Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական համակարգի բարելավման մասին

ՀՀ Նախագահը խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի և դատական համակարգի բարելավման 
մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես  քաղաքացիների հիմնական իրավունքները և ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը պաշտպանության կարիք ունեն: Նախևառաջ՝ պաշտպանություն կոռուպցիայից, որ ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն: Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք սկսել ենք ձևավորել այդպիսի պաշտպանիչ մեխանիզմ: Դրա կենտրոնական մասը պետք է լինի դատարանը: Մենք պետք է ձևավորենք ժամանակակից արդյունավետ դատարան, որը կգործի նորացված Սահմանադրության համաձայն և կհամապատասխանի ժամանակակից պատկերացումներին: Մենք նաև պետք է ձերբազատվենք օրենքի և դատարանի հանդեպ կասկածամիտ, երբեմն անգամ քամահրական վերաբերմունքից, որ դարձել է մեր տխուր «ավանդույթը»: Անհրաժեշտ է ստեղծել նորմալ աշխատանքային պայմաններ գործող իրավապահ կառույցի համար՝ վճռականորեն ազատվելով խաբեբաներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահի խոսքով`  իրավապահ մարմիններում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը պետք է բարձրացնենք որակական նոր մակարդակի: Անհրաժեշտ է վերացնել անօրինական ազդեցությունը դատական ակտերի վրա, ինչպիսի գաղափարներով էլ թելադրված լինի այն: «Այստեղ էլ մենք առաջընթաց ունենք, բայց ավարտին հասցնել է պետք գործընթացը: Ի վերջո, դատական համակարգը ինքնուրույն կարող է հասկանալ՝ որն է պետության շահը, և որն է կոռումպացված վարչարարի կամ գործարարի եսասիրական շահը: Անհրաժեշտ է սովորույթի մակարդակի հասցնել հարգանքը քաղաքական մշակույթի հանդեպ, հարգանքը օրինապահության, ուրիշների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի հանդեպ: Հենց դատարաններն են հասարակական աջակցության շնորհիվ առաջին հերթին կոչված ազատելու երկիրը կոռուպցիայից: Դա, իհարկե, բարդ խնդիր է: Սակայն լուծելի: Այլ երկրներում այս խնդիրը լուծել են»,- հավելել է Նախագահ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ 2012 թվականին ստեղծված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը  երկրում պատասխանատու, սակայն մարտահրավերներով լի առաքելություն ստանձնեց՝ ապահովելով պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հրապարակայնությունը, ինչպես նաև նրանց գործունեության թափանցիկությունը: «Այս համատեքստում ժամանակավրեպ չի լինի, եթե խոսենք շահերի բախման դեպքերի բացահայտման և կանխարգելման առավել արդյունավետ գործիքների ստեղծման անհրաժեշտության մասին: Էթիկայի հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը, կարծում ենք, նոր լիցք կհաղորդի այս կարևորագույն գործին՝ ապահովելով առաջադրված բարդ խնդիրների լուծման միջոցների համարժեքությունը»,- ընդգծել է ՀՀ Նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]