Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Բարեւ Հայաստան». Սիրիահայ Րաֆֆին նոր շունչ բերեց երեւանյան ակումբային կյանքին

«Բարեւ Հայաստան». Սիրիահայ Րաֆֆին նոր շունչ բերեց երեւանյան ակումբային 
կյանքին

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե դուք ակումբային կյանքի սիրահար եք, ապա հաստատ լսել եք սիրիահայ Րաֆֆիի մասին, ով հարվածային գործիքներով ջազ ու բլյուզ է նվագում եւ իր էներգիայով նոր ու յուրահատուկ լիցք հաղորդում երեկոյին: Րաֆֆին երեւանյան բազմաթիվ ակումբներում է նվագել. ասում է երեւանյան ակումբային կյանքն այլ է. այստեղ կարող է նվագել ցանկացած երաժշտություն, ցանկացած ժանրում: Երեւանյան կյանքի եւ այստեղ ապրելու մասին Րաֆֆին վաղուց է երազել. պատճառը ոչ միայն հայրենիքի հանդեպ սերն է եղել, այլ հանգամանքը, որ ուսանողական-երիտասարդական կյանքն անցկացրել է Երեւանում: Խոստովանում է, որ այն  իր կյանքի ամենապայծառ ու վառ ժամանակաշրջանն է եղել: «Երբ անհոգ ես, երբ ամեն ինչ պայծառ է ու գեղեցիկ, ուժեղ ես ու վստահ, որ կարող ես հաղթահարել ամեն ինչ»,- ասում է նա` հավելելով, որ հետագայում էլ Երեւանն իր հուշերում հենց այդպես է դրոշմվել:


Երեւան առաջին անգամ այցելել է 1987թ. ինժեների մասնագիտություն ստանալու համար: Մասնագիտությունը` մասնագիտություն, բայց Րաֆֆին խոստովանում է, որ սերը երաժշտության հանդեպ ավելի մեծ էր ու համալսարանին զուգահեռ սովորել է նաեւ Երիտասարդական պալատի Ջազային քոլեջում: Եթե Երեւանում երաժշտությունն ընդամենը հոբբի էր, Հալեպում այն դարձավ նաեւ բիզնես: Հալեպում մի քանի բենդերի անդամ էր ու նվագում էր հիմնականում հայկական, հայրենասիրական երգեր: Ասում է` գումար էին վասակում միայն ռեստորաններում նվագելուց: Եկեղեցում, մշակութային ակումբներում եւ դպրոցում միջոցառումներին մասնակցում էին անվճար. դա էլ բարեգործության իրենց ընտրած ուղին էր:


Արդեն հասուն տարիքում եւս երկու անգամ եղել է Երեւանում. յուրաքանչյուր այցելությունից որոշում է կայացրել, որ հաջորդ անգամ գալու է ընտանիքով, տուն է գնելու եւ մշտական հաստատվելու է այստեղ: «Մեր գալը չեղավ այնպես, ինչպես ես էի երազում: Մենք պատերազմից փախանք: Հալեպից հեռանալն այդ ժամանակահատվածում դժվար էր, ընկերներ էին մահացել, հարեւաններ էի կորցրել: Հալեպը ծննդավայրս է, նրա պատերին եմ սովորել, նրա շնչին, մթնոլորտին: Պատերազմի ժամանակ թողնելն ու հեռանալը շատ բարդ էր»,- ասում է Րաֆֆին` հավելելով, որ Սիրիայում է թողել գրեթե ամեն ինչ. այնտեղ են ծնողները, եղբայրն ու նրա ընտանիքը:

Րաֆֆիի խոսքերով իր ընտանիքը շուտ համակերպվեց երեւանյան կյանքին. երեխաներն ընտելացան, կինը սիրեց վարդագույն քաղաքը: Սակայն դժվարն առջեւում էր: Ի տարբերություն Հալեպի, երեւանյան երգարվեստի ոլորտն ավելի զարգացած է, մրցակցությունը` մեծ ու արեւի տակ տեղ ունենալու համար հարկավոր է անդադար աշխատանք:


Sounds of art. Սա այն բենդն է, որին Րաֆֆին անդամակցում է. հինգ հոգանոց խմբի անդամները փորձերը կատարում են Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ փոքր համերգասրահում. համերգներ ունեցել են, այժմ մտածում են լայնամասշտաբ գործեր կատարելու ուղղությամբ: Բացի բենդի գործունեությունից, Րաֆֆին նվագում է նաեւ Stop ակումբում: Ասում է` այսպես իր հոգեւոր քաղցն է հագեցնում: Հանդիսատեսը միշտ լավն է, ճաշակով ու բարեհամբույր: Երգացանկն իրենք են ընտրում, կատարում` սիրով եւ ոգեւորվածությամբ:


Րաֆֆին խոստովանոմ է, որ Հալեպում թողել է հիշողություները, տուն ու հարստություն, Երեւանում գտել եվրոպական կյանք: Ասում է` տարիներ շարունակ ինքն այս երկուսի «միքսն» էր փնտրում, ու առանց մեկի, մյուսի գոյությունը կարծես անիմաստ է թվում: Թե ինչպիսին է լինելու վաղվա օրը` Րաֆֆին չի մտածում: Ապագայի մասին հարցերին չի պատասխանում. ասում է` շատ է մտածել այդ ուղղությամբ, բայց դեռ չգիտի, թե վաղն ինչ ու ինչպես է լինելու: Ասում է` առաջ նման անորոշություն չուներ, միշտ նախօրոք ծրագրեր էր կազմում ու գիտեր` ինչին ինչն է հաջորդելու: Սակայն պատերազմը շատ բան է փոխել նաեւ իր կյանքում: «Մենք ողջ ենք մնացել, բայց կարող էինք զոհվել: Երբ քնում ես ու չգիտես` առավոտյան կզարթնես, թե ոչ, կյանքումդ շատ բան է փոխվում: Էլ չես մտածում շատ հեռու ապագայի մասին: Պատերազմը մտածելակերպ է փոխում, վարքագիծ ու անգամ բնավորություն: Հիմա ես չգիտեմ, թե ինչպիսին է լինելու վաղը»,- ասում է Րաֆֆին ու հավելում, որ երեխաներն էլ դեռ վերջնական որոշում չեն կայացրել: Մեկ անգամ հարցրել է ու նորմալ պատասխան չի ստացել: Ասում է` երկրորդ անգամ նույն հարցը կտա, երբ ինքն արդեն հստակ որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ:   

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները`   Տաթև Դուրյանի 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]