Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

«Ճամփորդ»-ը, շախմատն ու տատիկ-պապիկը. Արիանա Կաոիլին ցանկանում է ոգեշնչել մարդկանց ապրել Երևանում

«Ճամփորդ»-ը, շախմատն ու տատիկ-պապիկը. Արիանա Կաոիլին ցանկանում է ոգեշնչել 
մարդկանց ապրել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա աշխատասենյակում միահյուսվում են Հայաստանը, Արցախ աշխարհը և Ավստրալիան: Տատիկ-պապիկի արձանիկը, ավստրալական կենգուրուն, Արարատը տեսած հայկական դրոշն իրենց ուրույն տեղն են զբաղեցնում նրա սենյակում: Բայց աշխատասենյակի սրտում մեկ այլ, յուրահատուկ բան է գրավում հայացքդ` շախմատի գեղեցիկ տախտակը: Տախտակին շարված զինվորները կազմ պատրաստ շտապում են ենթարկվելու շախմատիստուհի Արիանա Կաոիլիի «հրամանին»:

Կաոիլին հաջողակ և խելացի կնոջ դասական օրինակ է. վերջերս նա երևանցիներին հաճելի և յուրահատուկ անակնկալ մատուցեց: Այսուհետև երևանյան հանրային տրանսպորտում հնարավոր է անվճար ձեռք բերել «Ճամփորդ» շաբաթաթերթը, որի խմբագիրն է հենց շախմատիստուհին: Թերթի առաջին համարում Արիանա Կաոիլին հասցրել է հանդես գալ հետաքրքիր խմբագրականով:

«Ապրելով Հայաստանում ես նկատեցի, որ մենք չունենք լավ որակի տպագիր մեդիա զանգվածների համար: Մեր թերթը բովանդակության առումով համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Այստեղ կգտնեք դրական, հետաքրքիր նորություններ: Ես շատ դեղին մամուլ եմ տեսել և իսկապես անհետաքրքիր բաներ: Ուզում էի ստեղծել մի նոր մշակույթ, այն է` խոսել երևանյան բոլոր հետաքրքիր բաների մասին: Շատ մարդիկ ինձ հարցնում են`ինչու ես ապրում Երևանում, դու ապրել ես Սիդնեյում`աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: Եվ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչու եմ սիրում այստեղ ապրելը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում պատմում է նորաստեղծ թերթի գլխավոր խմբագիրը: Արիանա Կաոիլին փաստում է` ցանկանում էր ցույց տալ Երևանի նկատմամբ իր սերը, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչու է սիրում այստեղ ապրել:

«Մյուս պատճառն այն է, որ ես հայրենադարձությանն եմ հավատում, նրան, որ սփյուռքը վերադառնա Հայաստան: Ես հաճախ եմ լսում, որ որևիցե մեկի բարեկամը գնում է Մոսկվա, Փարիզ և այլն, բոլորը մեկնում են, բոլորն ուրախ չեն Երևանում ապրելու համար: Ես ռեալիստ եմ, բայց ուզում եմ ցույց տալ այն լավ, դրական բաները, որոնք տեղի են ունենում Երևանում: Եվ տալ բովանդակություն, որը հետաքրքիր է. մի բան, որը դեղին մամուլ չէ և քաղաքական չէ: Ես մտածում եմ, որ հայկական մեդիան նոր թարմ մշակույթի կարիք ունի: «Ճամփորդ»-ը թարմ է և ոգեշնչող: Ես ուզում եմ ոգեշնչել մարդկանց ապրել Երևանում»,-նշում է նա:

Արիանա Կաոիլիի խոսքով` երկար ժամանակ պահանջվեց թերթի անունն ընտրելու համար, կատարվեց նաև հարցում տարբեր մարդկանց շրջանում:

«Աշխարհի ցանկացած վայրում թերթ տպագրելը չափազանց դժվար է: Ինձ թվում է` իմ կյանքում ամենաշատը թերթի արտադրությունից եմ սովորել, քան որևէ բանից, որ արել եմ իմ աշխատանքային կյանքում: Շատ դժվար է: Պետք է մտածել` ինչի մասին է պետք խոսել, ինչպես պետք է դարձնել հետաքրքիր` առանց լինելու դեղին կամ քաղաքական մամուլ: Ինձ համար շատ կարևոր է բովանդակությունը, դրա համար ես վարձել եմ լավ թիմ: Եթե բովանդակությունը վատն է, ես կլինեմ բոլորի նման: Թերթն անվճար է և այն կդառնա, չգիտեմ, զուգարանի թուղթ»,-հավելում է շախմատիստուհին:

Արիանա Կաոիլին փաստում է` թերթը մեծ թիմ ունի:

«Երեք խմբագիրներ կան` Մհեր Դավոյանը, Արթուր Ազարյանը և Գոհար Հայրապետյանը: Վերջինս կլինի մեր օնլայն խմբագիրը: Թերթը կունենա նաև կայք: Բայց իմ հիմնական նպատակը տպագիր տարբերակն է: Ես օգտագործում եմ նրանց փորձը և գիտելիքները»,-շեշտում է շախմատիստուհին` հավելելով, որ «Ճամփորդ»-ի թիրախային ընթերցողին հեշտ չէ ընտրել. նրանց թվում են ուսանողները, մեծահասակները, ուսուցիչները, կառավարության աշխատակիցները:

«Ճամփորդ»-ի համար գրել ցանկացողները պետք է պատրաստ լինեն ստեղծել, լինել ստեղծարար, ոչ թե copy-paste-ով զբաղվել: Հաջորդ համարներում ընթերցողները հնարավորություն կստանան կարդալ մշակույթի, արվեստի, պատմության և այն վայրերի մասին, որոնք կարելի է այցելել Երևանում:

«Ամեն շաբաթ մենք ուշադրություն կդարձնենք մեկ վարչական շրջանի վրա`օրինակ` Ավանի, Դավիթաշենի և այլն: Սա շատ կարևոր է: Բոլորն ապրում են տարբեր վարչական շրջաններում, և ես ուզում եմ ընդգծել ամեն վարչական շրջանում ապրելու առավելություններն ու թերությունները: «Ճամփորդ»-ն ուշադրությունը կսևեռի իրական մարդկանց վրա, ոչ աստղերի: Մարդկանց, ովքեր ապրում են օրինակ, Մասիվում, ունեն փոքր բիզնես: Ես ուզում եմ ոգեշնչել»,-վստահ է թերթի գլխավոր խմբագիրը:

Արիանա Կաոիլիին Հայաստանի հետ մեծ և յուրահատուկ զգացողություն է կապում:

«Ես պաշտում եմ մարդկանց, կարծում եմ, որ մարդիկ ոգեշնչող են շնորհիվ ձեր պատմության: Երբ ես 9-11 տարեկան էի ես պատմության սիրահար էի, և ես կարդում էի հայոց պատմությունը: Ես առաջին հերթին սիրահարվեցի ձեր պատմությանը: Երբ եկա Հայաստան` սիրահարվեցի մարդկանց»,-նշում է շախմատիստուհին:

Արիանա Կաոիլիի խոսքով` հայերեն սովորելը շատ դժվար է, ինքը դժվարությամբ է կարդում: Փաստում է` բառերը դժվար են, բայց հասկանում է այն, ինչ ասում են մարդիկ:

«Ես մեծացել եմ շատ վայրերում` Ավստրալիայում, Ֆիլիպիններում,Գերմանիայում, բայց ընտանիքս և ընկերներս Հայաստանի հետ կապ չունեին: Իմ շախմատի ուսուցիչը հայ է եղել, ես Լևոն Արոնյանին հանդիպել եմ մրցաշարերից մեկի ժամանակ: Հայերը լավագույնն են ամենուր»,-վստահ է նա:

«Ճամփորդ»-ի գլխավոր խմբագիրը շարունակում է ակտիվորեն զբաղվել շախմատով, խաղում է, ներկայացնում Ավստրալիան: Շեշտում է` այս տարի շախմատային մրցաշարը Բաքվում է լինելու, հավանաբար չի գնալու: Իսկ շախմատի նկատմամբ սերը չի էլ պակասել:

…Նրա աշխատասենյակում մի հետաքրքիր եռագույն կա: Արիանա Կաոիլին պատմում է, որ Հայաստանի դրոշով բարձրացել է Արարատ լեռը: Գիտի, որ Արարատ բարձրանալը յուրաքանչյուր հայի երազանքն է:

Սիրում է Արցախը. հասցրել է լինել հայկական երկրորդ հանրապետությունում: Նշում է` Հայաստանում իր ամենասիրելի մասն է: Արցախը բնորոշում է որպես հիասքանչ:

Ընդհանրապես, շախմատիստուհին սիրում է լեռներ մագլցել: Վստահ է, որ Հայաստանի լեռներում ինչ-որ յուրահատուկ, գեղեցիկ բան կա:

Ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին ծնվել է 1986-ին Ֆիլիպիններում: Շախմատ խաղալ սկսել է 6 տարեկանից։ Այսօր նա Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից է։ Կաոիլին մասնագիտությամբ տնտեսագետ է։

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]