1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՌԴ-ն գերակատարել է Կիոտոյի արձանագրությունը՝ «արգելակելով» գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով. Պուտին

ՌԴ-ն գերակատարել է Կիոտոյի արձանագրությունը՝ «արգելակելով» գլոբալ տաքացումը գրեթե 
մեկ տարով. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 30  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը գերակատարել է Կիոտոյի արձանագրության գծով իր պարտավորությունները, իսկ երկրի կողմից ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը համեմատական է աշխարհում մթնոլորտի աղտոտման տարեկան գումարային ծավալին: Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Փարիզում ընթացող ՄԱԿ-ի՝ գլոբալ տաքացման թեմային նվիրված կոնֆերանսում: 

 «Մենք գերակատարել ենք Կիոտոյի արձանագրության գծով մեր պարտավորությունները»,- նշել է Ռուսաստանի Նախագահը: Նրա խոսքով՝ 1997-2012 թվականներին ՌԴ-ն «ոչ միայն թույլ չի տվել ջերմոցային գազերի արտանետման աճ, այլև զգալիորեն կրճատել է դրանք, ինչի շնորհիվ  մթնոլորտ չեն արտանետվել գազեր, որոնց ծավալը համարժեք է 40 մլրդ տոննա ածխաթթու գազին»: Համեմատության համար Պուտինը ներկայացրել է 2012թ.-ին աշխարհի բոլոր երկրների արտանետած գազերի ընդհանուր ծավալը՝ 46 մլրդ տոննա: 

«Այսինքն՝ կարելի է ասել, որ Ռուսաստանի ջանքերը թույլ են տվել արգելակել գլոբալ տաքացումը գրեթե մեկ տարով»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, եզրակացրել է ՌԴ Նախագահը:

Նա պարզաբանել է, որ ջերմոցային էմիսիան ՌԴ-ին հաջողվել է զգալի նվազեցնել տնտեսության արդիականացման և էկոլոգիապես մաքուր, էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հաշվին:

«Այդ ժամանակահատվածում մենք կարողացել ենք գործնականում կրկնապատկել երկրի ՀՆԱ-ն: Դրանով ցանկանում եմ ասել, որ միանգամայն հնարավոր է անհրաժեշտ ուշադրություն դարձնել զարգացմանը, ապահովել զարգացումը և հոգ տանել բնության մասին»,- ընդգծել է ՌԴ Նախագահը:

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը «դուրս է եկել աշխարհում առաջին տեղերից մեկը տնտեսության էներգատարողության նվազման տեմպերով՝ 33.4 տոկոս 2000-2014թթ. ժամանակահատվածում»: «Էներգետիկայի զարգացման էներգաարդյունավետության ծրագրի իրականացման արդյունքներով՝ ակնկալում ենք մինչև 2020թ.-ն հասնել ևս 13.5 տոկոս նվազման»,- հայտնել է Ռուսաստանի ղեկավարը:

Նրա խոսքով՝ գլոբալ տաքացման հետևանքները գնալով ավելի զգալի տնտեսական վնաս են պատճառում, քայքայում մարդու ձևավորված սովորական կենսամիջավայրը:

 

«Կլիմայական հիմնախնդրի լուծումից են կախված մոլորակի բոլոր մարդկանց կյանքի որակը, տնտեսական աճը և Երկրի ամբողջ տարածաշրջանների կայուն սոցիալական զարգացումը»,- եզրակացրել է ՌԴ Նախագահը:

«Ռուսաստանը կշարունակի իր ներդրումն ունենալ գլոբալ տաքացման կանխարգելման համատեղ ջանքերում: Մինչև 2030 թվականը մենք ակնկալում են բազային 1990 թվականի համեմատ նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները մինչև 70 տոկոսով»,- ասել է Պուտինը:

Նա հավելել է, որ դրան Ռուսատանը հասնելու է էներգախնայողության ոլորտում մեծ զարգացում ապահովող լուծումների, այդ թվում՝ նոր նանոտեխնոլոգիաների հաշվին: ՌԴ Նախագահը նշել է, որ մշակվել է ածխաջրածնային նանոփողակների հիմքի վրա հավելումների տեխնոլոգիա: «Ըստ փորձագետների գնահատականների՝ այդ տեխնոլոգիայի կիրառումը մինչև 2030 թ.-ն միայն Ռուսաստանում կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները 160-180 մլն տոննայով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավաստելով, որ երկիրը պատրաստ է նման մշակումների փոխանակմանը:

Նրա կարծիքով՝ նոր համաձայնագրում պետք է ամրագրվի անտառների կարևոր դերը՝ որպես ջերմոցային գազերի հիմնական կլանողի: Նա նշել է, որ Ռուսաստանի համար, որը տիրապետում է հսկայական անտառային ռեսուրսների և շատ բան է անում մոլորակի «թոքերի» պահպանման համար, դա հատկապես կարևոր է: Միաժամանակ, Պուտինն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սկզբունքային նշանակություն ունեն վնասակար արտանետումների նվազեցման ուղղությամբ զարգացող երկրների ջանքերը: «Ռուսաստանը նույնպես ծրագրում է ֆինանսական և այլ աջակցություն ցուցաբերել այդ երկրներին՝ օգտագործելով ՄԱԿ-ի մեխանիզմները»,- նշել է նա:

ՌԴ Նախագահը նաև հաստատել է ՄԱԿ-ի հովանու ներքո կլիմայի և բնական ռեսուրսների հիմնախնդիրների թեմայով գիտական համաժողովի անցկացման առաջարկը:

Պուտինն ակնկալում է, որ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնությունը, որը հաջորդելու է Կիոտոյի արձանագրությանը, կմշակվի համատեղ ուժերով, և 2020 թվականից հետո կծառայի բոլոր պետությունների և ժողովուրդների շահերին: Նրա խոսքով՝ Ռուսատանն ակնկալում է, որ կլիմայի վերաբերյալ նոր համաձայնությունը կլինի «համապարփակ, արդյունավետ, իրավահավասար»: «Սատարում ենք նոր համաձայնության երկրաժամկետ նպատակի իրականացմանը՝ մինչև 21-րդ դարի ավարտը գլոբալ ջերմաստիճանի աճը սահմանափակել Ցելսիուսի 2 աստիճանի սահմաններում»,- ընդգծել է ՌԴ Նախագահը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]