապահովման համակարգի հետագա կատարելագործմանն ուղղված միջոցների մասին լսումների նախապատրաստման վերաբերյալ:

Քննարկվել են նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի գործունեության կատարելագործմանն առնչվող, ինչպես նաեւ՝ կազմակերպչական այլ հարցեր, որոնք նիստի մասնակիցներին ներկայացրել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարի տեղակալ Վլադիմիր Բոնդուրովսկին:

Քննարկումներ են ծավալվել նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի հաջորդ նիստի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստի անցկացման վայրի, ժամկետի եւ օրակարգային հարցերի վերաբերյալ: Որոշվել է նիստերն անցկացնել 2016 թ. աշնանը՝ Սանկտ Պետերբուրգում:

Սերբիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Սերբիայի ներքաղաքական իրավիճակը, խոսել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների մասին:

Քննարկված բոլոր զեկույցները հաստատելուց հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդն ավարտել է արտագնա նիստի աշխատանքը:

Նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրել քննարկված օրակարգային հարցերն ու ամփոփել նիստի արդյունքները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]