Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Արցախի կառավարությունը խրախուսում է ոռոգման արդի տեխնոլոգիաների կիրառումը

Արցախի կառավարությունը խրախուսում է ոռոգման արդի տեխնոլոգիաների կիրառումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Ասկերան քաղաքում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչապետն իր խոսքում շեշտադրել է, որ կառավարությունն առաջնահերթություն է տալիս գարնանացան միամյա և բազմամյա կուլտուրաների մշակմանը՝ հորդորելով հողամշակներին աշնանացանից անցում կատարել գարնանացան մշակաբույսերին:

«Այս հանդիպումը նախաձեռնել ենք, որպեսզի միասին քննարկենք գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիրները և կառավարության առաջիկա անելիքները: Ակնկալում եմ, որ արդյունքում մեր համագործակցությունն ու աջակցության ծրագրերն ավելի արդյունավետ կդառնան: Մենք խթանում ենք գարնանացան կուլտուրաների մշակումը՝ աջակցություն ցուցաբերելով արտադրողներին թե՛ պարարտանյութերով ու սերմերով, և թե՛ ֆինանսապես, որպեսզի կարողանաք կազմակերպել մշակման աշխատանքները: Նպատակ ունենք դրանով բարձրացնել հանրապետության ինքնաբավության մակարդակը բանջարաբոստանային կուլտուրաների առումով, իսկ այգեգործության համար զարգացման նոր հեռանկարներ ստեղծել: Կառավարությունը, բացի արտադրողներից, ձեռք է մեկնում նաև վերամշակող ձեռնարկություններին, որպեսզի նրանք կարողանան շուկայում իրացնել տեղական արտադրանքը»,- հողօգտագործողներին ուղղված խոսքում ասել է վարչապետ Հարությունյանը:

Անդրադառնալով ոռոգման ջրի սակավության խնդրին՝ կառավարության ղեկավարը հորդորել է ներկաներին բարեխղճորեն օգտագործել եղած պաշարները և համոզմունք հայտնել, որ այդ պարագայում զգալիորեն կավելանան ոռոգովի հողատարածքների ծավալները: Ա. Հարությունյանը հանձնարարել է պատասխանատու պաշտոնյաներին խստորեն վերահսկել ոռոգման ջրի պաշարների օգտագործումը և բարձրացնել դրանց կառավարման արդյունավետությունը:

«Մենք քայլեր ենք ձեռնարկում ոռոգման նոր ենթակառուցվածքների ստեղծման և համակարգի բարելավման ուղղությամբ: Դրան զուգահեռ՝ կառավարությունը, աջակցության համապատասխան ծրագրերի միջոցով, խրախուսում է ոռոգման արդի տեխնոլոգիաների կիրառումը, ինչը կբարձրացնի և՛ ջրային պաշարների կառավարման արդյունավետությունը, և՛ հողերի բերքատվությունը»,- նշել է Ա. Հարությունյանը:

Վարչապետը պատասխանել է հողօգտագործողների հարցերին, փոխանակել մտքեր նրանց հետ: Ելույթով հանդես է եկել նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ ներկայացնելով պետական աջակցության ընթացիկ ծրագրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]