Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահը դեմ է ԼՂ հարցով միակողմանի բանաձևերին

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահը դեմ է ԼՂ հարցով 
միակողմանի բանաձևերին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին: Կառավարության ղեկավարը կարևորել է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի համագործակցությունը ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ: Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև ՀՀ Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև կապերի հետագա սերտացումը՝ ավելացնելով, որ խորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղվված հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Յան Զահրադիլը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և նշել, որ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքը շահագրգռված է էլ ավելի զարգացնելու ու խորացնելու միջկուսակցական համագործակցությունը՝ այդպիսով նպաստելով նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը: 

Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությամբ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, ինչպես նաև բանաձևերի միջոցով խաթարել բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Իր հերթին, Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի նախագահը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ նշելով, որ դեմ է հարցը այլ միջազգային կառույցների հարթակ տեղափոխելուն և միակողմանի բանաձևեր ընդունելուն: 

Հանդիպման ընթացքում վարչապետ Աբրահամյանը և պարոն Զահրադիլն անդրադարձել են նաև տարածային զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:      


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am