Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նահապետ Քուչակի հայրենները դարձել են նոր ներկայացման հիմք

 Նահապետ Քուչակի հայրենները դարձել են նոր ներկայացման հիմք

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջնադարի հայ մեծ բանաստեղծ Նահապետ Քուչակի անմահ հայրենները դարձել են նոր ներկայացման հիմք: ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո դեկտեմբերի 10-ին Պետական կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ «Հայրեններ» ներկայացման պրեմիերան: Իրադարձությանը մասնակցեցին Ռիտա Սարգսյանը և Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Ներկայացում է, որտեղ կա և’ պար, և’ երգ, օգտագործել ենք Լիլիթ Դանիելյանի երաժշտությունը, որը նա գրել էր ավելի վաղ: Շատ հավանեցի երաժշտությունը, ոգևորվեցի: Ես միշտ էլ սիրել եմ միջնադարյան պոեզիան, հետաքրքիր է սիրո թեման, որի մասին խոսում է Քուչակը, այն ինձ շատ էր հուզում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց «Հայրեններ»-ի բեմադրող ռեժիսոր Արա Ասատուրյանը:

Ներկայացման մեջ օգտագործվել է կոմպոզիտոր Լիլիթ Դանիելյանի երաժշտությունը՝ գրված Նահապետ Քուչակի 12 հայրենների հիման վրա, ևս 6 հայրենների համար օգտագործվել են կոմպոզիտորներ Մայքլ Սթերնսի և Ժան-Միշել Ժառի ստեղծագործություններից դրվագներ:

Լիլիթ Դանիելյանը տեղեկացրեց, որ ներկայացման մտահղացման հեղինակը հենց Ռիտա Սարգսյանն է:

« «Հայրեններ»-ի երաժշտությունը վաղուց կա, դրա հիման վրա անիմացիոն ֆիլմ է նկարահանել Դավիթ Սահակյանցը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, որովհետև նրա հովանու ներքո է ներկայացումն իրականություն դարձել:  Այստեղ կա և’ երաժշտություն, և’ խորեոգրաֆիա, և’ խոսք.այս բոլորի սինթեզն անվանել ենք պլաստիկ ֆանտազիա»,-նշեց Լիլիթ Դանիելյանը:

Նա նշեց, որ Քուչակը պոեզիայում իր առաջին սերն է եղել: «Բազմաթիվ կոմպոզիտորներ, երաժիշտներ անդրադարձել են և դեռ կշարունակել անդրադառնալ նրա անմահ պոեզիային»,-ընդգծեց Դանիելյանը:

Ներկայացման զգեստների և բեմի ձևավորումը կատարել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանը: Մտահղացման հիմքում ընկած է միջնադարի հայ մեծ բանաստեղծ Նահապետ Քուչակի անմահ հայրենների սիրային լիրիկան: Յուրաքանչյուր հայրենը մի փոքրիկ պատմություն է սիրո, խանդի, բաժանման, մենության մասին: Պատմություն այն մարդկանց մասին, ովքեր տեսել են Քուչակի մահը դարեր առաջ և նրանց մասին, ովքեր վկա են նրա անմահությանն այսօր: Ներկայացումը հնարավոր կլինի դիտել նաև դեկտեմբերի 11-ին և 16-ին:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]