Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կրթության և գիտության փոխնախարարը պարգևատրել է «Մեկ դար և ավելի...» մրցույթի հաղթողներին

Կրթության և գիտության փոխնախարարը պարգևատրել է «Մեկ դար և ավելի...» մրցույթի 
հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում փետրվարի 12-ին տեղի է ունեցել Համահայկական մանկապատանեկան նկարչական 5-րդ մրցութ-փառատոնի հաղթողների պարգևատրման արարողությունը: «Մեկ դար և ավելի...» խորագրով փառատոնն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառման ներկաներին ողջունել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: «Հայ ժողովրդի ներկայիս գոյությունը ևս մեկ ապացույց է, որ մենք հաղթել ենք պատմությանը և ցույց տվել, որ մեզ անհնար է բնաջնջել. մենք կանք և կլինենք»­,- նշել է Մանուկ Մկրտչյանը՝ մրցույթի մասնակցության համար շնորհակալություն հայտնելով բոլոր աշակերտներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկաներին ողջունել է նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության թանգարան­-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը. «Քանի դեռ կա հիշողությունը, հիշողության ուժը, մենք չենք կարող հանգստանալ: Յուրաքանչյուրս պետք է հասկանա կարևոր մի բան. ինչպես փոխանցել հիշողությունը, ինչպես փոխանցել պայքարի մղումը: Եղեռնից փրկված ազգը կարողացավ վերգտնել իր ուժը և 20-­րդ դարի վերջին ստեղծել իր պետականությունը: Խորհրդանշականն այն է, որ 2015 թվական­ին կարողացանք հավուր պատշաճի իրականացնել հիշատակի արարողությունները, իսկ այս տարի պետք է նշենք ՀՀ 25-­րդ տարեդարձը: Սա նույնպես պարտավորեցնող է»,- նշել է Հայկ Դեմոյանը:

Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ ԿԳՆ Գեղագիտական ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:

Մրցույթի մասնակիցներից ակնկալվում էր իմաստավորել անցյալը և պատկերել իրենց սպասումներն ապագայից: Հնարավոր էր նաև անդրադարձ Հայոց  ցեղասպանության թեման արտացոլած գրողներին, պոետներին և նրանց ստեղծագործություններին, գաղութների, մշակույթի և քաղաքական, մասնավորապես, Հայ Դատի պատմությանը, ինչպես նաև ապագայի մասին պատկերացումներին:

Հաշվի առնելով թեմայի կարևորությունը` մրցույթին ներկայացվել են միայն նախագծային աշխատանքներ (մեկ թեմայի կամ առաջարկության շուրջ խմբակային աշխատանք), որոնք նպաստում են  կոլեկտիվում միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:

Մրցույթի առաջին փուլում ներկայացվել են Հայաստանի 97, Արցախի 5 և Սփյուռքի 13 երկրների (Ռուսաստան, Աբխազիա, Ուկրաինա, Ուզբեկստան, Ղազախստան, Վրաստան, Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իրաք, Իրան, Լիբանան) 36 դպրոցների աշխատանքներ: Ներկայացվել են նկարներ, գոբելեններ, քանդակներ, և այլն:

Ընտրության արդյունքում ցուցահանդեսի են ներկայացվել Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոնցների շուրջ 250 նկարներ (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեններ, 4 քանդակներ և 8 օբյեկտներ:

Մրցույթի երկրորդ փուլում ընտրվել է 15 հաղթող, 16 հաստատություն արժանացել է խրախուսական, իսկ 8-ը՝ ակտիվ մասնակցության համար մրցանակների: Մրցույթ-փառատոնի անցկացման աշխատանքներն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Գեղագիտության ազգային կենտրոնը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]