1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրալիայի Հայ դատը հատուկ ուշադրություն կդարձնի Արցախի ճանաչման հարցերին

Ավստրալիայի Հայ դատը հատուկ ուշադրություն կդարձնի Արցախի ճանաչման հարցերին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նպատակն է տարբեր նահանգներում ընդլայնել աջակիցների շրջանակը, որպեսզի Ավստրալիայի նահանգները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս տարի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձնելու Արցախի ճանաման հարցերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Հայ դատի հանձնախմբի գործադիր ադմինիստրատոր Արին Մարգարյանը:

-Պարոն Մարգարյան, Ներկայացուցիչների պալատում հայկական արմատներով ավստրալացի գործիչ Ջո Հոքին փոխարինում  է Թրենթ Զիմմերմաննը, ով արդեն Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով է հանդես եկել: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն ի՞նչ ակնկալիքներ ունի նոր պատգամավորից:

-Նախ և առաջ ցանկանում եմ նշել, որ հայ համայնքի համար Ջո Հոքի աշխատանքը գերազանց է եղել: Այն օրվանից, երբ նա մտել է խորհդարան, ամուր կապեր ենք ստեղծել նրա հետ, լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Հայ դատի հանձնախմբի անդամներն արդեն հանդիպել են Թրենթ Զիմմերմանին: Հանդիպմանը նա նշել, որ մշտապես կապի մեջ կլինի հայ համայնքի հետ, ականջալուր կլինի հայ համայնքի բարձրացրած հարցերին, ուշադրության կենտրոնում կպահի խնդիրները: Եվ անհրաժեշտության դեպքում այդ մասին կբարձրաձայնի Ավստրալիայի խորհրդարանում:  Օրերս Թրենթ Զիմմերմանի խոսքերի ճշտությանն ականատես եղանք: Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում նա կոչ արեց ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թրենթ Զիմմերմանը դեկտեմբերին է ընտրվել պատգամավոր և մինչև հիմա մենք գոհ ենք նրա աշխատանքից: Մեր ցանկությունն է, որ նա շարունակի  Ջո Հոքի սկսած գործը, հատկապես Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված: Ի դեպ, Թրենթ Զիմմերմանը, երբ սկսեց քաղաքականությամբ զբաղվել ակտիվ, աշխատել է Ջո Հոքի հետ, նա շատ լավ տեղեկացված է հայ ժողովրդի պատմությունից:

-2016 թվականին Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն ի՞նչ ուղղություններով է նախատեսում աշխատել: Ի՞նչ հարցերի վրա է շեշտադրում կատարելու:

-Նախորդ տարի մենք հայտարարեցինք մեր հանձնախմբի նոր կազմի մասին: Ներգրավված են մասնագետներ տարբեր ոլորտներից` միջազգային հարաբերություններ, քաղաքականություն, իրավաբանություն, առևտրի ոլորտ, տնտեսություն և այլն: Ամբողջ թիմով աշխատելու ենք Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Պետք է մեր ժողովրդի համար շեշտել, որ 100-րդ տարելիցից հետո նույնպես անհրաժեշտ է աշխատանքները շարունակել այնքան ժամանակ, մինչև մեր նպատակներին հասնենք: 100 տարի, թե 110 կամ ավելին, միևնույն է` նպատակը մնում է նույնը` արդարություն: Հիշեցնեմ, որ Հարավային Ավստրալիա, Հարավային Ուելս նահանգները ճանաչել են  Հայոց ցեղասպանությունը:  Մեր նպատակն է տարբեր նահանգներում ընդլայնել աջակիցների շրջանակը, որպեսզի Ավստրալիայի մյուս նահանգները նույնպես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը:  

-Արցախի ճանաչման ուղղությամբ ի՞նչ ծրագրեր ունեք նախատեսած: Տարիներ առաջ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանական պատվիրակությունը եղավ Հայաստանում, այցելեց  Արցախ: Արդյո՞ք նման այցելություններ այս տարի ևս նախատեսվում են:

-Այս տարի հատուկ ուշադրություն ենք դարձնելու Արցախի ճանաչման հետ կապված հարցերին: Վերջերս նկատվում է, որ տեղի լրագրողները հետաքրքրված են Արցախի թեմայով: Ներկայցուցիչների պալատում, Սենատում նույնպես տարբեր առիթներով խոսվեց Արցախի մասին: Կարծիքները տարբեր են` և’ հայանպաստ դիրքորոշումներ կան, և’ հակառակը: Ներկայացուցիչների պալատից  Ջոն Ալեքսանդրը դրական շեշտադրումներով է խոսում Արցախի մասին, նույնը Ջո Բուլոկի մասին կարող եմ ասել: Իհարկե, կան պատգամավորներ, որոնց դիրքորոշումը հայանպաստ չէ,  ինչպես օրինակ, Արևմտյան Ավստրալիայից Լյուկ Սիմփկինս, ով ավելի շատ Ադրբեջանի կողմն է:

Ընթացիկ տարում մենք նախատեսում ենք Արցախի թեմայով հանդիպումներ, ցուցահանդեսներ, որ կառավարությունը լիարժեք պատկերացում ունենա Արցախի մասին: Ցավոք, Ջո Բուլեկը հայտարարել է, որ պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից, բայց մենք սենատրոների շրջանում շարունակելու ենք աշխատանքը` ընդլայնելով հայամետ դիրքորոշում ունեցող պատգամավորների շրջանակը:

-Իսկ ինչպիսի՞ն է ադրբեջանական, թուրքական հակազդացեությունը:

-Բավական ակտիվ: Գնալով այդ հակազդեցությունն ուժեղանում է, մեծ ռեսուրսներ են ծախսում: Բայց մենք միշտ պատրաստ ենք առաջին գծում լինել, ոչ պակաս ակտիվ աշխատանքով ենք ներկայանում նաև մենք: Հետևում ենք սոցիալական ցանցերին, մեդիային, որ Արցախի, Հայոց ցեղասպանության մասին ճիշտ պատմություններ ներկայացվեն: 

Աննա Գզիրյան 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]