Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անվտանգ համացանցի հարցը բոլորի ուշադրության կենտրոնում է. Գրիգորի Սաղյան

 Անվտանգ համացանցի հարցը բոլորի ուշադրության կենտրոնում է. Գրիգորի Սաղյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում և Հայաստանում անվտանգ համացանցի հարցը բոլորի ուշադրության կենտրոնում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 8-ին նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

«Անվտանգ ինտերնետի վերաբերյալ շատ կարելի է խոսել: Արդեն մի քանի տարի Հայաստանում գործում է safe.am կազմակերպությունը, որը զբաղվում է անվտանգ ինտերնետի գաղափարը տարածելով` հիմնականում դպրոցների միջոցով: Ուսուցիչները ծանոթանում են անվտանգության հիմքերին: Մենք պետք է հասկանանք` մինչ որ տարիքն է անհրաժեշտ իրականացնել սահմանափակում համացանցում և որ տարիքից հետո կարիք չկա իրականացնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գրիգորի Սաղյանը:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահի խոսքով` Հայաստանը կնքել է կիբերհանցագործության դեմ բուդապեշտյան կոնվենցիան, որը թույլ է տալիս ոստիկանական ծառայության հատուկ բաժնին անմիջապես կապ հաստատել այլ երկրների համապատասխան մարմինների հետ և օպերատիվ կերպով կանխել համակարգչային հանցագործությունները:

Հանդիպմանը ներկա Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, «ԻՍՄԱ» ՍՊԸ տնօրեն Էդուարդ Մանուկյանն էլ կարևորեց ոչ միայն անվտանգության հարցերը, այլև էլեկտրոնային հայատառ բառարանների ստեղծումը:

«Լեզուն պահելու միջոցներից են բառարանները: Այսօրվա պայմաններում պետք է ստեղծել էլեկտրոնային բառարաններ: Դրանք նաև ազգապահպանության հարցում են շատ կարևոր, այն դեպքում, երբ սփյուռքում ունենք բազմաթիվ հայրենակիցներ: Արդեն դրանով զբաղվողներ կան, բայց մենք հետ ենք մնում: Պետությունը պետք է այս խնդիրն ուշադրության կենտրոնում պահի»,- նշեց նա:

Փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու օրն է: Հայատառ գրելու օրը համացանցում նշվում է 2012  թվականից: Փետրվարի 8-ն Անվտանգ համացանցի համաշխարհային օրն է: Անվտանգ համացանցի միջազգային օրը նշելու գաղափարը պատկանում է Եվրահանձնաժողովին: Անվտանգ համացանցի համաշխարհային օրվա գլխավոր համակարգողը Insafe (European Safer Internet Network) հասարակական կազմակերպությունն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]