Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահան Բաբայանը «Նոր Հայաստան» նախաձեռնությունն արդեն իսկ տապալված է համարում

Վահան Բաբայանը «Նոր Հայաստան» նախաձեռնությունն արդեն իսկ տապալված է համարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բաբայանը կարծում է, որ քաղաքացիական անհնազանդության կոչեր հնչեցնող «Նոր Հայաստան» նախաձեռնությունն արդեն իսկ տապալված է և որևէ հաջողության չի հասնի իր ծրագրերում: Նոյեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նկատեց, որ ներկա աշխարհաքաղաքական լարված հարաբերությունների համատեքստում Հայաստանում բոլորը պետք է միասնական լինեն և զերծ մնան անհնազանդության կոչերից: «Ես կարծում եմ, որ այդ անհնազանդության կոչերը պետք է առաջին հերթին դիտարկել իրավական տեսանկյունից, քանի որ մենք այս պահին գտնվում ենք շատ լուրջ իրավիճակում: Հայաստանը, ցավոք, հայտնվել է աշխարհաքաղաքական լարված հարաբերությունների կիզակետում, և այս պարագայում միակ  բանը, որը մենք պետք է անենք, միավորվելն է: Այս պարագայում սխալ է նման անպատասխանատու կոչեր անելը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաբայանը:

Նա նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն տապալված քաղաքական գործիչ է, ով վերադարձել է և ինչ-որ անպատասխանատու կոչեր է հնչեցնում: «Ես շատ կցանկանամ, որ մեր քաղաքական դաշտում հայտնվեն նոր քաղաքական գաղափարներով երիտասարդներ, ոչ թե գործիչներ, ովքեր մարդկանց անընդհատ կտանեն հանրահավաքների և հետո կգնան աղոթելու,  մարդիկ, ովքեր Բերձորի հայտնի դեպքերից հետո վերադարձել են Երևան ու չգիտես ինչ են ցանկանում անել, կամ Հմայակ Հովհաննիսյանի նման վաղուց մոռացված քաղաքական վերլուծաբանները: Ես կարծում եմ, որ մենք պետք է մերժենք նման մարդկանց: Ես վստահ եմ, որ այդ գործողություններին մասնակցում են նաև հայրենասեր մարդիկ, ովքեր հավատում են, որ կարող են ինչ-որ բան անել իրենց երկրի համար, և հենց այդ հավատն էլ նրանց մղում է նման գործողությունների դիմել: Սակայն մենք պետք է նման քայլերից հեռու մնանք, որովհետև մեզ միասնություն է պետք, քանի որ ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում ու արկածախնդրությունների գնալու իրավունք չունենք»,- եզրափակեց ԲՀԿ-ական պատգամավորը:

 «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության և ՀԱԿ անդամ Արշակ Մուսախանյանն էլ նշեց, որ իրենք հենց սկզբից համագործակցել են «Նոր Հայաստան» նախաձեռնության հետ ու պատրաստվում են դեկտեմբերի 1-ին մասնակցել նաև նրանց հրավիրած հանրահավաքին: «Սակայն պետք է ասեմ, որ որոշումների կայացմանը մենք մասնակից չենք լինելու, քանի որ մասնակցելու ենք որպես սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքացիական նախաձեռնություն: Մենք պատրաստվում ենք դեկտեմբերի 3-ին «ոչ»-ի շարժման հանրահավաքին, քանի որ այս ընթացքում աշխատել ենք ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի հետ: Մեր հիմնական խնդիրն է ժողովրդին կոչ անել ակտիվորեն մասնակցել հանրաքվեին և «ոչ» քվեարկել»,- եզրափակեց Մուսախանյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]