Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ,  29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը հագեցած էր բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններով. Հայաստանում վնասազերծվեց իր դաժանությամբ ու կազմակերպվածությամբ նախադեպը չունեցող զինված խմբավորում, Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները կտրուկ լարվեցին` կապված թուրք-սիրիական սահմանում ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման հետ: Հայաստանում իրականացվում են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներն ու բնակչության շրջանում իրազեկման միջոցառումներ: Ամբողջ աշխարհում շարունակվում են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումները: «Արմենպրես»-ը ներկայացնում է այս և շաբաթվա ընթացքում արձանագրված մյուս կարևորագույն իրադարձությունների ամփոփ պատկերը:

Հայաստանում հանցավոր խումբ է վնասազերծվել

Նոյեմբերի 25-ին Shamshyan.com կայքը հաղորդեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծելով մինչև ատամները զինված մի քանի անձանց: Հատուկ գործողությունը կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան: Ավելի ուշ պաշոտանական հաղորդագրություն տարածեց ՀՀ ԱԱԾ-ն` հաստատելով, որ Երևանում հանցավոր խումբ է վնասազերծվել, որը ստեղծել և ղեկավարել է արտասահմանից եկած Արթուր Վարդանյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության հատուկ ուժերը Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցից նոյեմբերի 25-ին ձերբակալված հանցավոր խմբի 10 անդամներին տեղափոխեցին ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր: Ավելի ուշ դեպքի վայր ժամանեց նշված տունը վարձակալությամբ խմբի անդամներին տրամադրած սեփականատիրոջ քույրը, ով բացառիկ մանրամասներ պատմեց լրագրողներին: Գայանե Հախվերդյանը պատմեց, որ տեղեկություն չունի, թե վարձակալները ինչ ազգության ներկայացուցիչներ են եղել, սակայն նշեց, որ պայմանագիրը կնքելիս տանտիրոջը տվել են մի կնոջ անձնագրի պատճենը, ով Նուբարաշենի բնակիչ է, իսկ անշարժ գույքի գործակալին ոչ մի կերպ գտնել չի հաջողվում:

«Արմենպրես»-ն աշխատում էր դեպքի վայրում և ներկայացնում հանցավոր խմբավորման վնասազերծման ու մեկուսարան տեղափոխման վերաբերյալ բացառիկ կադրեր:

Նույն օրվա երեկոյան ԱԱԾ-ն բացառիկ մանրամասներ հրապարակեց զինված հանցախմբի վերաբերյալ` ներկայացնելով նաև նրանց վնասազերծման և Նորքում հայտնաբերված զենք-զինամթերքի մասին տվյալներ: Ըստ հաղորդագրության Արթուր Վարդանյանը, ՀՀ-ում ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով, 2015թ. ընթացքում ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն, դրանում հավաքագրելով հիմնականում չաշխատող ՀՀ 19 քաղաքացիների:

Այս դեպքից հետո Գյումրիում նոյեմբերի 25-ի երեկոյան հատուկ գործողություններ իրականացվեցին Գյումրու Ղորղանյան 83 տանը, որտեղ տեղակայված է «Ռադիո Մարիամ»-ի ստուդիան: Դեռ ամիսներ առաջ ռադիոկայանը հեռարձակել էր հարցազրույց «Հայոց Վահան» կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որտեղ նա խոսում է Քեսաբի ազատագրման մասին: «Ռադիո Մարիամ»-ը հանցախմբի վնասազերծման օրը երեկոյան դադարեցրել էր իր հաղորդումների հեռարձակումը:  

Երևանում զինված հանցավոր խմբի վնասազերծմումը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսացավ, ինչի կապակցությամբ իր վերաբերմունքն արտահայտեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը` նշելով, որ ԱԱԾ-ն ապաքաղաքականացված կառույց էէ, որի բոլոր գործողությունները միտված են ՀՀ-ի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը: «Բացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել  խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել»,-ասաց Հակոբյանը:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը դեպքի վերաբերյալ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց, որ վնասազերծված հանցավոր խումբն իր զինվածության մակարդակով, անդամների թվով և դաժանությամբ նախադեպը չի ունեցել Հայաստանի տարածքում: Նա նշեց, որ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կողմից ձեռնարկվել են խմբի անդամների և գործունեությունը քողարկելու անհրաժեշտ միջոցառումներ, նույնիսկ խմբի անդամներին բաժանվել են գաղտնի հեռախոսահամարներ, որոնցով նրանք կապ են պաշտպանել միմյանց հետ և վարել են հանցագործությունների կազմակերպման հետ կապված խոսակցություններ: Համբարձումյանը նաև տեղեկացրեց, որ խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով:

Միքայել Համբարձումյանը լրագրողներին նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն պարզում է հանցախմբի ֆինանասավորման աղբյուրն ու կապը «Իսլամական պետության» հետ: «Մենք համապատասխան աշխատանք ենք կատարելու այդ առումով: Համապատասխան հարցումներ եւ աշխատանք կկատարենք` պարզելու, թե իրենք կոնկրետ ինչ գործողություն են իրականացրել արտասահմանում, ինչ կապեր ունեն եւ արդյո՞ք մեզ հայտնի կազմակերպությունները որեւէ առնչություն ունեն դեպքի հետ, թե ոչ»,- ասաց նա:

ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը նշեց, որ ծառայությունը ձերբակալել է հանցավոր խմբի 21 անդամի և նրանց մեղադրանքներ են առաջադրվել բավարար ապացույցների համակցության հիման վրա: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ խմբի նախատեսած հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական, քաղաքական անձանց, իշխանության առանձին ճյուղերի ու պետական առանձին մարմինների դեմ:

Նոյեմբերի 27-ին կայացած ասուլիսում Միքայել Համբարձումյանը նաև տեղեկացրեց, որ ԱԱԾ-ն զինված հանցախմբին վնասազերծել է ծրագրված հանցագործությունից մի քանի օր առաջ: Նա նաև հավելեց, որ խումբն անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է եղել ապրիլից, երբ սկսվել է խմբի ձևավորման պրոցեսը:

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 27-ին բավարարեց ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցավոր խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը:

Դատարանը բավարարեց նաև խմբի իգական սեռի ներկայացուցիչներից մեկի` Ասյա Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը: Փաստաբան Ինեսա Պետրոսյանը, ով պաշտպանում է նաև ձերբակալված մյուս երկու կանանց` Մարինե Կատանյանի, Նելլի Մինասյանի շահերը հայտնեց, որ Ասյա Մկրտչյանը կալանավորվել է մինչև 2016թ. հունվարի 25-ը և նրան արդեն տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ:

Նույն օրը դատարանը բավարարեց նաև 34-ամյա Մարինե Կատանյանի նկատմամբ խափանման միջոցը կալանք կիրառելու միջնորդությունը: Նրան ևս տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ: Դատարանն ավելի ուշ բավարարեց հանցախմբի 21 անձանց կալանավորման միջնորդությունները: 21 անձանց թվում էին հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը, Գյումրու Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռուստացանցի համակարգող Արման Հայրապետյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Մանուկ Ավետիքյանը կվավերագրի Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի համար, որն այդ վկայությունները պահպանելու ու տարածելու պայմանավորվածություն ունի Հայկական ֆիլմի հիմնադրամի (The Armenian Film Foundation) հետ: Առաջին անգամ է, որ Հայոց ցեղասպանության մասին շուրջ 400 վկայություն, որոնք հասանելի կլինեն ձայնագրված և տեսագրված տարբերակներով, կներկայացվեն հանրության լայն շրջաններին: 

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին Հռոմի Սանտա Մարիա Մաժորիթի եկեղեցու Քահանայապետական արեւելագիտության իստիտուտում տեղի ունեցավ ինստիտուտի պրոֆեսոր, հայր Ժորժ Անրի Ռույսենի բացառիկ յոթհատորյակի շնորհանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Տորոնտո քաղաքում նոյեմբերի 16-22-ը կայացավ «Նուռ» ֆիլմերի ամենամյա միջազգային 10-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր Ցեղասպանության տարելիցին: Փառատոնի շրջանակներում Տորոնտոյի «Regent» կինոթատրոնում ցուցադրվեց Ֆաթի Ակինի «Սպի» կինոնկարը:

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը լրագրողների հետ հանդիպմանը նոյեմբերի 25-ին հայտարարեց, որ կուսակցությունը մտադիր է ՌԴ պետդումայում քննարկման դնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծ

Նոյեմբերի 19-21-ը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներ կայացան Իտալիայում: Ռովերետոյի ֆիլհարմոնիկ դահլիճում նոյեմբերի 19-ին կայացավ գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում դաշնակահար Անի Մարտիրոսյանի կատարմամբ հնչեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նոյեմբերի 20-ին Տրենտո քաղաքում կայացավ «Հայոց ցեղասպանության 100-ամյակը. 1915-2015» խորագրով գիտաժողովը, որին ներկա էին հազարից ավելի մասնակիցներ:

Նոյեմբերի 26-ին կայացավ ամերիկահայ բանաստեղծուհի Սոնա Վանի «Լիբերտո անապատի համար» գրքի շնորհանդեսը: Ժողովածուն նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց Սոնա Վանն անձանավորել է իր հորաքրոջ միջոցով: «Լիբրետո անապատի համար» բանաստեղծությունների ժողովածուն լույս է տեսել ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Իսպանիայի Վալենսիա նահանգի Ալսիրա քաղաքը նոյեմբերի 25-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` դառնալով Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած Իսպանիայի Թագավորության 12-րդ քաղաքը:  Ալսիրայի քաղխորհրդի նիստում ներկայացված բոլոր 5 կուսակցությունները միաձայն կողմ են քվեարկել «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևին, որով 20-րդ դարի առաջին սպանդը որակվում է ցեղասպանություն եզրույթով և դատապարտվում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը:

ԼՂ հակամարտություն

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հանգստյան օրերին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվեց շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվեց ավելի քան 1300 կրակոց:

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ընդունման հարցին, նշեց, որ Ադրբեջանը խափանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` ԼՂ հիմնահարցի ուղղությամբ իրականացվող ջանքերը: Նա նաև հատկանշական համարեց, որ զեկուցողն արդեն հասցրել է երկու անգամ այցելել Ադրբեջան` զլանալով այցելել Լեռնային Ղարաբաղ, որտեղ նա կարող էր ծանոթանալ իր զեկույցի հիմնական առարկայի` Սարսանգի ջրամբարի իրավիճակին։ «Հստակ է, որ զեկուցողը հետապնդել է այլ նպատակներ: Այլապես նա չէր անտեսի այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նոյեմբերի 18-ին դրական էին պատասխանել դրանից ընդամենը երկու օր առաջ ստացված` այնտեղ այց իրականացնելու գրավոր առաջարկությանը»,-ասել է ԱԳ փոխնախարարը:

Նույն թեմային անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ Եվոպական տարբեր կառույցներ իրենց մեջ ունեն լուրջ խնդիրներ, և նրանց իմունային համակարգը հաճախակի չի աշխատում ադրբեջանական խավիարի ու նավթի հետ հարաբերվելիս, իսկ ԵԽԽՎ-ում Սարսանգի վերաբերյալ կողմնակալ զեկույցը ևս մեկ հարված է ժողովրդավարական արժեքներին:

ԼՂ հակամարտության խնդիրը քննարկվեց նաև Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարների` Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Բրատիսլավ Գաշիչը հայտարարեց, որ լինելով ԵԱՀԿ նախագահող պետություն` Սերբիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Այո և ոչ» հեռուստանախագիծ

«Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում 16 գործիչներ ակտիվ քարոզարշավը շարունակեցին նաև այս շաբաթ: Նոյեմբերի 23-ին` նախագծի 11-րդ օրը, քարոզարշավի հյուսիսային ուղղությունը կանգ առավ Լոռու մարզի Օձուն համայնքում: Չնայած բավականին ցուրտ եղանակային պայմաններին, բնակչությունը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն քարոզարշավի նկատմամբ: Նրանք լսում են բանախոսներին, հարցեր տալիս:

Քարզարշավի շրջանակներում «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները եղան Արարատի մարզում, որտեղ հասարակական ու քաղաքական գործիչներին աղ ու հացով դիմավորեցին: Զանգակատունը ևս իր դռները բացել էր քարոզարշավի մասնակիցների առջև. մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակի տուն-թանգարանում նրանք հարգանքի տուրք մատուցեցին ու հյուրընկալ հարկի ներքո սուրճ վայելեցին: Արարատ գյուղում և Արարատ քաղաքի կենտրոնում կազմակերպվեցին հանդիպումներ բնակիչների հետ:

Օձուն  գյուղի բնակիչների հետ հանդիպմանը «այո»-ի կողմնակից, ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Եղիազարյանը նշեց, որ նախկինում կազմած կոալիցիաները չեն եղել արդյունավետ, քանի որ իշխող ուժը կարողացել է միայնակ ստանալ 50 տոկոս և ավելի ձայն: Վերացնելով մեծամասնական ընտրակարգը` որևէ կուսակցության համար շատ դժվար կլինի հաղթահարել 50 տոկոսի շեմը: Այս պարագայում, կոալիցիա կազմող նույնիսկ ամենփոքր ուժը կունենա որոշիչ ձայն, քանի որ առանց նրա հնարավոր չի լինի կառավարություն ձևավորել: Նա ներկաներին խնդրեց տարանջատել տարբեր քաղաքական գործընթացները: 

Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը ներկայացրեց սահմանադրական նախագծի մի շարք դրույթներ, որոնք մինչ այժմ անտեսվել են: Նա նշեց, որ ցանկացած կառավարություն պետք է իրականացնի ծնելիության և բազմազավակության խթանման հստակ և հետևողական ծրագիր. Հայաստանում այդ քայլերն արտացոլված են Սահմանադրության նոր նախագծում:

Լոռու մարզի Հաղպատ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց սահմանադրական նախագծի այն հիմնական դրույթը, որի ամրագրման համար ընդդիմությունը տասնամյակներ շարունակ պայքարել է: Նա նշեց, որ մեծամասնական ընտրակարգն անհավասար պայմաններ է ստեղծում ընդդիմության և իշխանության միջև: Նոր սահմանադրությունն առաջարկում է վերացնել մեծամասնական ընտրակարգը և Ազգային ժողովը ձևավորել բացառապես համամասնական ընտրակարգով:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը Արմավիրի Մերձավան համայնքում բնակիչների հետ հանդիպմանը հակադարձեց որոշ ընդդիմադիրների այն կարծիքին, թե բարեփոխումների ընդունումից հետո երկրում ստեղծվելու է անիշխանություն, քանի որ կարևոր որոշումների համար պատասխանատու է լինելու ոչ թե նախագահը, այլ պատգամավորները: Նա միաժամանակ նշեց, որ սահմանադրական բարեփոխումները բացառում են քաոսային իրավիճակների առաջացման հնարավորությունները:

Թուրքական զինուժը Սիրիայում ռուսական ինքնաթիռ խոցեց

Թուրքական լրատվամիջոցները նոյեմբերի 24-ին տեղեկություն տարածեցին, թե թուրքական զինուժը կործանել է երկրի օդային սահմանը հատած անհայտ պատկանելության ռազմական ինքնաթիռ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հաստատեց, որ Սիրիայի տարածքում ենթադրաբար ցամաքից արձակված կրակոցներից կործանված ինքնաթիռը պատկանել է Ռուսաստանին` հավաստիացնելով, որ կործանված Սու-24 ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային սահմանը, ինչն ամրագրված է հսկման օբյեկտիվ մեխանիզմներով:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց կործանված ռուսական ռազմական ինքնաթիռի վերաբերյալ: ԶՈւ գլխավոր շտաբից հաստատեցին, որ ինքնաթիռը կորածնել են թուրքական F-16-ները:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված հրթիռով, Սու-24-ը ոչ մի կերպ չէր սպառնում Թուրքիային, այն Սիրիայում գործողություն էր իրականացնում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Պուտինը ռուսական ինքնաթիռի վրա գրոհն անվանեց «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության հետ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր մեջքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել», -ասել էր Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ` ընդգծելով, որ տեղի ունեցածը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների համար:

Պատահարից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը չեղյալ հայտարարեց այցը Թուրքիա:

Այս միջադեպը մեծ արձագանք գտավ միջազգային ասպարեզում: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարեց, որ թուրք-սիրիական սահմանի մոտ Ռուսաստանի ռազմական ինքնաթիռի հետ կապված միջադեպը «շատ լուրջ է», Լոնդոնը շտապ կարգով պարզում է դրա հանգամանքները: Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարեց, որ թուրք զինվորականների կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանման միջադեպը լուրջ պատահար է` հույս հայտնելով, որ այս միջադեպը չի ազդի սիրիական հակամարտության լուծման հարցով «նոր կարգավորված» դիվանագիտական գործընթացի վրա:

Սիրիայում ռուսական օդանավի կործանման կապակցությամբ Հյուսիսատլանտյան դաշինքի արտահերթ նիստից հետո հայտարարությամբ հանդես եկավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ն սատարում է իր դաշնակից Թուրքիային` կոչ անելով պաշտոնական Անկարային և Մոսկվային մեղմել լարվածությունը։ «Դիվանգիտությունը և լարվածության թոթափումը կարևոր են իրավիճակի կարգավորման համար»,-ասաց նա։

Մոսկվայում Թուրքիայի դեսպանին վճռական բողոք հայտնվեց ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարեց, որ Մոսկվան մանրակրկիտ վերլուծության կենթարկի ռուս-թուրքական նախագծերը, այդ թվում՝ Թուրքիայի տարածքում «Աքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցումը: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարեց, որ Ռուսաստանը պատերազմ չի սկսի Թուրքիայի դեմ

Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը, Փարիզում ելույթ ունենալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, նշեց, որ ռուսական ռմբակոծիչի վրա Թուրքիայի օդուժի գրոհը չպետք է ազդի Սիրիայի իրադրության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի վրա: Կանցլերը նաև նշել էր, որ ԻՊ-ի դեմ պայքարելու համար հարկավոր է գործել համատեղ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ Մոսկվայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ռուսական ինքնաթիռները չճանաչել հնարավոր չէ՝ Անկարայի հայտարարությունները համարելով «անհեթեթություն եւ պատրվակներ»: «Դրանց վրա կան ճանաչման նշաններ, եւ դրանք լավ երեւում են: Մենք վաղօրոք, ամերիկյան կողմի հետ համաձայնությանը համապատասխան, տեղեկատվություն ենք հաղորդել, թե որտեղ է գործելու մեր օդուժը»,- հավելել է ՌԴ նախագահը:

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը 2016թ-ի հունվարի 1-ից կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը: «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ներկայումս գործող առանց վիզայի ռեժիմի դադարեցման մասին»,-հայտարարել էր Լավրովը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]