Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սփյուռքի նախարարը կարևորեց երիտասարդների դերը Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում

Սփյուռքի նախարարը կարևորեց երիտասարդների դերը Ցեղասպանության ճանաչման ու 
դատապարտման գործում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության հետ համատեղ անցկացվող Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայկական  երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների երկրորդ համաժողովը նոյեմբերի 28-ին շարունակեց աշխատանքը:  

Համաժողովի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էլ հենց շարունակվեց համաժողովի աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար, կարևորեց երիտասարդների մասնակցությունը Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Նա մասնավորապես նշեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում իրականացվող աշխատանքները տարվում են մի քանի ուղղությամբ.

Առաջինը՝ քաղաքական պայքարն է, որը հաջողությամբ իրականացվում է տարբեր ատյաններում: Երկրորդ կարևոր ուղղությունը քարոզչական գործունեությունն է, որը նույնպես աննախադեպ ակտիվացավ հատկապես վերջին տարիներին:

Երրորդը՝  գիտական, գիտահետազոտական աշխատանքն է, և չմնաց  որևէ հեղինակավոր գիտական հաստատություն ամբողջ աշխարհում, որ չանդրադարձավ այդ թեմաների ուսումնասիրությանը: Չորրորդ կարևոր ուղղությունը տպագրությունները, հրատարակությունները, գրքերն են, այդ թվում նաև օտար գրողների գործերը, որոնց միջոցով աշխարհին ճանաչելի ենք դարձնում մեր պատմությանը:

Մյուս ուղղությունը կրթամշակութային միջոցառումներն են՝ ցուցահանդեսները, համերգները, հանդիպումները: Կարևոր է համայնքային ակտիվ գործունեությունը, որի շնորհիվ այսօր աշխարհում Ցեղասպանության հիշատակը հավերժացնող 400-ից ավելի հուշարձան է կառուցվել: Կարևոր է նաև բոլոր երկրներում, համայնքներում եկեղեցական ձեռնարկների, պատարագների կազմակերպումը: Ահա այս յոթ հարցերի շուրջ համախմբվեց մեր ազգը:

Այս տարի պետք է շարունակենք 100+1, ապա 100+2 նշանաբանով և նաև ձեր մասնակցությամբ  Հայ Դատը պետք է հասցենք հաղթական հանգրվանի»: Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց բանաստեղծուհի Սոնա Վանի պոեզիան ներկայացնող Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված՝ «Լիբրետո անապատի համար» ֆիլմը:

«Հայաստանի շահերի լոբբինգի իրականացում» թեմատիկ քննարկման շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը: Ողջունելով աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին Հայրենիքում մեկտեղելու նախաձեռնությունը՝ նա կարևորեց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին երիտասարդների մասնակցությունը: Նա մասնավորապես նշեց. «Հատկապես կարևոր է ձեր համակարգված, հետևողական աշխատանքը՝ Հայաստանի և հայ ժողովրդի մասին ճշմարտությունը աշխարհին ներկայացնելու գործում: Հակառակորդի դավերն ամենուր են: Թուրքիայի հսկայական ֆինանսական հոսքերն ուղղված են մեր պատմության նենգափոխմանը: Սակայն տարեցտարի ավելանում է Ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարված նպատակասլաց աշխատանքի արդյունքը ցույց է տալիս, որ հայությունը կարող է հասնել լուրջ արդյունքների:

Մեր հայրենիքի և հայ ժողովրդի իղձերի իրականացման համար հետևողական, լուրջ աշխատանքը միջազգային ասպարեզում մեծապես կախված է հայ երիտասարդներից, առանց որոնց ոչ մի աշխատանք լիարժեք չի լինի»:

«Բարեգործություն. սոցիա­­լական ուղղվածու­թյան բիզնեսը՝ որպես բա­րեգործական գործունեության ձև, աջակցություն Հայրենիքին, բիզնեսի տեղափոխություն Հայրենիք» թեմայով զեկուցումով հանդես եկավ Համաշխարհային հայկական Ոստայնի վարչության ան­դամ Իոնա Հոբոսյանը:

Ծավալվեց աշխույժ քննարկում: Ժամանակակից աշխարհում մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ հարցերին պատասխանեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]