Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում Պլյուշչենկոյին աստղ «նվիրեցին». «Սառույցի թագավորները» աննախադեպ շոուն հիացրեց ներկաներին

Երևանում Պլյուշչենկոյին աստղ «նվիրեցին». «Սառույցի թագավորները» աննախադեպ 
շոուն հիացրեց ներկաներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհնարին և ինքնատիպ հնարքներ, յուրահատուկ ու հետաքրքիր շոու. Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 5-ին ներկայացվեց «Սառույցի թագավորները» սառցե շոուն: Յուրահատուկ և հետաքրքիր միջոցառմանը մասնակցեցին գեղասահքի և երաժշտարվեստի աստղերը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ եկել եք, սիրում եք գեղասահքը, գեղեցիկ երաժշտությունը, ինձ: Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ես Երևանում հաճախ չեմ լինում, բայց դուք յուրօրինակ ժողովուրդ եք, ես ձեզ շատ եմ սիրում, դուք հյուրընկալ եք, բարի»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ` համերգի ընթացքում նշեց աշխարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն` շնորհակալություն հայտնելով «Սառույցի թագավորները» նախագծի մտահղացման հեղինակ, պրոդյուսեր Արի Զաքարյանին: Ճանաչված գեղասահորդի յուրաքանչյուր ելույթ ընդունվում էր բուռն և անվերջ ծափահարություններով:

Շոուի գլխավոր հերոսը` Պլյուշչենկոն, ներկաներին գերեց ինքնատիպ կատարումներով.Il Volo խմբի «Grande amore» («Մեծ սեր») երգի ներքո ելույթը ևս մեկ անգամ փաստեց, որ նրա մեծ սերը գեղասահքն է:

Շոուի ընթացքում միջոցառման կազմակերպիչներից «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը Եվգենի Պլյուշչենկոյին հանձնեց սերտիֆիկատ, որը վկայում է, որ «Կարիճ» համաստեղությունում գեղասահորդի անունով աստղ է անվանակոչվել:

Սառցե շոուին, բացի Պլյուշչենկոյից, մասնակցեցին երգիչներ Դիմա Բիլանը, Հայկոն, գեղասահորդներ Իրինա Սլուցկայան, Անաստասիա Գալուստյանը, Գև Մանուկյանը, Բրիան Ժուբերը,  ջութակահարներ Էդվին Մարտոնը, Էդգար Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը և այլք: Իրադարձությունն իր ներկայությամբ պատվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

Յուրաքանչյուր համար փոքրիկ ներկայացում էր` լուսային էֆեկտների և համաշխարհային երաժշտարվեստի լավագույն նմուշների ուղեկցությամբ: Շոուի ընթացքում չանտեսվեց նաև հայկական երաժշտությունը, որն ուղեկցեց «սառույցի թագավորների» որոշ ելույթներ: Սառցե շոուի ընթացքում ներկայացվեցին նաև ակրոբատիկ` առաջին հայացքից անհնար թվացող և վտանգավոր հնարքներ: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան նաև Հայաստանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցի սաները. նրանց ելույթը նույնպես պակաս դիտարժան չէր: Երեկոյի ընթացքում յուրահատուկ հարգանքի տուրք մատուցվեց նաև երգիչ Մայքլ Ջեքսոնին:

Առանձնակի ոգևորությամբ հայ հանդիսատեսն ընդունեց երգիչ Դիմա Բիլանին, ով կատարեց մի քանի հայտնի ստեղծագործություն: 2008 թվականին «Believe» երգով եվրատեսիլյան բեմը գերած երգիչը կատարեց նաև այդ ստեղծագործությունը` ջութակահար Էդվին Մարտոնի և գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի հետ վերհիշելով հաղթանակը: «Դուք հիասքանչ եք, շնորհակալ եմ»,-բեմից նշեց Դիմա Բիլանը:

«Սառույցի թագավորները» աննախադեպ շոու էր Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ: Նախագիծը միավորել էր տարբեր ուղղությունների ամենաբարձրակարգ պորֆեսիոնալ գեղասահորդների, ովքեր համաշխարհային հռչակ են ձեռք բերել: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել են մարզիկների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը:  

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]