Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է դառնալ չեխական գործարար համայնքի շահերի կենտրոն. նախարար

Հայաստանը պատրաստ է դառնալ չեխական գործարար համայնքի շահերի կենտրոն. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կողջունի չեխական կապիտալի ընդլայնումը իր տնտեսությունում: Այս մասին «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա շեշտեց, որ վստահելի գործընկերային հարաբերություններ հաստատելու առումով Հայաստանը հեռանկարային գործընկեր կարող է լինել Չեխիայի համար: «Մեր երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման ներուժ ունեն: Կարող եմ վստահորեն ասել, որ Հայաստանում ձևավորվել է բարենպաստ ներդրումային ու գործարար միջավայր»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ Հայաստանը հասցրել է իր համար բացահայտել չեխական մի շարք ընկերություններ ու ապրանքանիշեր: Նա ընդգծեց, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է` կրթված ու աշխատասեր մարդկային ռեսուրսներով, ինչպես նաև տարբեր երկրների հետ բարենպաստ գործակցության ձևաչափերով:

Նախարարը չեխ գործարարներին տեղեկացրեց, որ Հայաստանն ազատ առևտրի համաձայնագրեր ունի ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ, նախորդ տարվանից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես նաև օգտվում է Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից: «Հայաստանի ինտեգրումը ԵԱՏՄ-ին նոր հեռանկարներ կարող է բացել օտարեկրյա ներդրողների համար, որոնք Հայաստանի տնտեսական տարածքով կարող են ավելի դյուրացված կարգով դուրս գալ վերոնշյալ շուկա»,-ավելացրեց Ճշմարիտյանը:

Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը` նախարարը նկատեց, որ դա նոր հնարավորություն է Հայաստանում գործող տեղական ու օտարերկրյա գործարարների համար: «Հայաստանը պատրաստ է դառնալ միջազգային, այդ թվում` չեխական գործարար համայնքի շահերի կենտրոն: Այստեղ բարենպաստ ներդրումային միջավայրին կարող է ավելանալ ավանդական հայկական հյուրընկալությունն ու գործարարների և նրանց ընտանիքների կացության համար հարմարավետ պայմանների ստեղծումը` արևմտյան ու արևելյան մտածելակերպի ու ապրելաոճի միախառնմամբ»,-փաստեց նախարարը:

Նա առաջարկեց խոշոր չեխական ընկերություններին դիտարկել Հայաստանում գլխամասային կենտրոններ հիմնելու հնարավորությունները:

Փետրվարի 11-12-ին Հայաստան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, որի շրջանակներում անցկացվում է «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողովը: Հայաստան են ժամանել նաև Չեխիայի տնտեսական պալատի փոխնախագահը, առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրենը ԱՊՀ երկրներում, չեխական 27 ընկերությունների ներկայացուցիչներ: Չեխ գործարարները ներկայացնում են բանկային ու ներդրումային, վերգետնյա ռազմական տրանսպորտային միջոցների, արտահանման ապահովագրության, ցողունային բջիջների հետազոտության, բիզնես խորհրդատվության, էլեկտրաէներգիայի, քաղցրավենիքի արտադրության, երկաթուղային և օդային բեռնափոխադրումների կազմակերպություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]