Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը հավանության է արժանացրել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը

Կառավարությունը հավանության է արժանացրել գործարար միջավայրի բարելավման 
միջոցառումների ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 11-ին վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին: Կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ: Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, ՓՄՁ-ների աճին, արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն:

Կվերանորոգվեն «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները 

Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ, և հանձնարարել է պատասխանատուներին վերանորոգման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնել: 

ՀՀ վարչապետի 2016թ. հունվարի 8-ի հանձնարարականի կատարումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. մարտի 31-ը, ապահովելու, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների որակի բարձացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է նշված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումների գործընթացն իրականացնել պարզեցված ընթացակարգով: Բացի այդ, առաջարկվում է, որ մինչև 50 մլն դրամի շինարարական աշխատանքների պարագայում վերը նշված նախագծային աշխատանքներն իրականացվեն տեղերում՝ մարզպետարանների կողմից: Ողջունելով քաղաքաշինության նախարարության մոտեցումը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ լիազորությունների ապակենտրոնացումը հնարավորություն է տալիս տարածքային կառավարման մարմիններին իրենց մասնակցությունը բերել նախագծային աշխատանքներին:

 Կբարելավվի մատուցվող բժշկական ծառայությունների որակը

 

Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների մատուցված ծառայությունների որակի բարելավման և բարձրացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բժշկագիտության շարունակական զարգացման զուգընթաց լաբորատոր-ախտորոշիչ տեսակների և հետազոտությունների ներդրմամբ, նոր արտահիվանդանոցային բժշկական կաբինետների ստեղծմամբ:

Ընդհանուր առմամբ, կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` լաբորատոր-ախտորոշիչ տեսակների տարանջատում, սարքավորումների և գործիքների հագեցվածության սահմանում, տեխնիկական պահանջների ու պայմանների նորացում, պարզեցում, կրճատում, համապատասխանեցում ժամանակակից նորագույն սարքավորումներին և բժշկական պահանջարկին, միջին բուժաշխատողների վերջին 5 տարվա ընթացքում պարտադիր համապատասխան վերապատրաստում: 

2016թ. ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այս տարվա համար ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում կատարվել է, մասնավորապես, հետևյալ փոփոխությունը` հանվել են «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված» բառերը: Որոշմամբ բարելավվել է նաև փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը նրա ժառանգին վճարելու հանգամանքը:

Շարունակվում է սփյուռքի հայկական կրթօջախներին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ծրագիրը

Գործադիրը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի 2016թ. ֆինանսավորման չափը: Ծրագիրն ուղղված է բավարարելու սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և ավելի քան 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը: 

Մեկ այլ որոշմամբ էլ հավանության է արժանացել «Սփյուռք ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագիրը, որի նպատակն է հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությանն օժանդակելը, համայնքներում առկա ներուժի հաշվառումը, համախմբումը և այլն: Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016թ.-ին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելուն: Նկատի ունենալով, որ օրենսդրության մեջ բացակայում է «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը, առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը: Միաժամանակ դրա համար ավելի բարենպաստ օրենսդրական միջավայր ստեղծելու նպատակով առաջարկվում է գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից սոցիալական գովազդ տարածելու դեպքում: Այն դեպքերում, երբ գովազդակիրը դատարկ գովազդային վահանակները զբաղեցնում է իր կազմակերպության գովազդով՝ առաջարկվում է տուրքի չափ սահմանել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ը: Այս մոտեցումները կնպաստեն նաև համայնքների տարածքներում դատարկ գովազդային վահանակների նվազմանը: 

Կառավարությունը հավանություն է տվել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամավոր փրկարարները իրենց մշտական աշխատանքային վայրում պահպանում են իրենց աշխատատեղը և փոխհատուցվում են պետության կողմից: 

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծն ուղղված է երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:

Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի՝ կողմերը միջոցներ կձեռնարկեն խթանելու համագործակցությունը հետազոտությունների և զարգացման, արտադրության, նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտներում:

Կհստակեցվեն հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը

Արդարադատության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում առկա բիզնես գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հանդես է եկել կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ՝ հստակեցնել հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը:

ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև անշարժ գույքի կադաստրի ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, մասնավորապես, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնողների որակավորմանն առնչվող կարգավորումները: Ըստ այդմ առաջարկվել է՝ ուժը կորցրած ճանաչել իրավաբանական անձի կողմից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու մասին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկացնելու մասին դրույթը, սահմանել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի ձև, ինչպես նաև ապահովել վերջինս և կից փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերի շարքում ավելացնել պետական տուրքի անդորրագիրը, հաշվի առնելով, որ այն փաստացի պահանջվում է ներկայացնել: Այդ փոփոխություններն ու լրացումները կնպաստեն ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը, առկա խնդիրների վերացմանը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատմանը: Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի առցանց ներկայացումը դյուրացնելու նպատակով մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է առցանց դիմումի լրացման էջում ներկայացվելիք փաստաթղթերը խմբավորել ըստ գործարքի տեսակների, ինչպես նաև փոխարինել «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով:

Այլ որոշումներ

Կառավարությունը չեղյալ է ճանաչել «ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշումը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, պետք է լուծվի «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Ըստ հիմնավորման, նման որոշում ընդունելը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: 

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Նախագահի աշխատակազմ: Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, մասնավորապես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից հաստատված առաջնությունների ցանկում ավելացել են եվրոպական խաղերը, որոնք կանցկացվեն 4 տարին մեկ անգամ: Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ անհրաժեշտ կլինի ամսական 120.000 դրամ: Որոշ մարզաձևերում անցկացվում են և´ երիտասարդների Եվրոպայի առաջնություն, և´ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Վերջինս իր կարևորությամբ չի զիջում երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և անհրաժեշտություն է առաջացել կարգադրության հավելվածներում ընդգրկելու նշված մրցումները՝ հավասարեցնելով երիտասարդների Եվրոպայի առաջնության հետ:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կառավարման համակարգում խորհրդի գործունեության ճկունության ապահովման նպատակով գործադիրը լրացում է կատարել 2010թ.-ին ընդունած համապատասխան որոշման մեջ:

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, գործող օրենքում գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության, որի արդյունքում առաջացել են պետական և մասնավոր գերեզմանատներ հասկացությունները: Օրենքով սահմանվել են նաև դրանց ստեղծման, կազմավորման, գործունեության կազմակերպման նախադրյալները ու վերջիններիս նկատմամբ ներկայացվող պարտադիր պահանջները: Օրենքով վերապահվել են մի շարք իրավունքներ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` մասնավոր գերեզմանատան գործունեության կազմակերպման համար: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]