Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աճեմյանցիները թատրոնի 150-ամյակը նշեցին հոբելյանական հանդիսությամբ

Աճեմյանցիները թատրոնի 150-ամյակը նշեցին հոբելյանական հանդիսությամբ

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատերասեր գյումրեցու համար տարին հոբելյանական է. նշվում է սիրված ու Հայաստանի հնագույն թատրոններից մեկի՝ Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյակը: Գործունեության դար ու կեսը կարժևորվի ու կգնահատվի ողջ տարվա ընթացքում, իսկ պաշտոնական երեկույթը տեղի ունեցավ նոյեմբերի 29-ին: Գյումրեցու հետ ու գյումեցու կողքին թատրոնին ու աճեմյանցիներին շնորհավորելու էին եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ, թատերասերներ: Միջոցառմանը ներկա էր նաև Վարդան Աճեմյանի թոռը:

Տոնի առթիվ բազում շնորհավորանքներից ու նվերներից թատրոնի համար ամենակարևորը, թերևս, նոր բեմն է, փոքր` 80 տեղանոց փորձարարական բեմը, որի բացումը տեղի ունեցավ նույն օրը: Թատրոնի ներկայիս սերունդը, վերաիմաստավորելով անցած ճանապարհը, նորովի  է արժևորում ու զարգացնում ավանդույթները՝ շարունակելով  իր ստեղծագործական ընթացքը ժամանակն ի վեր: Մհեր Մկրտչյանի անունը կրող փորք բեմը հենց երիտասարդ սերնդի դերասանների ու ռեժիսորների համար է: Վերանորոգված, լուսաձայնային սարքավորումներով վերազինված դահլիճն այսուհետ բաց կլինի ցակացած փոքրամասշտաբ ներկայացման համար, իսկ առաջին ցուցադրությունը Մհեր Մկրտչյանի մասին պատմող ֆիլմն էր ու հատվածներ մեծ դերասանի վերջին՝ «Հացթուխին կինը» ներկայացումից:

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը ստեղծագործական յուրօրինակ ձեռագրով ու նվաճումներով լրացնում է հայ թատրոնի տարեգրության ամենալուսավոր էջերը: Այն իր ստեղծագործական գործունեությունն սկսել է դեռևս 1865 թվականին: Իր մեկուկեսդարյա պատմության ընթացքում ձևավորել է թատերական հարուստ ավանդույթներ և հայ բեմին տվել մնայուն ու երևելի անուններ: Թատրոնի պատմության ակնթարթներն ու մեծերը, ներկայացումներն ու լավագույն ներկայացումների մանրակերտերը ներկայացված են թատրոնի ճեմասրահում՝ «Թատրոնը՝ ժամանակի ափի մեջ» լուսանկարերի ու ներկայացումների մանարակերտերի ցուցահանդեսում:

Հոբելյանական երեկոյի մեկնարկն ազդարարվեց Շիրակի թեմի առաջնորդի օրհնությամբ ու համընդհանուր Տերունական աղոթքից հետո: «Հպարտ գյումրեցին միայն երկու վայրում է իր գլխարկը հանում՝ եկեղեցում ու թատրոնում: Յուրաքնաչյուր գյումրեցի իր հոգին ու միտքը կրթել, կրթում  ու շարունակելու է կրթելու այս երկու կարևորագույն հաստատություններում. եկեղեցում կրթում է հոգին, թատրոնում՝  միտքը, բնավորությունը ու դառնում է իրատես: Գյումրու թատրոնը տարբերվում է մյուս բոլոր թատրոններից. այստեղ հանդիսատեսը պարզապես հանդիսատես չէ, այլ բեմադրությանը մասնակից է: Հանդիսատեսը չի գալիս թատրոն պարզապես որպես պասիվ հանդիսատես, այլ գալիս է մասնակիցը դառնալու. դրանով է յուրահատուկ Գյումրու թատրոնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորելով բոլորին` իր խոսքում նշեց գերաշնորհ սրբազանը՝ մաղթելով, որ թատրոնը միշտ մնա Գյումրու կենտրոնատեղիներից մեկը՝ բաբախող սիրտ, ապրող հոգի և մնայուն տեսիլք:

Երեկոյի ընթացքում նույն բերմում էին Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Գյումրու ժողովրդական նվագարանների համույթը, «Բամբիռ» ֆոլք-ռոք խումբը, Վանաձորի «Հորովել» երգի-պարի համույթը: Սակայն, ինչ թատերական հոբելյան առանց թատերական բեմականացման: Իր ստեղծարար ու ուրույն ձեռագրով տարբերվող աճեմյանցիներն այս երեկույթը ևս առանձանցրին հոբելյանական «Դատավարությամբ»: Աճեմյանի անվան դրամատիական թատրոնի դեմ ներկայացված «քաղհայց»-ին ի պատասխան` թատրոնի նվիրյալները խոսում էին թատրոնի ձեքռբերումների, թատրոնի մեծերի ու երբեք չծերացող թատրոնի մասին: Ցուցադրվեց նաև թատրոնի մասի պատմող ֆիլմից մի հատված:

Օրը տոնական էր. հնչեցին բազում շնորհավորանքներ ու պարգևներ  շնորհվեցին քույր թատրոններից: Թատրոնի գործունեության 150-ամյակի առթիվ պարգևների արժանացն նաև թատրոնի նվիրյալները: Պետական պարգևները աճեմյանցիներին հանձնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ նախագահի հրամանագրով «Թատերական բնագավառում ունեցած մեծ վաստակի համար» դերասան Խաչիկ Բադալյանին  ու դերասանուհի  Անահիտ Քոչարյանին շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում, ռեժիսոր, դերասան Ռաֆայել Գրիգորյանին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, իսկ դերասաններ Ռաֆիկ Խառատյանին ու Տիգրան Գաբոյանին` ՀՀ վաստակավոր արտիստ  կոչում, ՀՀ վարչապետի որոշմամբ` ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվեցին թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանն ու դերասան Սամվել Առաքելյանը:

 «Շնորհավորելով հարուստ ավանդույթներ ձևավորած թատրոնի 150-ամյակը` ահով ու դողով ենք հիշում այն անունները, ովքեր ստեղծեցին ու պահպանեցին փառքն այս տաճարի: Մեկուկեսդարյա հոբելյանը թատրոնի և՛ ուրախությունն է, և՛ հպարտությունը և՛ նրա հասունության  ապացույցը, բայց այս տարեթիվը նշանակում է նաև նոր խնդիրներ, ստեղծագործական նոր հորիզոններ, որ բացվելու է թատրոնի նոր հարյուրամյակում»,-իր խոսքում նշեց ՀՀ վարչապետը` շնորհավորելով ինչպես աճեմյանցիններին, այնպես էլ թատերասերներին ու բոլոր գյումրեցիներին՝ առաջարկելով թատրոնի դիմաց տեղադրել նաև Վարդան Աճեմյանի հուշարձանը: Հոբելյանական հանդիսության ընթացքում Հովիկ Աբրահամյանը խոստացավ նաև աջակցել նորաբաց բեմի սարքավորումների հետ կապված խնդրի լուծման հարցում:

Թատրոնին շնորհավորեց և ՀՀ մշակույթի նախարարի պատվոգրեր ու ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալներ հանձեց նաև Հասմիկ Պողոսյանը: «Թատերական ոլորտում այս  թատրոնն ունի իր ուրույն դերը: Չեմ պատկերացնում Գյումրին առանց այս թատրոնի, քանի որ այս թատրոնը հենց այն առաջին հասցեն է, ուր գալիս ես Գյումրի այցելելով: Ցանկանում եմ, որ այս թատրոնը միշտ ստեղծագործի խաղաղ պայմաններում»,-նշեց Հասմիկ Պողոսյանը:

Շնորհավորանքներ ու պատվոգրեր եղան նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից: 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]