Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին փեթակներ կտրվեն

Սահմանամերձ գյուղերի կարիքավոր բնակիչներին փեթակներ կտրվեն

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ONEArmenia` շահույթ չհետապնդող կազմակերպությունը, որը կենտրոնանում է Հայաստանում կայուն տնտեսություններ ստեղծելու վրա, փետրվարի 3-ին նոր արշավ է հայտարարել Բաղանիս սահմանամերձ գյուղում` մեղվաբուծական գործունեություն սկսելու համար:

Բաղանիսում ապրում է մոտ 800 մարդ: Այդ գյուղը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանից մի քանի կիլոմետր հեռու, և տնտեսական վիճակն այնտեղ ծանր է: Հողերի մեծ մասն անհասանելի է սահմանային խնդիրների, ականների ու դիպուկահարների ժամանակ առ ժամանակ կրկնվող կրակոցների պատճառով: Շրջանում արդյունաբերություն չկա, և աշխատատեղերի պակասը բերում է արտագաղթի բարձր ցուցանիշների. տղամարդիկ հեռանում են՝ աշխատանք փնտրելով մայրաքաղաքում` Երևանում, կամ հարևան Ռուսաստանում:

«Հարկավոր է Բաղանիսում կայուն եկամուտ ապահովող գործունեություն ստեղծել և ընտանիքները ստիպված չեն լինի իրարից հեռու լինել»,- ասում է ONEArmenia-ի հիմնադիր Պատրիկ Սարկիսյանը: «Մեր նպատակն է ռազմավարական նշանակություն ունեցող այս շրջանում ապրող մարդկանց օգնել ապրել ու բարգավաճել սեփական հողում»:

«Bring on the Buzz»-ը հենց դրա մասին է: ONEArmenia-ի և «Սահման» ՀԿ-ի համատեղ դրամահավաք-արշավը Բաղանիսում բնակվող 18 ընտանիքի կապահովի չորսական փեթակով՝ նրանց հնարավորություն տալով ունենալ կայուն եկամուտ և ապահովել իրենց ապրուստը մեղր արտադրելով:

Հավաքված գումարը կուղղվի դեպի Հայաստանում արտադրված փեթակների, մեղվաընտանիքների, մեղվապահության գործիքների և սարքավորումների ձեռքբերումը: 18 ընտանիքներից յուրաքանչյուրը կստանա մանրամասն ուսուցում մեղվապահության մեթոդների մասին և նաև աջակցություն կունենա արտադրված մեղրի գնորդներին գտնելու հարցում:

«Մեր նպատակն է ապահովել կայուն, մնայուն առաջխաղացում»,- ասում է «Սահման» ՀԿ-ի համահիմնադիր Աննա Աղաջանյանը: Նախագծի կայունությունը ապահովելու համար Սահմանի մեղվապահության գիտակը մի տարվա ընթացքում մշտապես կայցելի նոր մեղվաբույծներին՝ տրամադրելով համապատասխան վերապատրաստում ու խորհրդատվություն:

Մեղվապահություն. կայուն գործունեություն Հայաստանի գյուղերի համար

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) մեղվապահությունը նկարագրել է որպես կայուն ապրուստ ապահովելու օգտակար միջոց: Մեղուները բարդ խնամքի կարիք չունեն, քանի որ մեծ մասամբ իրենք իրենց մասին հոգ տանում են: Այնպես որ, մեղվապահությունը լավ է համատեղվում այլ եկամտաբեր գործունեությունների հետ:

Մեղվապահությունը ոչ ժամանակատար է, ոչ էլ չափազանց բարդ. սակայն այն շահութաբեր է: Մեկ փեթակը կարող է տարեկան արտադրել մինչև քսանհինգ կիլոգրամ մեղր, իսկ Հայաստանում մեղրի կիլոգրամը կարելի է վաճառել մինչև յոթ դոլար (մոտ 3500 դրամ): Բաղանիսի նման չունևոր սահմանամերձ գյուղերում, որտեղ մեկ ընտանիքի տարեկան միջին եկամուտը մոտ 500 դոլար է կազմում (մոտ 250,000 դրամ), մեղվապահության բիզնես սկսելը կարող է նվազեցնել արտագաղթի խնդիրը տեղի զարգացման շնորհիվ:

Բաղանիսում 72 փեթակ տեղադրելը ոչ միայն կբարելավի տեղացիների կենցաղային պայմանները: Այն դրական ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա` տարածաշրջան բերելով փոշոտող մեղուների ու այդպիսով երաշխավորելով Բաղանիսի բնական ռեսուրսների պահպանումը:

Նաև հայտնի է, որ մեղուները լավ են զարգանում ոչ արդյունաբերական տարածաշրջաններում, ինչպիսին է Տավուշի մարզը, որտեղ օդը մաքուր է, շրջակա միջավայրն էլ` չաղտոտված: «Առողջ մեղուները օգնում են ապահովել մեղրի որակը»,- բացատրում է Սահման ՀԿ-ի համահիմնադիր Զորջ Տաբակյանը: «Եվ չնայած Հայաստանի գյուղական բնակավայրերում կլիման հարմար է մեղվապահությամբ զբաղվելու համար, դրա ներուժը դեռ պատշաճ կերպով չի օգտագործված»:

Կայունություն ու համայնք

Վերջին չորս տարիների ընթացքում «Սահման» ՀԿ-ն աշխատել է Տավուշի մարզի այլ նմանատիպ գյուղերի հետ, և նրանց աշխատաոճի արդյունավետ լինելն արդեն ապացուցված է: ՀԿ-ի աշխատանքի պատմությունը տպավորիչ է. Բարեկամավան, Բերքաբեր, Չինարի, Այգեձոր ու Ներքին Կարմրաղբյուր գյուղերը արդեն ունեն 30 ջերմոց ու 112 փեթակ:

Համագործակցող երկու ՀԿ-ների համար էլ կարևոր է, որ նախագիծի չսահմանափակվի այդ 18 ընտանիքներով: «Ապագա մեղվապահները արդեն խոսք են տվել օգնել գյուղին` երկու տարվա ընթացքում նվիրաբերելով մեկական կիլոգրամ մեղր յուրաքանչյուր փեթակից»,- ասում է Սահման ՀԿ-ի Աննա Աղաջանյանը: «Նվիրաբերած մեղրը կվաճառվի` տեղի մանկապարտեզին օգնելու նպատակով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]