1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Ականատեսը». Ձեռքս բռնե երթամ մեր տուն. 105-ամյա վերապրածը սրտում պահում է հայրենի տունը տեսնելու երազանքը

«Ականատեսը». Ձեռքս բռնե երթամ մեր տուն. 105-ամյա վերապրածը սրտում պահում է 
հայրենի տունը տեսնելու երազանքը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը երկու տարի շարունակ «Ականատեսը» հատուկ նախագծի միջոցով ներկայացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության՝ Հայաստանի տարածքում բնակվող վկաների հիշողությունները: Մեր նախագծի շրջանակներում վերջին ականատես-վերապրածին հանդիպելու և նրա պատմությունը ևս ընթերցողին փոխանցելու նպատակով մեր ստեղծագործական խումբն ուղևորվել էր Արագածոտնի մարզ:

ԹԱԹՈՒԼ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային հերոս պարգևած գյուղում` Թաթուլում է կյանքի մեծն մասն անցկացրել ու այժմ մայրամուտն ապրում 105-ամյա Գույնա Մարկոսյանը: Հայտնվելով Թալինի շրջանի Արեգ կամ այժմյան Թաթուլ գյուղի խաղաղ առօրյայում, հետաքրքիր զուգադիպությամբ պարզում ենք, որ մեր ստեղծագործական խմբի ճանապարհին պատահական հանդիպած առաջին մարդը` Սպարտակը, գյուղի ամենատարեց բնակչի 80-ամյա որդին է, ով սիրով համաձայնում է ուղեկցել մեզ դեպի իր հայրական տուն:


Գույնա Մարկոսյանը բնակություն է հաստատել Թաթուլում 1932 թվականից: Յուրահատուկ անուն ունեցող այս կնոջը ոչ պակաս յուրահատուկ և դժվար ճակատագիր է բաժին ընկել: Նա Հայոց ցեղասպանության այն եզակի վկաներից է, ով դեռ ապրում է` աշխարհին հայ ժողովրդի կրած տառապանքների մասին պատմելու անհուն ցանկությամբ ու վճռականությամբ և ում տարիքը թույլ է տալիս հիշել պատառիկներ ջարդի ու տեղահանության տարիներից:

«Ես ծնվել եմ Արևմտյան Հայաստանի Ղարսա Նախճվանում, 1910 թվականին: Եղա մի քանի տարեկան»,- զրույցի սկզբում նշում է Հայոց ցեղասպանության ականատեսը:

Գույնայի ծնողները` Նազարեթն ու Հայկուշը Կարսի նահանգի Նախճվան հայրենի գյուղում զբաղվել են անասնապահությամբ, ինչպես ինքն է բնորոշում մանր եղջերավոր անասուններ` ոչխարներ են պահել: Գույնայի հարազատներից մի քանիսը` պապիկի եղբայրը, նրա ընդամենը վեց ամիս ամուսնացած հարսը, գետի վարարման հետևանքով խեղդվում են Արփաչայի ջրերում:

 Նախքան Թաթուլը` Գույնա Մարկոսյանի ընտանիքը բնակվում է Լենինականի շրջանի Մանթաշ գյուղում: Նա ունեցել է երկու քույր և մեկ եղբայր: Հերմինեն, Նազիկը և Լյուդվիգը մահանում են կարմրուկից: Կարճ ժամանակ անց երիտասարդ տարիքում կյանքից հեռանում են են նաև ծնողները: Գույնան` իր բառերով ասած մնում է որպես միակ «վարդ մանուշակ», որպեսզի ծաղկի:

105-ամյա կինը երկու տարի է, ինչ ծերությամբ պայմանավորված կուրացել է: Նա վստահեցնում է, որ տեսողության առկայության դեպքում կարող էր առավել պատկերավոր ներկայացնել կորսված ծննդավայրը:

 «Ձեռքս բռնե երթամ մեր տունը: Ամեն բանը տեղը տեղին տանեի-բերեի, իմանայիք: Դպրոց, վա՜յ ինչ դպրոց էր, ամբողջ Նախճվան շրջանից էին այնտեղ գալիս: Իսայիլ վարժապետը` դասատու էր, նստում էինք դպրոցի դուռը, հինգ տարեկան էի: Ա՜խ բալա ջան դարդերս…»,- վերհիշում է տարեց կինն ու հավելում, որ Իսայիլ վարժապետն էլ է եղել Արևելյան Հայաստան տեղափոխվածների թվում:

«Այստեղ է գալիս, նա Հայաստան է մահացել: Ջարդին փախն եկավ այստեղ»,- ասում է մեր պատմության հերոսուհին: Գաղթը ստիպում է նրան վերհիշել «անաստված» թուրքերի վայրագությունները. հույզերը տեղի են տալիս. «Վա՜յ, վա՜յ, էլ մի հարցրու, ջարդ, ի՜նչ ջարդին, ինչ էրին»:

Իր հայրենիքի մասին նա անգամ բանաստեղծություն է մեջբերում: «Նախճվան ջան, մեջիդ բերքն էլ առատ, ափսոս թալանվեցիր, Նախճվան..: Հայը սոված-ծարավ ընկավ ամբողջ Հայաստանի դռները»,- ասում է 105-ամյա կինը:

Գույնա Մարկոսյանն ամուսնացել է 13 տարեկանում, իր համերկրացի Վարդգեսի հետ: Թաթուլում միասին ընտանիք են կազմում, ունենում հինգ երեխա: Ամուսնու մայրը ևս Արփաչայի ճանապարհին է զոհվում ջրերի վարարման ժամանակ, սակայն նրան հաջողվում է դեպի ափ նետել ու փրկել երեք երեխաներին:

Վարդգես Մարկոսյանը հայտնվում է ցեղասպանության տարիներին հայ որբերին օգնության ձեռք մեկնած ամերիկյան մանկատանը, ուր նրան ամերիկացիները շատ լավ են վերաբերվել:

 Գույնան «սև օրով», «դառը քրտինքով» աշխատել է գյուղի կոլխոզում: Սեփական ձեռքերով 16 կով վաղ առավոտյան և նույնքան էլ երեկոյան է կթել: Այնուհետև շտապել մյուս աշխատանքներին: Ընտանեկան ալբոմում նա  երիտասարդ տարիների ընդամենը երկու լուսանկար ունի, ողջ կյանքը նվիրել է գյուղատնտեսությանը, երեխաներին:

«Դուշմանս թող իմ քաշածս չքաշե»,- ընդգծում է նա:

«Տղես եկավ բանակից ասեց էլ չտեսնեմ կոլխոզի դռները և կաթի վեդրոն խփեց պատին, այս երեսուն տարին ընտիր, լավ ապրա, կերա-խմեցի, Հայաստան տեղ չմնաց, որ ման չեկա մինչև աչքերս կուրացավ»,- թախիծով պատմում է տատիկը, ում թոռների, ծոռների և նրանց երեխաների ընդհանուր թիվը գերազանցում է հինգ տասնյակը: Այսօր նրա առօրյայի մի մասն էլ անցնում է հենց նրանց հետ «խոսք-խորաթա» անելով, նրանց հոգատարությունն ու սերը վայելելով:

Վաղ տարիքից կյանքի բազում փորձություններ անցած կնոջ վստահեցմամբ` աշխատող մարդը երբեք «քյասիբ» չի մնա: Գույնան հպարտանում է ընտանիքի անդամներով: Վստահեցնում, որ իրենց ընտանիքի անդամներին գյուղում բոլորն են  ճանաչում: Հատուկ հարգանք իր հանդեպ տածում են ոչ միայն գյուղի ղեկավարությունը, այլև բոլոր բնակիչները: Ամուսինը մահացել է 88 տարեկանում, 2002 թվականին: Գույնայի խոսքով` ինքն էլ է «շտապում» ամուսնու մոտ, բայց հարազատները նրա այդ ցանկությանը կտրուկ դեմ են:

Թաթուլը հիմնականում բնակեցված է Արևմտյան Հայաստանից գաղթածներով։ Տեղի բնակչությունն աչքի է ընկնում իր առատ հյուրընկալությամբ, անգամ  անծանոթներին գյուղի բոլոր բարիքներով հյուրասիրելու մեծ ցանկությամբ:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց՝ 2005 թվականից շնորհվող՝ Հանրապետության Նախագահի մրցանակին այս տարի արժանացած ցեղասպանությունը վերապրած կանանց թվում է նաև Գույնան: Նա ցանկանում է, որ իրեն հատկացված մեկ միլիոն դրամն իր մահվանից հետո  ընտանիքն օգտագործի թաղման ծախսերը հոգալու համար, որպեսզի մարդիկ գան  ուտեն-խմեն և հիշեն իրեն:

 Հեղինակ Տաթևիկ Գրիգորյան

  Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]